Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, որ հիմնադրվել է 1945-ին, իր բազմամյա գործունեության ընթացքում մշտապես պահպանել է նորարարական գիտելիքների որոնման իր բարի ավանդույթը: Վերջին քսան տարիների ընթացքում մեր ջանքերն ուղղված են եղել տարածաշրջանում գեղարվեստական կրթության ապահովման համար հատուկ առաջարկների ներկայացմանը: Հետամուտ լինելով բարձրագույն կրթության ոլորտում լավագույն միջազգային փորձի արդյունավետ փոխանակմանը՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիային հաջողվել է ստեղծել արվեստի ուսուցմանը և ստեղծագործական մտքի զարգացմանը նպաստող միջավայր:
ՀԳՊԱ-ի ուսանողներն արվեստի դասընթացներն անցնում են հատուկ մշակված ուսումնական ծրագրերով: Այդ ծրագրերն այնպես են կազմված, որ ուսանողները կարողանան համակողմանիորեն ծանոթանալ մեր պատմական ու մշակութային հարուստ ժառանգությանը և ըստ արժանվույն գնահատել այն: Մենք համոզված ենք, որ ուսանողները պետք է ուսումնասիրեն և ճանաչեն ոչ միայն իրենց, այլև մյուս ազգերի պատմական ու մշակութային ժառանգությունը, քանի որ հաղորդակցվելու են միանգամայն տարբեր մշակույթներով ու սովորույթներով ազգերի հետ: