Ամփոփվեցին կրթական ծրագրերի վերանայման հանդիպումները
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ մասնագիտության կրթական ծրագրերի վերանայման այս տարվա վերջին հանդիպումը Քանդակագործության և Գեղանկրաչության աշխատանքային խմբերի հետ: Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը և ուսումնական վարչության և որակի ապահովման կենտրոնի աշխատակիցները մասնակիցներին ներկայացրեցին կրթական ծրագրերի վերանայման գործընթացը, ինչպես նաև հստակեցրեցին աշխատանքների ժամանակացույցն ու վերջնաժամկետները:
Մասնակիցները քննարկեցին կրթական ծրագրերի վերանայման գործընթացում հաճախ կիրառվող տերմինները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մեկնարկել աշխատանքները հաջորդ տարվա հունվար ամսից, երբ կիրականացվեն ու կամփոփվեն կրթական ծրագրերի վերանայման փուլերը: Արդյունքում ուսումնական վարչությունը կկազմի աշխատանքների արդյունավետության հաշվետվություններ: Աշխատանքային հանդիպում-սեմինարներ կանցկացվեն երկու կրթական ծրագրերում ներգրավված պրոֆեսորադասախոսական կազմի հետ՝ ամփոփելու դասընթացների նկարագրերը: Մինչև տարվա ավարտը կկազմվեն, լայն քննարկման կդրվեն և հաստատման կներկայացվեն վերանայված երկու կրթական ծրագրերը:
Այսպիսով, ամփոփվեցին ՀԳՊԱ-ում առկա բոլոր ութ մասնագիտության կրթական ծրագրերի վերանայման նպատակով կազմված աշխատանքային խմբերի հետ հանդիպումները: Բուն աշխատանքները կմեկնարկեն արդեն 2019-ի հունվարից և զուգահեռաբար կիրականացվեն բոլոր կրթական ծրագրերի համար՝ ապահովելով դրանց համաչափ վերանայումը և արդյունավետ մշակումների անցկացումը: