Սումի-է գեղանկարչության վարպետության դաս ՀԳՊԱ-ում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հայ-ճապոնական «Հիկարի» կրթամշակութային կենտրոնի համագործակցությամբ արդեն չորրորդ տարին է, ինչ ուսանողների և հյուրերի համար անց է կացնում ճապոնական մշակույթի օրեր՝ իր հարկի ներքո ստեղծելով ճապոնական մշակույթին բնորոշ էկզոտիկ մթնոլորտ: Ավանդույթի վերածվող այս միջոցառումըսովորաբար գարնան սկզբում կամ ձմռան վերջում է կազմակերպվում, և այս ընտրությունը պատահական չէ: Հենց մարտի վերջերից է Ճապոնիայում սկսվում այս երկրի խորհրդանիշ սակուրայի ծաղկման ժամանակը, ողջ երկիրը վերածելով ճերմակավարդագույն շղարշե, բուրավետ ծաղկանոցի: Եվ ահա այս միջոցառումը հեռավորության վրա մեզ կամրջում է ճապոնական բնության այս հրաշքի և մշակույթի հետ մի ժողովրդի, որ անմիջականորեն գալիս է, ուղղակիորեն սնվում է բնությունից, շարժվում նրա օրենքներով, դասերով:
Ահա արդեն չորս տարի ակադեմիայի գրաֆիկայի բաժնի ուսանողները ճապոնացի վարպետներից սովորում են նրանց արվեստի տարբեր գաղտնիքներ, հնարքներ, միջոցներ: Սումի-է նկարչության և թեյախմության վարպետ, իկոնոբո դպրոցի բարձրագույն պրոֆեսոր Միդորի Յամադայի փետրվարի 28-ին անցկացրած վարպետության դասը նվիրված էր հնագույն ծագում ունեցող ճապոնական գեղանկարչության՝ սումի-է ուղղությանը, որն առանձնահատուկ է պահանջվող նյութի, տեխնիկայի ու հմտության առումով: Ներկը ստացվում է ծառի հատուկ տեսակից, որ մոխրացվում և խառնվում է տարբեր յուղերի հետ: Պատրաստված նյութը մշակման է ենթարկվում այնպես, որ ստացվի մեկ ներկի հինգ երանգ՝ սևից մինչև մոխրագույնի տարբեր շերտեր: Կարևորը դրա կիրառման տեխնիկային տիրապետելն է՝ ձեռքի հստակ և վստահ շարժումներ, վրձնին տիրապետելու հմտություն: Աշխատանքը կատարվում է մեկ շարժումով, նախապես էսքիզներ չեն արվում: Շարժումի վարպետությունն է ապահովում պատկերի մեկանգամյա, վերջնական արդյունքը, որին հետագա միջամտություն չի արվում: Աշխատանքի ընթացքում ուսանողները փորձեցին հետևել վարպետի խորհուրդներին, ով ուշադիր վերաբերմունք էր ցուցաբերում յուրաքանչյուր ուսանողի հանդեպ:
Մելանյա Բադալյան