Հաջողակ դրամաշնորհային ծրագիր
Միջազգային դրամաշնորհային կազմակերպությունների ուսումնասիրման և ծրագրային առաջարկների գրագետ կազմության շրջանակներում ՀԳՊԱ-ի Հետազոտական կենտրոնը մասնակցել էր ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան Բուսաբանության Ինստիտուտի Երևանի բուսաբանական այգում տեղի ունեցած «Հաջողակ դրամաշնորհային ծրագիր 5» խորագրով հանդիպմանը, որը վարում էր ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրերի համակարգող, Բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալլա Ալեքսանյանը։
Հանդիպմանը ներկայացվել էին ավստրիական դրամաշնորհային կազմակերպությունների հետ համագործակցության, ծրագրերի գնահատման համակարգի և գրախոսման էթիկայի հիմնահարցերը։ Տիկին Ալեքսանյանը տեսաշարի միջոցով հանգամանալից անդրադարձել էր նաև վերջերս ձեռք բերած մի դրամաշնորհային նախագծի մանրամասներին ու դրա նախնական ընթացքում եղած խնդիրներին։ Բանախոսն ընդգծում էր դրամաշնորհային ծրագրերին պարբերաբար մասնակցության կարևորության և փորձառության անհրաժեշտությունը։ Քննարկման ընթացքում մի շարք այլ առաջարկների հետ մեկտեղ հեռանկարային համարվեց նաև բնապահպանությունը արվեստի միջոցով նախագծի կայացումը։