Կավե խաղալիքներ՝ Ամանորյա տոնածառին
Գեղեցիկի որոնումը որևէ ձևի մեջ ներքին ուրախության առիթ է։ Այս պատճառով, հավանաբար, տարվա վերջին օրերի ընթացքի մեջ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Մարիա Բաբյանը փորձեց փոփոխություն մտցնել՝ ուսանողների և դասախոսների ձեռքով արվետանոցում պատրաստված խաղալիքներով զարդարելու տոնական Ծառը։ Վերջերս Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում նմանաբնույթ մի միջոցառման ներկա լինելով, ցանկություն առաջացավ այդպիսի մի փորձ անել նաև ակադեմիայում, և հաջողեց. վկայությունը՝ աշխատակիցների հետաքրքրությունը, արձագանքները նախապես արված հայտարարությանը։ Ներկա էին թե դասախոսներ, թե աշխատակազմի աշխատակիցներ։ Հետաքրքրությունն այստեղ էր բերել նաև ռեկտոր Արամ Իսաբեկյանին։
Այսպիսի միջոցառումը ակադեմիայում հավանաբար առաջին փորձն էր, երբ ուսուցանողը ինքն ուսանողն էր՝ օրվա վարպետը։ Աշխատանքային սեղաններին դրված էին համապատասխան նյութեր, գործիքներ, ամանորյա տոնի հետ ասոցացվող ստվարաթղթե տարբեր պատկերներ։ Ամենից հաճելին սովորելու պրոցեսն էր, մանավանդ ուսանողների կողմից։ Ինքս չփորձեցի, գուցե՝ իզուր, մանավանդ խեցեգործական արվեստ և խեցեգործական իրեր շատ եմ սիրում։ Սակայն դրա առավելությունն այն էր, որ կարողացա հետևել ընթացքին, տեսնել, թե ինչպես կավը արագորեն կլանեց ամենքին։ Սեղանին դրված պարզ պատկերները կարևոր, լուրջ աշխատանքային գործիքի վերածվեցին։ Մի տեղ ծաղկամանի մի դետալ չի ստացվում, ծաղիկներն են պակասում, մատների ավելի վարժ շարժում է պահանջվում։ Իսկ կավը այնքան էլ հնազանդ չէ, որքան թվում է, պետք է իմանալ, սովորել կավի լեզուն։ Մի ուրիշ տեղ նկարչական պալիտրան որպես օրվա նվեր է ենթադրվում, հենց այդպես՝ կիսատ, չթրծված, չգունավորված, իսկ պայուսակը՝ շատ կանացի է։ Կամաց-կամաց կավը վերածվում է զամբյուղների, եղևնիների, հրեշտակների, թզուկների, հեքիաթի տնակների, այն ինչը կարող է կտրել առօրեական աշխարհից, տեղափոխել զգացողական բոլորովին ուրիշ միջավայր։
Կարծում եմ՝ ամենից կարևորը՝ մասնակիցների, որ հիմնականում կանայք էին, ամենանախնական տնայնագործության այս նյութի՝ կավի հետ աշխատելու հաճույքն էր, սիրով աշխատելու, ինչ-որ տեղ նաև մանկանալու հաճույքը։ Սա ներքին, ենթագիտակցական իմպուլս է, մղում՝ ուրախության, ապահովության սպասման՝ եկող այս նոր տարվա։ Թերևս օրվա խորհուրդը դա էր՝ կավի վերափոխումը հրեշտականման խաղալիքների. նվերը՝ Նոր տարվան։
Հենց դրանցով էլ կզարդարվի ՀԳՊԱ-ի Ամանորյա տոնածառը։
Մելանյա Բադալյան