Հայկական գործվածքներ․ ավանդույթ և նորարարություն
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի տարվա առաջին ցուցահանդեսը բացվեց անցած ուրբաթ՝ Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների գորգագործական, կարպետագործական աշխատանքներով։ Ցուցահանդեսը խորագրված է «Հայկական գործվածքներ․ ավանդույթ և նորարարություն»։
Ցուցահանդեսի բացման նախորդ օրը ցուցասրահ էին այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։ ՀԳՊԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյանի, դեկաններ Էդիկ Վարդանյանի և Ավետիք Ավետիսյանի, Քանդակագործության ամբիոնի վարիչ Գարեգին Դավթյանի, դասախոսների հետ հանդիպման նպատակը նաև ակադեմիայում ուսուցանվող ձեռարվեստի ավանդական այս ուղղության հանդեպ ուշադրություն հրավիրելն էր՝ ուսանողների հաջողությունների այս արձանագրումով։
Բացման խոսքում Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը, անդրադառնալով հայկական գորգագործական արվեստի հարուստ ավանդույթներին, կարևորեց դրանց շարունակությունը, ինչը և արվում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ Նա հիշեց վերջերս Շուշիի թանգարանից փրկված նմուշների մի ցուցադրություն, նկատելով, որ եթե չհաջողվեր վերադարձնել այստեղ, դրանք ունենալու էին այն նույն ճակատագիրը, ինչ այսօր Արցախի հոգևոր ճարտարապետությունը և առհասարակ մշակութային ողջ ժառանգությունը, երբ աղվանական անվան տակ թշնամին սեփականացնում է այն։ «Արվեստի այս ավանդույթները պիտի կարողանանք պահպանել, թույլ չտանք, որ գողանան մեզանից։ Այս ցուցահանդեսը ահազանգի պես բան է նախարարությանը, իշխանությանը՝ ուշադրություն դարձնելու մեր մշակույթի այս ճյուղին և դրա պահպանմանը։ Պատերազմը, պատերազմ, բայց սա էլ իր կռիվն ունի տարածաշրջանում՝ պահպանելու իր դեմքը, հասկացնելու, որ հայ ժողովուրդը մշակույթ է ստեղծել և այն ոչ ոք իրավունք չունի սեփականացնել»։
Շնորհավորական խոսքերում առանձնակիորեն ընդգծվեց դասախոս Հասմիկ Ղազարյանի նվիրված և ակտիվ աշխատանքը, այն սերն ու էներգիան, որ ունի նա մասնագիտության նկատմամբ, ինչն էլ փոխանցում է իր սաներին։
Ցուցադրված տասնյակ աշխատանքները հայկական ավանդական գորգագործությանը բնորոշ գունային միջավայրով, նախշազարդերով գորգեր, կարպետներ, ձեռագործ իրեր են, որոնցից շատերը՝ նորարարական տարբեր լուծումներով տարբերվող, մասնավորապես գոբելեն աշխատանքների աբստրակտ պատկերները, բավական տպավորիչ են։
Մելանյա Բադալյան