
Գյումրու «Խազեր» համույթը ելույթ ունեցավ ՀԳՊԱ-ում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորում մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները՝ դասախոսներ Մանե Կարապետյանի և Գայանե Սարիբեկյանի մտահղացմամբ, ամիսներ առաջ նախաձեռնեցին հետաքրքիր մի ծրագիր՝ պատրաստելու բեմական հագուստ համերգային խմբի համար: Այս ծրագիրն իրականացավ համագործակցությամբ՝ Գյումրու «Խազեր» երաժշտական համույթի, որը ձևավորվել է 2013-ին, ազգային երաժշտության տարածման և զարգացման նպատակով: Երգացանկում ընդգրկված են հիմնականում Կոմիտասի ստեղծագործությունները՝ ժողովրդական երգերի մշակումներ, եկեղեցական երգեր, ինչպես նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների գործեր:
Ինչպես տեղեկացրեց համակարգչային գրաֆիկայի և հագուստի մոդելավորման ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանը, աշխատանքը կատարվել է տևական ժամանակ: Հագուստը կարվել է ամբիոնի լաբորատորիայում՝ ավագ դասախոս Արևհատ Մնացականյանի և լաբորատորիայի վարիչ Անահիտ Կարապետյանի ղեկավարությամբ: Ծրագրի ղեկավար Մանե Կարապետյանը ուսանողական կից այս ծրագիրը 2-րդ կուրսեցիների համար համարեց հնարավորինս լուրջ, հայցելով ներկաների ներողամտությունը, այն առումով, որ նրանք ըստ իրենց ունակությունների, բավական բարձր նշաձող են հաղթահարել՝ բովանդակային և տեխնիկական առումով: Նա շնորհակալություն հայտնեց աջակից դասախոսներին, մասնակից ուսանողներին, ակադեմիայի ղեկավարությանը և «Խազեր» համույթին, որի երիտասարդ անդամները սիրով պատրաստակամություն էին հայտնել համերգային ծրագրով հանդես գալ ակադեմիայի հարկի ներքո:
Ուսանողների մտահղացած և իրականացրած համերգային հագուստը համահունչ էր երաժշտական այն համարներին, որ հնչեցին ակադեմիայի դահլիճում: Կատարվեցին Կոմիտասի, Դավիթ Հալաջյանի, Էդգար Հովհաննիսյանի, Սերգեյ Աղաջանյանի ստեղծագործություններից: Իր դրվատանքի և շնորհակալական խոսքն ուղղելով ուսանողներին և «Խազեր» համույթին՝ ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը մասնավորապես նշեց. «Մեր դահլիճում նման գեղեցիկ հնչյուններ առաջին անգամ են լսվում: Դուք իսկական պրոֆեսիոնալներ եք, ձեր ելույթը մեծ հաճույք պատճառեց: Հաճելի էր նաև բեմական այսպիսի հագուստով ներկայանալը»:
Մելանյա Բադալյան