«Երբ արվեստը կյանք է, և կյանքը՝ արվեստ»
Հարգելի դասախոսներ և ուսանողներ, հոկտեմբերի 15-ին, ժամը 15։30 Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի մեծ դահլիճում անց է կացվելու Նիկոլ Շեռվիեի «Երբ արվեստը կյանք է, և կյանքը՝ արվեստ» խորագրով միջոցառումը։
Նիկոլ Շեռվիեն արվեստագետ է և նկարչուհի։ Դասախոսել է Լիոնի համալսարանում, Սենթ էթիենում։ Եղել է դասախոսների մրցույթի հանձնաժողովի անդամ։ Նկարչուհին այցելել է Կամբոջա, Չինաստան՝ մշակութային համագործակցության առաքելությամբ։ Նրա ուղղությունը ժամանակակից արվեստն է։ Շեռվիեն եղել է նաև Ժամանակակից արվեստի ասոցիացիայի նախագահ, ունեցել է մի շարք ցուցահանդեսներ և գեղարվեստական պրոյեկտներ։
Նրա վերջին նախագիծը կոչվում է «Ֆրանսիական գառնուկները Հայաստանում․ ուղղությունը դեպի Կովկաս»։ Վերջերս Ֆրանսիայի Հանրապետության նվիրատվությամբ Հայաստան հասավ ֆրանսիական ցեղատեսակի 300 գառ։ Ավելի վաղ՝ այս տարվա մարտին, ֆրանսիական թերթերից մեկում կարդալով այս մտադրության մասին, Նիկոլի մոտ միտք էր առաջացել այցելել Հայաստան և իրականացնել ծրագիրը։
Նախագծի արդի հատվածում Շեռվիեն հանդիպում է հայ ֆերմերների հետ, զրուցում և լուսանկարում նրանց։ Հետագայում արված լուսանկարները Հայաստանի և Ֆրանսիայի արվեստի բուհերի ուսանողներին են ներկայացվելու, որոնցից ոգեշնչվելով վերջիններս արվեստի գործեր են ստեղծելու (գեղանկար, կոլաժ, քանդակ և այլն)։ Նախագծի ամփոփումը լինելու է ցուցահանդեսի տեսքով։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ։
Միջազգային կապերի բաժին