ՀԳՊԱ-ի ուսանողներին ու դասախոսներին ներկայացվեց «DDD Kunst House» առցանց հարթակը
Ապրիլի 27-ին ֆրանսահայ արվեստաբան, համադրող և ժամանակակից արվեստի մասնագետ Դիանա Տեր-Մարգարյանը ՀԳՊԱ-ի ուսանողներին ու դասախոսներին ներկայացրեց «DDD Kunst House» առցանց հարթակը, որը նախատեսված է տեղացի և միջազգային արվեստագետների համար։ Հարթակը հիմնադրվել է 2020-ի հունիսին, համադրող Թերեզա Դավթյանի կողմից: Գաղափարն առաջացել է համավարակի ամենաթեժ ժամանակահատվածում, շատ պատահական, ինստագրամյան մի անլուրջ գրառումից հետո: Այն հավակնոտ նախագիծ դառնալու միտում չի ունեցել, այլ եղել է ուսումնասիրություն համավարակի ժամանակ արվեստագետների, համադրողների, արվեստի հաստատությունների փոխհարաբերությունների մասին:
Արդյո՞ք համավարակը և սահմանափակումները նոր հնարավորություններ բերեցին արվեստագետ-համադրող-թանգարան-ցուցասրահ փոխհարաբերություններում, և արդյո՞ք արվեստի հաստատությունների ժամանակավոր փակ լինելը հուսախաբ արեց արվեստագետին, թե նոր հնարավորություններ բացեց նրա համար: Առցանց հավաքածուն ձևավորված է հիմնականում ժամանակակից արվեստի ուղղվածությամբ, սակայն ներկայացված են նաև գեղանկարիչներ, երաժիշտներ, ժամանակակից պոետներ և այլն: Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
«DDD Kunst House»-ը բաց կանչերի միջոցով փորձում է բացահայտել նաև նոր արվեստագետների: Ընթացիկ նախագծերից է «Where Are The Painters?» («Որտե՞ղ են նկարիչները») ցուցահանդեսը, որը տեղի կունենա և առցանց հարթակում, և ֆիզիկական տարածքում: Բաց կանչերի մասին տեղեկությունների համար կարող եք գրել dddkunsthouse@gmail.com էլ. փոստին:
Արտաքին կապերի բաժին