Ցուցահանդես՝ «աշխատասիրության, անկեղծության և անմիջականության մասին»
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը, որի դռները միշտ բաց են ուսանողների և դասախոսների ստեղծագործությունների ցուցադրության համար և այն հենց դրան է ծառայում ՝ ուսանողի ստեղծագործությունները հանրայնացնելուն և արվեստագետի համար շատ կարևոր՝ արձագանքներ ստանալուն, համավարակի պատճառով մի առժամանակ դժվարություններ ունեցավ ցուցահանդեսների կազմակերպման։ Երեկ այստեղ բացվեց համակարգչային գրաֆիկայի 4-րդ կուրսի ուսանող Տիգրան Գրիգորյանի` «Ոգեշնչում» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Հրավերքային պաստառի վրա նրա ամենահետաքրքիր նկարներից մեկն է պատկերված՝ վերնագրված «Խորը կենտրոնացում»։ Կարծում եմ՝ սա ցուցահանդեսային աշխատանքների և հենց Տիգրանի ներքին հիմնական վիճակի ամենաբնորոշ արտահայտությունն է՝ մտքի կանոնակարգման, ասել է թե՝ մտասևեռման ընթացքի։ Նկարը կարելի է կարդալ նաև որպես՝ մարդն իր մտքերի արգասիք կամ զոհ։
Այնպիսի տպավորություն է, թե արտաքին աշխարհի ազդակները զուտ այն ֆորմաներն են, որոնց միջոցով է նա արտահայտում իր զգացողությունները, երևույթների ընկալումները։ Այդպիսին է «Մղձավանջ Իսահակյան փողոցում» նկարը, որտեղ ծանոթ փողոցի մի իրադրություն կամ պահ նրան տպավորվել է մղձավանջային, որն արտահայտել է Էդվարդ Մունկի հայտնի «Ճիչը» ստեղծագործության արտապատկերման՝ իմաստային հատուկ կրկնակի ձևով։ Սպասում, սեր, կիրք, անհանգստություն, մարդկային այս զգացումներն են նրա աշխատանքների ներքին լեյտմոտիվը։
Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանի գնահատմամբ Տիգրանի այս ցուցահանդեսը աշխատասիրության արդյունք է․ «Մյուս ուսանողները երբ վաղուց տուն գնացած են լինում, նա դեռ շարունակում է աշխատել, իր ես-ի ձևավորման շատ հաջող ընթացքի մեջ է»։ Տիգրանի ստեղծագործական ոճը, ըստ նրա, մոտ է պրիմիտիվիզմին։ Գծանկարչության և գունանկարչության ամբիոնի վարիչ Վահե Գասպարյանի կարծիքով Տիգրանի այս գործերը տարբեր ուղղությունների փորձեր են, որտեղ նա իր համար բացահայտել է ուզում նկարչությունը․ «Տիգրանի ստեղծագործական նկատելի աճը շնորհիվ աշխատասիրության է»։ Նա պատմեց, թե ինչպես իր սովորելու շրջանում շատ տաղանդավոր, սակայն աշխատել չսիրող, ծույլ ուսանողներ նկարչության մեջ ոչինչ չարեցին, գնացին-կորան և հակառակը՝ շատերը, ովքեր առանձնահատուկ տաղանդով աչքի չէին ընկել, լավ արդյունքներ ունեցան։ «Այս ցուցահանդեսը, – ասաց նա,- աշխատասիրության, անկեղծության և անմիջականության մասին է»։
Մելանյա Բադալյան