Գեղարվեստի բուհի համար գործունեության կարևոր օղակ հանդիսացող ցուցասրահի գոյության անհրաժեշտությունը թերևս վեր է որևէ կասկածից։ Սակայն, զարմանալիորեն, ինստիտուտը երբեք ցուցասրահ չի ունեցել: Տարիներ ի վեր այդ հարցով մտահոգ՝ ռեկտոր Արամ Իսաբեկյանը, օգտագործելով իր անձնական կապերը, ամերիկահայ ընկերոջ՝ գործարար Ալբերտ Բոյաջյանի ֆինանսական աջակցությամբ և ակադեմիայի արտաբյուջետային միջոցներից որոշ հատկացումներ տրամադրելով՝ կարողացել է իրականացնել իր մտահղացումը: Գլխավոր մասնաշենքի առաջին հարկի աջակողմյան հատվածի ավերակ դարձած նախկին երկու լսարանները հիմնովին նորոգվել են՝ գրեթե ոչնչից վերածվելով գեղեցիկ ու արդիական ձևավորված տարածքի:
«Ալբերտ և Թով Բոյաջյան» անունը կրող ցուցասրահի բացումը տեղի է ունեցել 2001-ի մայիսի 1-ին, Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Ալբերտ Բոյաջյանի, ՀՀ-ում ԱՄՆ այն ժամանակվա դեսպան Մայքլ Լեմոնի մասնակցությամբ, արվեստի և մշակույթի գործիչների և պատվարժան հյուրերի ներկայությամբ: Այդ նշանավոր օրը կազմակերպված անդրանիկ ցուցահանդեսը նվիրված էր վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործություններին: Այն խորհրդանշող բնույթ ուներ, քանի որ վերջինս ոչ միայն Գեղարվեստի ինստիտուտի հիմնադրման հաջորդ տարվանից դասավանդել է, այլև առաջին կին դասախոսն է եղել, որ աշխատել է նվիրումով ու սիրով: Կյանքից հեռանալուց հետո էլ երկար տարիներ ուսանողները նրան հիշում էին երախտագիտությամբ ու մեծ հարգանքով:
Ցուցասրահի գոյությամբ ինստիտուտի ստեղծագործական և մանկավարժական կյանքն առավել լիարժեք ու բովանդակալից է դարձել։ Տնօրեն Իրինա Իսաբեկյանի, արվեստաբաններ՝ Մհեր Իսաբեկյանի և Լիանա Խաչատրյանի ակտիվ գործունեության շնորհիվ պարբերաբար ներկայացվում են դասախոսների, ուսանողների, շրջանավարտների և ժամանակակից այլ արվեստագետների ստեղծագործությունները, կազմակերպվում են թեմատիկ, խմբակային, ինչպես նաև արտերկրի արվեստագետների ցուցահանդեսներ: Ցուցասրահը նաև խմբակային, անհատական, կուրսային ու կոնցեպտուալ ծրագրային նախագծերի ներկայացման վայր է, որ խթան է հանդիսանում ուսանողների ստեղծագործական նոր մտահղացումների համար: Շատ կարճ ժամանակում ցուցասրահը դարձել է մայրաքաղաքի մշակութային ուշագրավ կենտրոններից մեկը, որի նախաձեռնած հանդիսությունների շնորհիվ հանրությունը ծանոթանում և հետևում է երիտասարդների ստեղծագործական մտքին ու ժամանակակից արվեստի զարգացման միտումներին։
«Ալբերտ և Թով Բոյաջյան» ցուցասրահի ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ կարող եք ծանոթանալ այստեղ։
Հասցե` 0009, Երևան, Իսահակյան 36
Էլ. փոստ` gallerytove@yahoo.com
Հեռախոս` (+37410) 56-18-55