Իտալական մշակույթի շունչ ՀԳՊԱ-ի պատին
Իտալական մշակույթի շունչը հնագույն շրջանից՝ դիցաբանական կերպարավորումներից մինչև Վերածնունդ ու մեր այսօրը՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի շենքի պատին խորհրդանշական բնույթ ունի ամենատարբեր առումներով։ Պատի մեծածավալ մակերեսի կոմպոզիցիոն պատկերի ներքևի աջ մասում մետաղե հուշատախտակը ակադեմիայի պատմության մաս է դառնալու՝ «Մշակույթը կփրկի աշխարհը» բաղձալի կարգախոսով, որ կհիշեցնի 2023-ի մարտի 22-ը՝ «City of the Future Yerevan Street Art Fest»-ի շրջանակում ակադեմիայի պատին իրականացված նկարչական աշխատանքի բացման օրը, որի հեղինակը իտալացի նկարիչ Անտոնինո Պեռռոտտան է, գաղափարի հեղինակը և կազմակերպիչը՝ Դավիթ Խաչատրյանը։ Նախագիծն իրականություն է դարձել Հայաստանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ։
ՀԳՊԱ-ի Արամ Իսաբեկյանի անունը կրող դահլիճում բացման արարողությանը հետևեց հանդիպում Հայաստանում Իտալիայի դեսպան պարոն Ալֆոնսո Դի Րիզոյի, հեղինակի, Դավիթ Խաչատրյանի հետ՝ ներկայությամբ ակադեմիայի ղեկավարության, Մշակույթի փոխնախարար Արա Խզմալյանի, Արտաքին գործերի փոխնախարարի, արվեստագետների, ուսանողների։ Հյուրերին ողջույնի և շնորհակալական խոսքով դիմեց ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը։ Նա ասաց, որ նախագիծը կնպաստի, իր դերը կունենա Երևանում ոչ այնքան տարածված քաղաքային արվեստի (Street Art) զարգացման մեջ։ «Սկզբում անհանգիստ էինք, որովհետև մոնումենտալ չափսի աշխատանքների կատարումը բավական դժվար է սահմանափակ տարածքում, երբ արվեստագետը ստեղծագործելիս հնարավորություն չի ունենում տեսնելու այն ինչ անում է։ Նախագիծը հաջողությամբ է իրագործված, արվեստագետը լուծել է իր առջև դրված բոլոր խնդիրները»։ Նա նաև նշեց, որ Ակադեմիան Իտալիայի դեսպանության հետ համագործակցում է վաղուց՝ հիշեցնելով անցած տարի իտալացի երկու արվեստագետների ունեցած դասախոսությունները և դրան հետևած ցուցահանդեսը, իհարկե նաև դեսպանության դերը ակադեմիայում իտալերեն լեզվի դասավանդման մեջ, և հույս հայտնեց, որ համագործակցությունը կշարունակվի, ուղղությունները կընդլայնվեն։
«Արվեստի մարդիկ գիտեն, որ ստեղծագործական ինչքան էլ լավ մտքեր լինեն, եթե չի լինում աջակցող ուժը՝ այն զարգացնելու, արվեստը կմնա անտեր։ Մենք այս դեպքում պարոն դեսպանի աջակցությունն ունեցանք և առաջարկի հանդեպ Արամ Իսաբեկյանի ընդառաջումն ու վստահությունը՝ մշակույթի պատմական այս շենքի պատին իտալացի նկարչի այս հիանալի ստեղծագործությամբ», Դավիթ Խաչատրյանը խոսեց նաև մշակութային կյանքի ակտիվացման ուղղությամբ մարզերում տարվելիք նմանաբնույթ աշխատանքների շուրջ դեսպանի հետ ունեցած քննարկումների մասին։ Իր խոսքում այս հանգամանքի վրա ուշադրություն դարձրեց Իտալիայի դեսպանը, ասելով, որ առաջին անգամ քաղաքային արվեստի այս ուղղության նախագիծ է իրականացվում Երևանում, միաժամանակ առաջին դեսպանատունն է, որ մասնակցում է նման ստեղծագործության իրականացման մեջ։
Ինչպես արվեստի յուրաքանչյուր գործ է իր ստեղծողի մտքի, հույզի, գաղափարների արտահայտիչը, նաև այս մեկը, սակայն արվեստի գործն իր իրական նշանակությունը ստանում է դիտողի վերաբերմունքներնում։ Ահա թե ինչպես է տեսնում Անտոնինո Պեռռոտտայի կոմպոզիցիան դեսպանը։ Ներկայացված չորս կերպարներից թիկունքով դիտորդին, նկարիչն է՝ վրձինը ձեռքին. խորհրդանշական՝ որպես լուռ շարունակություն իտալական անցյալի մեծագույն մշակույթի։ Վերևի կենտրոնական մասում կանացի կերպարը պատկերում է հունական դիցաբանության հողագործության, երկրի պտղաբերության, բերքահավաքի աստվածուհի Դեմետրիային։ Ընտրությունը պատահական չէ, Դեմետրիան եղել է հնագույն աստվածություններից մեկը Իտալիայի հարավում, որտեղից ծնունդով նկարիչն է։
Հին հունական դիցաբանության մեջ շատ գեղեցիկ ու հուզիչ է ներկայացված Դեմետրիայի և նրա սիրելի դստեր Պերսեփոնեի պատմությունը։ Հայրը՝ հզորագույն Զևսը բռնի կնության է նրան տալիս անդրաշխարհի աստվածությանը՝ Հադեսին, և կինը՝ Դեմետրիան անտեղյակ հայտնվում է դստեր որոնումների տևական տառապանքների մեջ։ Անդրաշխարհում Պերսեփոնեն ետդարձի ճանապարհներ է որոնում, բայց Հադեսը նրան պահելու խորամանկության է դիմում, Պերսեփոնեն ուտում է ամուսնու հյուրասիրած նռան հատիկները, չիմանալով դրա հետևանքը, փակելով վերադարձի բոլոր հնարավորությունները։
Իսկ այնտեղ՝ վերևում Դեմետրիայի վշտալի որոնումներից հողը սմքում, ամայանում է, ծառերը չեն ծաղկում, բերք չի լինում։ Եվ ահա Զևսի հրամանով տարվա մեկ երրորդը Պերսեփոնեն մնալու էր Հադեսի թագավորությունում, և գարնան գալուն պես դուրս էր գալու այնտեղից հանդիպելու Դեմետրիային։ Ահավասիկ մոր և դստեր հարաբերությունների շարունակությունը տարվա եղանակների հաջորդականությունն է ապահովում։ Նկարչի ենթագիտակցական աշխարհը նուռը կապել է Հայաստանի հետ։
Աջ կողմում Միքելանջելոյի անկրկնելի Դավիթն է պատկերված, բիբլիական հերոսի դեմքը՝ Գողիաթի դեմ պայքարի դուրս գալուց առաջ՝ կենտրոնացած, հանդարտ։ Նրա հենարանը մեծ հավատքն է, այն, ինչ այստեղ կա,- մեկնաբանում է Ալֆոնսո Դի Րիզոն։ Հաջորդը Նապոլեոն Բոնապարտի քույրը՝ Պոլինա Բոնապարտն է, որը տեղափոխվում է Իտալիա, ամուսնանանում Բորգեզե ընտանիքի իշխանի հետ։ Արվեստի գործերում նրա կերպարը խորհրդանշում է իտալաֆրանսիական հարաբերությունները։ «Այս պատկերումը սնվում է առասպելաբանությունից, վերադարձ է հեթանոսական անցյալին և անցում քրիստոնեական հավատքի լուսավոր առասպելին, որն արդիական է մինչև օրս»։
Անտոնինո Պեռռոտտան մինչև քաղաքային արվեստի ուղղությամբ գործեր ստեղծելը ակադեմիական կրթություն է ստացել և լավ գիտի դասական արվեստի ու Street Art-ի միջև տարբերությունները, արվեստանոցի փակ տարածքում կտավի վրա և մեծածավալ տարածքում աշխատելու դժվարությունները. վերջինի պարագան բոլորովին տարբեր է, երբ աշխատանքի ընթացքում հանդիպում ես տարբեր մարդկանց, առավել ևս երբ քաղաքից քաղաք ես ճամփորդում, ծանոթանում տարբեր սովորությունների, ավանդույթների։ «Ճիշտ է, որ ես խոշոր ստեղծագործություն եմ թողնում այստեղ, բայց նաև այս քաղաքի մի մասնիկ կտանեմ ինձ հետ»՝ իր հանդեպ վստահության և աջակցության շնորհակալական խոսքում ասաց նկարիչը։
Համոզված՝ որ արվեստի ստեղծագործության գնահատությունը հանդիսականինն է, իր մեկնաբանական խոսքը նա ավարտեց Դեմետրիայի կերպարի՝ իր համար արժեքային հարազատությունը թողնելով մեզ։ «Բացի Երևանը ինձ հետ տանելուց, ես իմ տարածաշրջանի մի մասնիկ հավերժ թողնում եմ այստեղ»։
Մելանյա Բադալյան