Մեր հաղթողները
Սույն թվականի ապրիլի 6-ին Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական պետական ակադեմիայի ռեկտորատի ցուցասրահում տեղի ունեցավ «Ակադեմիական գծանկարչության» 15-րդ միջազգային մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը և լավագույն աշխատանքների ցուցահանդեսի բացումը։
Մրցույթին մասնակցել է մի շարք երկրների տարբեր բուհերից ավելի քան 200 ուսանող՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա, Բելառուսի գեղարվեստի պետական ակադեմիա, Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական պետական ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի Իլյա Ռեպինի անվան արվեստի ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան, Սանկտ Պետերբուրգի Արդյունաբերական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարան, Ա.Ի. Հերցենի անվան Ռուսաստանի պետական մանկավարժական համալսարան, Ս.Գ.Ստրոգանովի անվան Մոսկվայի պետական արվեստի և արդյունաբերության ակադեմիա, Վ.Ի.Սուրիկովի անվան Մոսկվայի պետական ակադեմիական արվեստի ինստիտուտ, Ուրալի Ն.Ս. Ալֆերովի անվան ճարտարապետության և արվեստի պետական համալսարան, Տյումենի մշակույթի պետական ինստիտուտ:
ՀԳՊԱ-ի կողմից մրցույթին մասնակցել են Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի Համակարգչային գրաֆիկա և հագուստի մոդելավորում կրթական ծրագրի 5 ուսանողուհի, որոնցից Լլիդա Ավետիսյանը (Համակարգչային գրաֆիկա, 2-րդ կուրս, դասախոս՝ Անդրեյ Շուգարով) «Ակադեմիական դիմանկար. Ծավալատարածական լուծում» անվանակարգում արժանացել է 3-րդ կարգի մրցանակի, իսկ Լիլիթ Տոնեյանը (Համակարգչային գրաֆիկա 2-րդ կուրս, դասախոս՝ Գոռ Պետրոսյան) նույն անվանակարգում՝ 1-ին կարգի մրցանակի: