Աբու-Դաբիի Լուվրը հետաձգել է «Աշխարհի փրկչի» ցուցադրումը
Աբու-Դաբիի Լուվրն առաջիկայում չի ցուցադրի Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը նախկինում ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևին էր պատկանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել քաղաքի մշակույթի և տուրիզմի բաժանմունքը։ Պատճառները չեն նշվում. դրանց մասին ավելի ուշ է հայտարարվելու։
Թանգարանը պատրաստվում էր դա Վինչիի կտավի ցուցադրումն սկսել սեպտեմբերի 18-ին։ Տեղական «The National» հրատարակությունը կարծիք է հայտնում, թե Աբու-Դաբիի Լուվրը կարող էր հրաժարվել իր պլաններից՝ կտավն իր բացման տարելիցին՝ նոյեմբերի 11-ին ցուցադրելու նպատակով։ Այնինչ գեղարվեստական շրջանակներում համառորեն քննարկվում է այն լուրը, թե դեռևս կասկածներ կան՝ Լեոնարդո դա Վինչիի հեղինակության հետ կապված։
Կտավում պատկերված է բյուրեղապակյա գունդը ձեռքերում պահած Հիսուս Քրիստոսը։ 1500-ին ստեղծված կտավը դարեր շարունակ կորսված էր համարվում։ Առաջին անգամ այն աճուրդում է հայտնվել 1958-ին և վաճառվել 45 ֆունտով՝ որպես «Լեոնարդոյի դպրոցի» անհայտ վարպետի աշխատանք։ 2011-ին փորձագետները հաստատել են, որ կտավի հեղինակը Լեոնարդո դա Վինչին է։ 2013-ին Ռիբոլովլևը գնել էր կտավը շվեյցարացի արտ դիլեր Իվ Բուվյեից 127,5 մլն դոլարով, և այնուհետեւ դիմել դատարան՝ մեղադրելով վերջինիս խարդախության մեջ։ Բուվյեն կտավն իր գնածից 40 մլն դոլարով թանկ էր վաճառել Ռիբոլովլևին։
2017-ին «Christie’s» աճուրդում «Աշխարհի փրկիչը» վաճառվել էր 450,3 մլն դոլարով՝ այսպիսով դառնալով երբեւէ «Christie’s»-ում վաճառված արվեստի ամենաթանկարժեք գործը։ Վաճառքից անմիջապես հետո Նյու Յորքի դատարանը փակել էր Ռիբոլովլևի հայցով Բուվյեի դեմ հարուցված գործը։ Մինչև օրս հայտնի չէ, թե ով է կտավի գնորդը։ «Associated Press» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին նշում է, որ «Աշխարհի փրկիչը», հավանաբար, գնել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգը՝ արքայազն Մուհամեդ իբն Սալման Ալ Սաուդը։