Վլադ-Վասիլ Տոկա․ «Այստեղ ես ինձ զգում եմ, ինչպես՝ տանը»
Ռումինացի արվեստաբանի հայաստանյան տպավորությունները
Արդեն հինգերորդ տարին է՝ Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիան «Էրազմուս» միջազգային կրթամշակութային ծրագրի շրջանակներում համագործակցում է Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի Արվեստի համալսարանի հետ։ ՀԳՊԱ-ի արտաքին կապերի բաժնի վարիչ Մերի Պատվականյանը նկատում է, որ մեզ վրա ևս դրականորեն ազդեց Եվրամիության` հատկապես նախկին սոցիալիստական գոտուց դուրս եկած և ազատության ճանապարհը բռնած մի շարք երկրների, ինչպես՝ Չեխիայի, Սլովակիայի, Ռումինիայի, Լեհաստանի արվեստի բարձրագույն դպրոցների ֆինանսական աջակցությունը, ինչը հնարավոր դարձրեց մեր ակադեմիայի համագործակցությունը ռումինական Կլուժ-Նապոկայի համալսարանի հետ՝ իրականացնելու ուսանողների և դասախոսների շարժունության, փոխանակման ծրագրեր։
Այս ընթացքում Գեղարվեստի ակադեմիայի հինգ ուսանողներ մեկնել են Ռումինիա. ներկայում աշխատանքներ են տարվում ռումինացի ուսանողների փոխադարձ այցելության։ Համավարակով պայմանավորված մի կարճ ընթացք համագործակցությունն ընդհատվեց, այն վերսկսվեց անցած ամռան վերջերին․ և այս օրերին արդեն Հայաստան են այցելել ռումինացի երեք արվեստաբաններ՝ Կլուժ-Նապոկայի Արվեստի համալսարանի պրոֆեսոր, արվեստի տեսաբան՝ Վլադ-Վասիլ Տոկան, դասախոսներ Վերոնիկա-Իոանս Ռուս-Կակովեն և Ռոքսանա Մոդրեանուն։ Նրանք երեք օր դասախոսություններ կարդացին ՀԳՊԱ-ի ուսանողների համար՝ ներկայացնելով Ռումինիայի, Տրանսիլվանիայի մշակույթի, արվեստի պատմությունը, զարգացման փուլերը`16-17-րդ դարերից մինչև ներկա ավանգարդիստական արվեստ։ Մի առանձին բաժին նվիրված էր Կլուժ-Նապոկային, թե ինչպես ծայրամասային, փոքրիկ քաղաքը տեղի արվեստագետների, արվեստի շնորհիվ անցած երեսուն տարիների ընթացքում դարձավ հայտնի, ճանաչելիություն ձեռք բերեց։
Վլադ-Վասիլ Տոկան արվեստաբան է․ հայաստանյան դրական տպավորությունները նրան երկրորդ անգամ բերեցին մեր երկիր, այս անգամ իր երկու կոլեգաների հետ՝ շարունակելու փոխանակության ծրագրերը, հայ-ռումինական կապերը պահպանել-ամրապնդելու, Հայաստանը ավելի լավ ճանաչելու և հատկապես այն ներկայացնելու ռումինացի ուսանողներին, մոտիվացնելու նրանց այցելությունն այստեղ։ Նկատի ունենալով իրենց ուսանողների,- ինչը և մեզ մոտ է,- առավել հակվածությունը, հետաքրքրվածությունը Արևմուտքի մշակույթով, արևմտյան համալսարաններով, նա համագործակցության այնպիսի ծրագրերի շուրջ է աշխատանքներ փորձում տանել, որոնք լինեն ավելի գրավիչ, խթան հանդիսանան, ոգևորելով ուսանողներին՝ գալու Հայաստան։
Անցած շաբաթվա ընթացքում, նաև 2021-ի ամռանը նա բավական ճամփորդել է Հայաստանում․ եղել է Խոր Վիրապում, Գառնիում, Գեղարդի վանական համալիրում, շրջել մայրաքաղաքի տեսարժան վայրերով։ Ի դեպ՝ տպավորված է անցած դարի կեսերի հայկական քաղաքային ճարտարապետությամբ։ Ըստ նրա, չնայած սովետական հետքի առկայության, այն միանգամայն տարբեր է՝ ակնհայտ հայկական ձեռագրի առավելության, ոճային փոխներթափանցումներով։ Այս այցելության ընթացքում եղել են Արենիում, Ցախաց քարում, Հայրավանքում, Սևանավանքում, Լոռիում, Դիլիջանում․ սիրել են Հայաստանը, հետաքրքրված են մեր երկրի մշակույթով։
– Մտածում ենք՝ ինչ նոր ճանապարհներ գտնենք, ինչպիսի ծրագրեր մտածենք, որ մեզ նորից կբերի այստեղ։ Հավանական է՝ մոնումենտալ արվեստի ուսումնասիրության ծրագիր մտահղանանք։ Մենք շատ հետաքրքրված ենք հայկական մշակույթով` այն ավելի խորը ճանաչելու և ուսումնասիրելու։
– Ձեր երկու այցելության տպավորությամբ հայկական մշակույթի, հայկական իրականության ի՞նչ առանձնահատկություններ եք նկատել, կա՞ն արդյոք նմանություններ, որոշակի զուգահեռներ ռումինականի հետ. գուցե սովետական շրջանի գաղափարախոսության` արվեստի վրա ունեցած ազդեցությունների հետևանք։
– Ավելի շատ նմանություններ կարելի է տեսնել, քան տարբերություններ, մասնավորապես 20-րդ դարի պատմական իրադարձություններով պայմանավորված։ Հայաստանը վերջին 20 տարիներին պատմական այլ փուլ մտավ. ներկայիս Հայաստանը ինձ հիշեցնում է տասնամյակներ առաջվա, մինչև եվրոպական ուղին բռնած ժամանակների Ռումինիան։
– Անցած դարավերջի իրադարձությունները՝ սոցիալիստական գոտուց, սովետական ազդեցության ոլորտից դուրս գալը ինչպիսի ազդեցություն ունեցավ ռումինական արվեստի, հանրային մտածողության վրա։
– Սերունդներից է դա կախված, սակայն գլխավորապես բոլորն ուզում են փոխվել, գուցե բացառություն կազմեն արդեն վաղուց հաստատված, իրենց անուններն ունեցող արվեստագետները՝ հին գաղափարներ դեռ կրել շարունակողները։ Կան, իհարկե, բացառություններ։ Եվրոպական ուղին բռնելուց հետո սոցիումը առաջընթաց ապրեց, հանրային մտածողությունը հիմնովին փոխվեց։
– Դուք տպավորված խոսեցիք հայկական նոր շրջանի ճարտարապետության մասին, իսկ ի՞նչ կարծիք ունեք հայկական հին եկեղեցական, հոգևոր ճարտարապետության մասին։ Այն բավական տարբեր է քրիստոնեական աշխարհի մնացած ճարտարապետությունից։
– Անշուշտ տեղյակ էի այդ մասին լուսանկարներից, գրքերից, ֆիլմերից, սակայն իրականության մեջ տեսնելը մեզ՝ որպես արվեստաբանների, զարմանք պատճառեց. այն, որ դեռ առաջին հազարամյակում, և ավելի վաղ շրջանում նման ճարտարապետություն է եղել։ Շատ կարևոր է՝ պահպանելու ճարտարապետական այդ ձևերը, նաև հելլենիզմի, հին հռոմեական արվեստի՝ Եվրոպային վերափոխանցելու առումով։ Եվ այդտեղ դու կարող ես նկատել, որ դեռ այդ ժամանակներում Հայաստանում բարձր քաղաքաքակրթություն է եղել, միաժամանակ տեսնել նմանություններ Արևմուտքի, նաև Արևելյան Եվրոպայի երկրների մշակույթների հետ։
– Եվ այն պատճառով հիմնականում, որ դրանք բոլորը քրիստոնեական գաղափարական միևնույն արմատից են սնվում, այնպես, չէ՞։
– Անշուշտ։ Այն, ինչ ես գիտեմ, լսել, կարդացել եմ՝ հայկական քաղաքակրթությունը հին, դասական աշխարհի անբաժանելի մասն է եղել, որպես քրիստոնյա երկիր նա կրել է տիպիկ եվրոպական արժեքներ։ Հայաստանը կարծես մի եվրոպական կղզի լինի արևելքում։
– Հետաքրքրական է. ճիշտ նմանաբովանդակ ձևակերպում արևմտամետ քաղաքական մեր գործիչներից մեկի կողմից հետևյալն է. «Հայաստանն Արևմտյան քաղաքակրթության ամենաարևելյան սահմանապահն է»։
– Անշուշտ, դա նաև իմ տպավորությունն է․այստեղ զգացվում է Եվրոպայի շունչը, կարող ես զգալ նաև արևելքի շունչը։ Դա երևում է մարդկանց պահվածքում, վարվելակերպում։ Հայաստանը, խաչմերուկ է արևմուտքի ու արևելքի միջև, ինչպես Ռումինիան է խաչմերուկի դեր տանում։ Պատմականորեն էլ այդպես է եղել, կռվախնձոր է եղել տարբեր կայսրությունների համար՝ ռուսական, օսմանյան։ Այստեղ ես ինձ զգում եմ, ինչպես՝ տանը։ Ռումինիայում շատ կարևոր հայկական համայնք ունենք, երեք գլխավոր քաղաքներում են բնակվում հայերը։ Նոր չէ, որ ձևավորվել է հայկական համայնքը, դեռ 18-19-րդ դարերից են հայերը Ռումինիա եկել։ (Հայերը Ռումինիա գնացել են շատ ավելի վաղուց, 14-15-րդ դարերից:- Մ. Բ.): Նրանք մաս են կազմում մեր հասարակության, լիարժեքորեն ինտեգրված են երկրի տնտեսական, մշակութային կյանքին, արվեստի, գրականության հատկապես, նաև՝ քաղաքականության։ Տրանսիլվանիայի պառլամենտում հայ պատգամավոր ունենք, նաև հայ նախարար կա։
Մելանյա Բադալյան