«Գիշերային դետք». վերականգնում՝ այցելուների ներկայությամբ
Ամստերդամի գեղարվեստական թանգարանի՝ «Ռեյկսմյուսեումի» այցելուները ականատես կլինեն հոլանդացի նկարիչ Ռեմբրանդ վան Ռեյնի ամենահանրահայտ կտավներից մեկի՝ «Գիշերային դետքի» վերականգնողական աշխատանքներին։ Գործընթացին կարող են հետևել նաև աշխարհի բոլոր անկյուններում գտնվող արվեստի սիրահարները. նրանց համար կազմակերպվելու է ուղիղ հեռարձակում ինտերնետում։
«Գիշերային դետքը» մեր հասարակության խորհրդանիշն է, նրա դիմանկարը։ Կտավում կողք-կողքի պատկերված են բողոքականներն ու կաթոլիկները։ Այն մեր քաղաքացիների հպարտության առարկան է, որով նրանք կարող են շարունակել հիանալ նաև կտավի վերականգնման ընթացքում։ Այն մեր քաղաքի և՛ պատմությունն է, և՛ ապագան»,- ասել է Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման։
Վերջին անգամ «Գիշերային դետքը» վերականգնվել է քառասուն տարի առաջ՝ այն բանից հետո, երբ ոմն չարագործ դանակով վնասել էր կտավը։ Մասնագետները նշում են, որ ժամանակի ընթացքում կտավը գունաթափվել է, որի հետևանքով վնասվածքների հետքերը կրկին տեսանելի են դարձել։ Թանգարանի ցուցասրահում կտեղադրվի ապակյա տաղավար, որի թափանցիկ պատերի միջով այցելուներն ու ինտերնետ-օգտատերերը կարող են հետևել վերականգնողական աշխատանքների ընթացքին, որոնք սկսվելու են 2019-ի ամռանը։