«ԱՆԴՐԱԴԱՐՁՈՒՄ»
Սույն թվականի հոկտեմբերի 30-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ «ԱՆԴՐԱԴԱՐՁՈՒՄ» խորագրով ցուցադրությանը նախընթաց կազմակերպվող հետազոտական սեմինարների շարքի առաջին բանախոսությունը: Անդրադարձում Պարույր Սևակն էր և վերջինիս կյանքի օրոք հրատարակված «Անլռելի զանգակատուն» պոեմի` մեծանուն արվեստագետ Գրիգոր Խանջյանի նկարազարդումները: Բանախոսում էր բուհի «ԱՐՎԵՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» բաժնի բակալավրի կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Աննա Մկրտչյանը։ Բանախոսության հետազոտական խնդիրն էր տեքստի և պատկերի կապի ուսումնասիրությունը` հիմնվելով Հայաստանի ազգային պատկերասրահում և Գրականության և արվեստի թանգարանում կատարած արխիվային աշխատանքի ու բացահայտումների վրա։ Որպես հատուկ հյուր սեմինարին ներկա էր նաև բանասիրական գիտությունների թեկնածու, խմբագիր, թարգմանիչ, Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը՝ Պարույր Սևակի թոռը։ Սեմինարները կազմակերպվում են Հետազոտական կենտրոնի և Արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի հետ համատեղ: Դրանք լինելու են շարունակական: Առաջիկայում կլինեն ևս երեք բանախոսություններ` նվիրված են 2024 թվականի հոբելյարներից Երվանդ Քոչարին, Սերգեյ Փարաջանովին և Հովհաննես Թումանյանին: Նպատակն է ցուցադրությունից առաջ փորձել նորովի մտածել մեր մշակութային գործիչների և նրանց թողած ժառանգության մասին, ինչն անդրադարձի նոր անկյուններ կձևավորի նաև ուսանողների ստեղծագործական մոտեցումներում: