ԳՐԻԳՈՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ… ՏՈՒՆԸ
Տունը, տան գաղափարը մարդուն տալիս է ապահովության զգացում, տունը դառնում է այն վայրը հիմնական, որտեղ նա ստեղծում է իր հարազատ միկրոաշխարհը, որտեղ ապրում են իր ամենասիրելի մարդիկ։
Տունը կապում է նրան հողին, երկրին ու նրա բնությանը, սնվում դրանով, ներծծվում այդ էներգիայով ու փոխանցում այնտեղ ապրող յուրաքանչյուր սերնդի։ Թերևս բոլորիս մոտ այդպես է, երբ հեռանում ես երկրից, առաջինը, որ կարոտում ես, տունն է, նրա ապահով, տաք մթնոլորտը։
Խորը հուզական զգացողություններ են փոխանցում այն աշխատանքները գեղանկարչական, որ ցուցադրվում են «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում այս օրերին։ Ցուցահանդեսն այդպես էլ վերնագրված է` «Տուն». հեղինակը Գրիգոր Վարդանյանն է։ Կարելի է ասել, որ նման աշխատանքներ առաջին անգամ են հայտնվում այս ցուցասրահի պատերին։ Անսովոր գեղեցիկ են, անսովոր` իրենց չափսերով, միկրոչափերի հասնող. տարատեսակ թղթերի վրա արված նկարներ` շրջանակված տարաձև` օվալ, ուղղանկյուն, քառանկյունաձև մանրիկ փայտերից, բույսերի ճկուն, նրբագույն ճյուղերից, գուցե և արմատներից ստացված շրջանակներով։ Ներսում, կենտրոնում Տունն է, հողը, արմատները հողում ծառը, բնությունը, հայրենիքը։
Հեղինակի մասին պատմում է ծոռնուհին` Գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Նանե Դավթյանը` պատմում է վարակիչ ժպիտով` մասնագիտական իր ճանապարհին համարելով դա ամենակարևորը։ Եվ որովհետև իր ընտանիքին է վերաբերվում, ցուցահանդեսը նվիրում է տատիկին։
Պապին չի տեսել, չի խոսել, չի շփվել անմիջապես, բայց երբ խոսում է նրա մասին, այդպես չի թվում, այնքան կենդանի ու ջերմ է խոսքը։ Եվ իսկապես, Գրիգոր Վարդանյանի թողած ժառանգությունը, այն նուրբ, գեղեցիկ աշխարհը, որ ստեղծել է նա, շատ բան է ասում հեղինակի զգայուն ներաշխարհի մասին։ Նանեն այդպես էլ գրել է պապի մասին, հուզմունքով ու սիրով, ինչը հեղինակի մանրանկարների ամենափոքր դետալների մեջ է դրված։
«Այս նկարների շնորհիվ իր աչքերով կարողանում եմ նայել բնությանը, աշխարհին, հայրենիքին, ամենը` տան իմաստով։ Ցուցահանդեսը վերնագրված է Տուն` որպես զգացում, որպես մտածելակերպ։ Այս պատկերները փոքրիկ պատուհաններ են, որոնցով իր հիշողությունները, իր կյանքը կարողանում ենք տեսնել»։
Մասնագիտությամբ ճարտարապետ է եղել Գրիգոր Վարդանյանը, տան, կառույցի գաղափարը առնչվում է նաև դրան, իսկ բնությանը մանկությունից է կապված` ծնված և ապրած լինելով գյուղական վայրում։ Հեշտ չեն եղել ժամանակները` դժվար հայթայթվող ապրուստով ու պայմաններով, իսկ հետո պատերազմը 2֊րդ համաշխարհայինի, հասել է մինչև Վիեննա, վերադարձել հայրենիք, ապա և աշխատանք, ընտանիք, տուն։ Բայց հիշողությունները նրան հաճախ են տարել մանկության հարազատ վայրեր, կապը բնության հետ միշտ է եղել։ Այդ հիշողություններն են թղթի վրա վերածվել նոր իրականության։ 90 ֊ ականների խորհրդային համակարգի փլուզումների դժվար, սուղ տարիներին նա իր ներսի ամենամտերիմ, ջերմ զգացողությունները հանձնել է թղթերին, ստեղծել հեքիաթային միկրոաշխարհ, ձեռքի տակ եղածի, պատահածի վրա` լինեին ստվարաթղթի, անձեռոցիկի պատառիկներ, նույնիսկ կոնֆետի թուղթ, թե մեկ այլ բան, նկարել է մատիտով, գրիչով, գուաշով, ջրաներկով։
Լիլիթ Հովհաննիսյանը` հեղինակի թոռնուհին, ասում է, որ երկար ժամանակ ունեցել է ցուցահանդես կազմակերպելու ցանկություն, բայց իրեն չի հաջողվել անել ու շնորհակալ է Նանեին` իրականացնելու դա և հատկապես այն ջերմութան ու սիրո համար, որ նա դրել է իր արածի, իր գրած յուրաքանչյուր տողի մեջ։
Եվ ինչո՞ւ հենց ծոռնուհին է իրականացրել ցուցահանդեսի գաղափարը։
Այս մասին խոսեց ռեկտոր Վարդան Ազատյանը. ծնողներին հաղթահարելու` թոռների հոգեբանական վիճակի շատ հետաքրքիր մոտեցումով, երբ պապի ու տատի հետ կապով թոռը կարողանում է աճել, դառնալ ավելին, քան ծնողները, որոնց համար դա պետք է ուրախության առիթ լինի։ Հիշեց Մկրտիչ Խրիմյանի «Պապիկ և թոռնիկ» երկը, որտեղ պապը ասում է, թե հայրենիքը, տունը դատարկվում են, և որ թոռնիկն է, որ կարող է հասկանալ, լսել, կապը պահել տան հետ և շենացնել հայրենիքը, տունը։ Ծնողի ու երեխայի միջև չի որ կայանում է խոսակցությունը, այլ պապի ու թոռան` որպես տան պահապանի ու շենացնողի։
«Շատ նվիրական կապ է դա, թոռը տերն է լինում տան, պապի ժառանգությանը։ Դա կարևոր է բոլորիս համար, որպեսզի ունենանք ժառանգական կապվածություն, որովհետև եթե չկա ժառանգական կապվածությունը, կենսատու չէ դա, մենք մնում ենք մենակ, իսկ մենակ մնալը ամենադժվար բանն է։
Նանեն ցույց տվեց, որ մենք մենակ չենք, որ այդ Տունը կա և այդ տանը մարդիկ են ապրում»։