Օրսեն ճանաչվել է աշխարհի լավագույն թանգարան
Հանրահայտ «Trip Advisor» կայքը աշխարհի հազարավոր թանգարաններից այս տարի լավագույնն է անվանել փարիզյան Օրսեն, որը հաղթել է «Զբոսաշրջիկի ընտրություն» անվանակարգում։ Ինչո՞ւմն է Օրսեի բացառիկությունը, եթե այն նույնիսկ հանրահայտ Լուվրին է թողել ետևում։
Անշուշտ, Օրսե արժե այցելել, սակայն նրա առաջին տեղն անսպասելի է։ Երկրորդ և երրորդ տեղերում համապատասխանաբար նյու-յորքյան 9/11 հուշահամալիրն ու Մետրոպոլիտենն են։ Չորրորդ տեղում Բրիտանական թանգարանն է, իսկ Լուվրն ընդամենը յոթերորդ հորիզոնականն է զբաղեցրել։
Վարկանիշի հիմքում դրված է մի ալգորիթմ, որն իր մեջ ամփոփում է այցելուների քանակը, թանգարանում անցկացրած ժամանակը, նրանց կարծիքների վերլուծությունը, այցելության որակի համապատասխանությունը սպասելիքներին և այն, թե արդյո՞ք խորհուրդ կտային կայքի օգտատերերին այցելել այն։ Ուսումնասիրելով վերջին 12 ամիսների տվյալները, «Trip Advisor»-ը պարզել է, որ Օրսեն է զբաղեցնում առաջին հորիզոնականը։
Աշխարհի ամենաշատ այցելվող Լուվրին հաղթելու պատճառներից մեկն, ըստ երևույթին, «Իրականություն և սպասելիքներ» կետն է։ Լուվրն այնքան մեծ է ու այնպիսի գանձեր է պարունակում, որ զբոսաշրջիկները հաճախ պարզապես չեն հասցնում գնահատել դրանք։ Նրանք մի հայտնի կտավից դեպի մյուսն են վազում՝ ճանապարհին այլևս ոչինչ չնկատելով։ Մեծամասնությունն ակտիվ հիանում է առաջին երկու ժամվա ընթացքում, այնուհետև գերհոգնում և մնացած սրահների համար ոչ ուժ է ունենում, ոչ ցանկություն։ Այցելուների մի մասն էլ փորձում է հնարավորինս արագ անցնել բոլոր սրահներով՝ արդյունքում ոչինչ չհիշելով։ Եվ դա հասկանալի է. Լուվրի յուրաքանչյուր նմուշի մոտ երեսուն վայրկյան անցկացնելու դեպքում կպահանջվի 100 օր առանց քնի և ընդմիջման։ Որպես հետևանք, Լուվրի այցելուները գոհունակություն են հայտնում, որ եղել են այնտեղ, սակայն միևնույն ժամանակ փոքր-ինչ հիասթափություն են ապրում, որ չեն կարողացել տեսնել այն ամենն, ինչ նախատեսում էին։
Այս տեսանկյունից Օրսեն անհամեմատ լավ դիրքերում է։ Նրա հավաքածուն մեծ է, սակայն ոչ հսկա։ Ցուցահանդեսներն այստեղ ներկայացված են ըստ արվեստի տարբեր ոլորտների՝ գեղանկարչություն, քանդակագործություն, ճարտարապետություն, կահույքագործություն, կինո, լուսանկարչություն, երաժշտություն և այլն։ Օրսեում անցկացվում են համերգներ և բեմադրվում են ներկայացումներ, կազմակերպվում են հանդիպումներ և քննարկումներ, տարին մեկ անգամ անցկացվում է կինոարվեստին նվիրված փառատոն։
Թանգարանի շենքը նախկինում երկաթուղային կայարան է եղել։ Այն Սենայի ափին է, Լուվրին դեմ հանդիման։ Կայարանը դադադել է գործել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ 1986-ին այստեղ թանգարան է բացվել, որն այդ պահից ի վեր հարստացնում է իր հավաքածուն մեկենասների նվիրատվությունների շնորհիվ։ Օրսեում կարելի է տեսնել Պոլ Գոգենի, Վինսենտ վան Գոգի, Էդուարդ Մանեի, Էդվարդ Մունկի և բազմաթիվ այլ հանրահայտ նկարիչների կտավները։ Ամենայն հավանականությամբ այս ամենի համադրությամբ էլ պայմանավորված է «Trip Advisor»-ի այցելուների ընտրությունը։