Մշակութային երկխոսություն
ՀԳՊԱ-ի և Թեհրանի գեղարվեստի ակադեմիայի միջև համագործակցության հուշագրի ստորագրումից մեկ ամիս անց
Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Թեհրանի գեղարվեստի ակադեմիայի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, հարևան երկու երկրների հետագա փոխհարաբերությունների զարգացմանն ի նպաստ։ Ամիսը դեռ չլրացած այս համագործակցության առաջին ծրագիրն իրականություն դարձավ՝ մեր ակադեմիայի սրահում իրանցի արվեստագետների գեղեցիկ ցուցահանդեսով։
Ներկայացված էին շուրջ 70 աշխատանքներ՝ աչքի ընկնող և կարծես՝ գերակշիռ մասով դիմանկարներ, որոնց մեջ տպավորիչ էին հատկապես ծեր մարդկանց դիմանկարները՝ տարիների հետքի, դեմքը ակոսած կնճիռների ընդգծմամբ, նաև երիտասարդ կանանց, տղամարդկանց, երեխաների հետաքրքիր դիմանկարներ, որոնցում ամենաարտահայտիչը, իհարկե, աչքերն էին՝ արևելքին բնորոշ հայացքի խոսուն խորքով։
Իրանցի արվեստագետների վերաբերմունքը կենդանական աշխարհին կարելի էր պատկերացնել հենց թեկուզ մեկ գործի միջոցով, այնքան տպավորիչ ու ազդեցիկ՝ ձիու մի փոքր կորացած գլուխ, հայացքի մեջ խոհուն թախիծ․ ավելի պատկերավոր արտահայտել թերևս հնարավոր չէր։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Իրանի մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, կազմակերպիչները, հեղինակներից մի քանիսը։
Բացման խոսքում ՀԳՊԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, ողջունելով ներկաներին, իր տպավորություններն արտահայտեց ներկայացված աշխատանքների նկատմամբ՝ շնորհակալությամբ ցուցահանդեսի կազմակերպիչներին, դեսպանին, մշակույթի կենտրոնի խորհրդականին, այն արվեստագետներին, ովքեր այսքան ճանապարհ անցել էին՝ ցուցահանդեսին մասնակցելու համար։ «Մեր ակադեմիաների այս համագործակցությունը ևս մեկ քար է այն կապերի հիմքում, որ կան Հայաստանի և Իրանի միջև՝ բարի դրացիության, խաղաղ գոյակցության, ապագա տեսնելու։ Եվ ավելի լավ ձև, ավելի անմիջական ճանապարհ միմյանց ճանաչելու, քան արվեստն ու գեղեցիկն է, չկա»։
Ցուցահանդեսը դեռ օրեր կհանգրվանի ակադեմիայի դահլիճում՝ հնարավորություն տալով ուսանողներին և դասախոսներին ծանոթանալու իրանցի արվեստագետների ստեղծագործական մոտեցումներին, եղանակներին, ոճին։ Խոսելով Իրանի և Հայաստանի մշակութային կապերի հին պատմությունից, պրն Զոհուրին նշեց, որ լինելով բարձր մակարդակի վրա այսօր էլ, այսպիսի միջոցառումները կարող են նպաստել դրանց էլ ավելի զարգացմանը, և միմյանց պակաս ճանաչելիության հանգամանքները կարող են լուծվել նման ցուցահանդեսների միջոցով։ Նա միաժամանակ նկատեց, որ այսպիսի միջոցառումները նշանակություն, ազդեցություն ունենում են ոչ միայն մշակույթի, այլև կյանքի մյուս բնագավառների՝ տնտեսության և անգամ քաղաքականության վրա։
Մշակույթը՝ որպես երկու երկրների երկխոսության լեզու, միմյանց ճանաչելու և լավագույն հարաբերություններ կառուցելու միջոց դիտարկեց Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային․ «Իբրև Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոն, մեր առաքելությունը համարում ենք համագործակցությունը՝ որպես ամենաարդյունավետ միջոց։ Դրա լավագույն ձևը համապատասխան հաստատությունների միջև գործուն կապերն են, ինչպես ահա այս միջոցառումն է։ Համագործակցության հուշագրի ստորագրումից մեկ ամիս անց առաջին այս քայլը շարունակական է լինելու»։
Ավելի աշխույժ դիտարկում սկսվեց նրա այն խոսքից, թե թյուր կարծիք կա աշխարհում Իրանում կանանց իրավունքներին վերաբերող։ Մինչդեռ, ինչպես ասվեց, դրա հերքման լավագույն ապացույցներից է այն, որ ցուցահանդեսի մասնակից հեղինակների մեծ մասը կանայք են, նաև՝ տարբեր բնագավառներում Իրանում կանանց ներկայիս արձանագրած մեծ հաջողությունները։ Նկատվեց, որ իրենց հանձնարարություններում կանայք շատ ավելի որակյալ և բարձրամակարդակ աշխատանք են ներկայացնում, և որ իրանական հեղափոխությունից հետո կանանց դերը հասարակության մեջ փոխվել է, նրանք ընտանեկան պարտականություններին, երեխաների դաստիարակությանը զուգահեռ իրենց կարողությունները դրսևորում են կյանքի տարբեր ասպարեզներում, ստեղծագործական ոլորտում նույնպես։
ՀԳՊԱ-ի Հոգաբարձուների խորհրդի, Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, շնորհավորելով ներկաներին, կարևորեց այն հանգամանքը, որ ընդամենը մեկ ամիս առաջ կնքած հուշագիրը սպասեցնել չտվեց, գործուն արձագանքը եղավ շատ արագ, և որ առաջին այս նախագիծը անպայման շարունակություն է ունենալու։
Ստեղծագործական աշխատանքներն ընդհանուր ներկայացրեց ցուցահանդեսի կազմակերպիչը։
ՀԳՊԱ-ի և Կոնսերվատորիայի համագործակցության շրջանակում հիշյալ միջոցառմանը կոնսերվատորիան նույնպես ունեցավ մասնակցություն․ երրորդ կուրսի ուսանողուհի Տաթևիկ Հակոբյանը սրահի գունային տրամադրությանը ավելացրեց հաճելի նոտա՝ հնչեցնելով Նիկողայոս Տիգրանյանի ստեղծագործություններից արևելյան մոտիվներով գեղեցիկ մեղեդի։
Ավարտին ՀԳՊԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյանին, ակադեմիայի Միջազգային կապերի բաժնի վարիչ Մերի Պատվականյանին, Իրանի դեսպանատան աշխատակից Արմինա Սարգսյանին, Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիին, Ալի Ռեզա Ղարայիին, Ֆաթեմեհ Ջամշիդիին հանձնվեցին շնորհակալագրեր։ Ցուցահանդեսի մասնակից բոլոր արվեստագետներին հանձնվեցին մասնակցության սերտիֆիկատներ։
Մելանյա Բադալյան