Տեղի է ունեցել «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում փետրվարի 4-ին տեղի է ունեցել 2021-ի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ և ուսանողներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ մրցույթում հաղթող են ճանաչվել 34 ուսանողներ, որոնցից 16-ը՝ բակալավրի կրթական աստիճանով, իսկ 18-ը՝ մագիստրոսի: Նրա խոսքով՝ 1-ին տեղը զբաղեցրել է 13 ուսանող, որոնց կշնորհվի 445.000-ական դրամ, 2-րդ տեղը՝ 11 ուսանող, որոնք կստանան 345.000-ական դրամ, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած 10 ուսանողի կշնորհվի 220.000-ական դրամ կրթաթոշակ: «Սա լավ հնարավորություն է ուսանողների համար՝ զինվելու նոր գիտելիքներով և դրանք ծառայեցնելու մեր երկրի զարգացմանը»,- նշել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ մրցույթն անցկացվել է 7 ոլորտներում՝ բնագիտության, հասարակագիտության, հայագիտության, հումանիտար, բժշկության, ճարտարագիտության և մշակույթ-սպորտի:
Շնորհավորելով հանրապետության լավագույն ուսանողներին կարևոր ձեռքբերման համար՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչվելը հպարտանալու առիթ է, բայց միևնույն ժամանակ պատասխանատվություն է և ձեռք բերածը նորովի վերարժևորելու ու հաջողությունը շարունակելու կարևոր նախապայման: Նրա խոսքով՝ մրցույթի նպատակն է բացահայտել ու խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում: Նախարարը կարևորել է, որ այս մրցույթի շրջանակում բուհերի ուսանողների միջև բարձրանա մրցակցությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի նրանց որակական առաջընթացին, հետաքրքրությունների ընդլայնմանը, ինքնադրսևորվելու հնարավորությունների խթանմանը և կարողությունների բացահայտմանը:
Լավագույն ուսանողներին ողջունել են նաև Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը: Լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների հավաստագրերը, ինչպես նաև նախարարության դրամաշնորհով տպագրված նվերները՝ գրքերը, հանձնել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Քանդակագործություն» մագիստրոսի կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Մուշեղ Մուսայելյանը զբաղեցրել է 1-ին տեղը, իսկ «Գրաֆիկա» բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Ալիկ Կոստանյանը՝ 2-րդ տեղը։