1940-ականների սկզբին հայ արվեստագետների շրջանում սկսել էր քննարկվել Երևանում գեղարվեստի բարձրագույն ուսումնական հաստատության ստեղծման գաղափարը: Արա Սարգսյանը և Մարտիրոս Սարյանը նամակներում հաճախ են շոշափում այդ նվիրական հարցը և դրա իրականացման ուղիները: Արա Սարգսյանը հասարակական ակտիվ գործունեության ու կազմակերպչական ունակությունների շնորհիվ մեծ հեղինակություն էր վայելում: Ուստի նա էլ ձեռնամուխ եղավ այդ գործին, որ դյուրին բան չէր: Հայրենական պատերազմի ավարտին երկրում կային բազմաթիվ հրատապ խնդիրներ, հարկավոր էր արմատական հիմնավորում գտնել, համոզել Երևանի ու Մոսկվայի համապատասխան կառույցներին, որ Հայաստանում կերպարվեստի ինստիտուտ ունենալն իրոք անհրաժեշտություն է։ Ղեկավար մարմինների հետ բանակցություններ վարելու և թույլտվություն ստանալու համար Սարգսյանն ու Սարյանը քանիցս մեկնում են Մոսկվա, իսկ վերջին անգամ՝ նաև ԽՍՀՄ նկարիչների միության նախագահության միջնորդությունը ստանալու առիթով։ Բարեբախտաբար, արվեստի բուհի նախադեպն արդեն կար. մեկ տարի առաջ թատերական ստուդիայի հիման վրա ստեղծվել էր Թատերական ինստիտուտը։
Վերջապես, 1944-ի գարնանը ստացվում է ԽՍՀՄ Ժողկոմխորհին կից բարձրագույն դպրոցների համամիութենական կոմիտեի (BKBШ) համաձայնությունը` Գեղարվեստի ինստիտուտ բացելու մասին, որն այնուհետև հաստատվում է Հայաստանի կենտկոմի և ժողկոմիտեի կողմից, իսկ հրամանը (թիվ 335) տրվում է 1945-ի հունիսի 29-ին։
Սա հայ ժողովրդի կյանքում իրոք բացառիկ պատմական իրադարձություն էր, քանի որ օժտված երիտասարդներն այլևս ստիպված չէին լինի մեկնել այլ քաղաքներ՝ մասնագիտական բարձրագույն կրթությունը կստանային հայրենիքում, իսկ Հայաստանում ապրող արվեստագետները հնարավորություն կունենային դասախոսական աշխատանքով իրենց վարպետությունն ու գեղարվեստական միտքը նրանց փոխանցել։ Այդպիսով՝ նաև կերպարվեստի բնագավառում վերականգնվում էր ցանկացած քաղաքակրթության հիմք հանդիսացող ուսուցիչ-աշակերտ շարունակական կապը:
Հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ այդ երազը իրակականում է: …Սա պատմություն է»,- 1944-ի հունիսի 10-ին Մարտիրոս Սարյանին ուղղված նամակում գրում է Արա Սարգսյանը:
Այդ տարիներից սկսած՝ գեղարվեստի բուհը եղել է Հայաստանի մշակութային կյանքի կարևորագույն զարկերակ, չորս սերունդ արվեստագետ-մտավորականների ստեղծագործական շփման կենտրոն, մտքերի, աշխարհայացքների, ոճերի, գեղարվեստական սկզբունքների բախման ու ձևավորման կենսունակ շրջանակ, հայ քաղաքային մշակույթին համ ու հոտ տվող՝ վառ անհատականությունների, կուրյոզ միջադեպերի, առասպել դարձած իրողությունների, անեկդոտների ու «ֆրազաների» հիշողությամբ հյուսված ավանդույթի խորհրդանիշ: Ժամանակին համընթաց ու փոփոխությունների նկատմամբ զգայուն՝ ինստիտուտի ղեկավար կազմը մշտապես գիտակցել է արվեստի տարբեր ճյուղերի կարևորությունը երկրի մշակույթի ու տնտեսության համար և առաջինն է արձագանքել հարկավոր մասնագիտությունների գծով բաժինների ստեղծման պահանջին:
Ինստիտուտի առաջին ռեկտոր (այն տարիներին՝ «դիրեկտոր») է նշանակվում Արա Սարգսյանը, ով այդ պաշտոնին մնում է մինչև 1959-ը, իսկ մոտ 25 տարի՝ մինչև կյանքի ավարտը, ղեկավարում է քանդակի ամբիոնը։ Ստեղծագործական դինամիկ և հարուստ ուղի անցած անվանի քանդակագործը, որ ուսանել էր Կ. Պոլսի Գեղարվեստի վարժարանում և Վիեննայի Գեղարվեստի ակադեմիայում, ապա կատարելագործվել Փարիզում, միաժամանակ՝ ակտիվ հասարակական գործիչ էր, եղել էր «Նեմեսիս» գործողության մասնակից, Հայաստանի նկարիչների միության կազմակերպիչներից և առաջին նախագահը: Նրա ընտրությունը՝ որպես նորաբաց բուհի ղեկավար, շրջահայաց որոշում էր. շնորհիվ իր դիրքի, կապերի և կազմակերպչական ունակությունների՝ նա ի վիճակի կլիներ լուծել ինստիտուտի հիմնադրման և կայացման ճանապարհին առաջացած խնդիրները:
Ընկեր Վարդանյանը ինձ կանչեց և երկար խոսելուց հետո ինստիտուտի դիրեկտորի պաշտոնն առաջարկեց, ավելացնելով, որ կան մի շարք դժվարին կազմակերպչական աշխատանքներ, որ այդպիսիք միայն ես կարող էի լուծել,- Սարյանին հասցեագրած նույն նամակում հայտնում է նա:- Ճիշտն ասած այդ գործը ինձանից շատ ժամանակ և եռանդ է խլելու, բայց պատմական գործ է, երկրի ժողովրդի կուլտուրայի և պատվի հետ կապված լինելու հանգամանքը ինձ ստիպեց տալ իմ համաձայնությունը»:
Արա Սարգսյանի ցանկությունն էր, որ հայկական գեղարվեստի ինստիտուտի անունը սերտորեն կապված լինի Սարյանի հետ, որովհետև նա է լինելու ինստիտուտի հիմքը և նրան է պատկանելու ամենապատվավոր տեղը, և խնդրել է վարպետին, որն այդ ժամանակ Մոսկվայում էր, անպայման գալ Երևան` ինստիտուտի հանդիսավոր բացումն անձամբ կատարելու: Միաժամանակ, առաջարկում էր յուղանկարչության (հիմա` գեղանկարչության) ֆակուլտետի, որն ըստ ծրագրի հիմնական ֆակուլտետն էր լինելու, դեկանի և պրոֆեսորի պաշտոնը:
Չկա մեզանում մի ուրիշ մարդ, քան Սարյանը, որը իր մեջ մարմնավորեր մեր արվեստը իր բոլոր կողմերով, ներկայով և ապագայով»,- խոստովանել է նա:
Պրոռեկտորի («դիրեկտորի տեղակալ») պաշտոնը զբաղեցնում է գեղանկարիչ, Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայի սան Բաբկեն Քոլոզյանը։ Մեկ տարի հետո նրան փոխարինում է արվեստաբան Եղիշե Մարտիկյանը, ով նաև Արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչն էր մինչև 1953-ը:
Կարելի է պատկերացնել, թե հետպատերազմյան տարիների քայքայված տնտեսության պայմաններում ինչպիսի բարդությունների հետ էր կապված ընդամենը մի քանի ամսում անհրաժեշտ գույք ու սարքավորումներ ձեռք բերելը, արվեստանոցներն ու կաբինետները կահավորելը, դասախոսներ հավաքելը, ուսումնական ծրագրեր կազմելն ու ընդունելություն կազմակերպելը։ Բացի անվանի ավագ վարպետներից (Սարյան, Կոջոյան, Սարգսյան, Ստեփանյան, Գյուրջյան), ուսումնական առաջին տարվանից հրավիրվում են դասավանդելու նաև երիտասարդ տաղանդավոր արվեստագետներն ու արվեստաբանները, որոնցից մեծ մասն արդեն մանկավարժական փորձ ունեին, ինչպես Էդուարդ Իսաբեկյանը, Արա Բեքարյանը, Մհեր Աբեղյանը, Եղիշե Մարտիկյանը, Վահան Հարությունյանը: Իսկ հաջորդ տարվանից նրանց են միանում Արփենիկ Նալբանդյանը, Վռամշապուհ Շաքարյանը, 1947-ին՝ Բուլղարիայից նոր վերադարձած հայտնի քանդակագործ Գրիգոր Ահարոնյանը, ինչպես նաև Կարապետ Մեծատուրյան և Էդդա Աբրահամյան ամուսինները։ Վերջիններս Թբիլիսիի Ակադեմիայում Էդուարդ Իսաբեկյանի, Արփենիկ Նալբանդյանի, Հռիփսիմե Սիմոնյանի և Մկրտիչ Քամալյանի համակուրսեցիներն են եղել: Դասախոսական հիմնական կազմից բացի տարբեր դասընթացների համար հրավիրվում են լավագույն մասնագետները: Անատոմիա դասավանդում էր Երևանի բժշկական ինստիտուտի անատոմիայի ամբիոնի վարիչ Մկրտիչ Այվազյանը, էսթետիկա՝ Արշակ Ադամյանը, ճարտարապետության պատմություն՝ հայտնի հնագետ, Էջմիածնի Մայր տաճարի պեղումների ղեկավար Ալեքսանդր Սահինյանը, հայ արվեստի պատմություն՝ արվեստաբան, Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր տնօրեն Ռուբեն Դրամբյանը, գրաֆիկա՝ Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիան ավարտած, գրաֆիկայի բազմազան տեխնիկաներին փայլուն տիրապետող, Երևանի պատմության կարևորագույն դրվագներն անմահացրած Արարատ Ղարիբյանը։
Անհնար է պատկերացնել, թե ինչպիսի խանդավառ նվիրում, գերբեռնված աշխատանք է պահանջվել հիմնադիրներից և առաջին տարիների արվեստագետ-դասախոսներից: Նրանց ջանադիր հոգածության շնորհիվ ուսանողները ոչ միայն յուրացնում էին մասնագիտության արտահայտչային ու տեխնիկական լեզուն ու միջոցները, այլ, աչքի առաջ ունենալով ուսուցիչների կյանքն ու արվեստը, ստեղծագործական կերտվածքն ու մարդկային խառնվածքը՝ կայանում ու վարպետանում էին որպես մարդ-անհատներ ու անհատ-արվեստագետներ։ Այդ են ցուցանում նրանց և այդ տարիների ուսանողների հուշերում ու նամակներում հանդիպող սրտառուչ պատմությունները, փոքրիկ, բայց նշանակալի դրվագները, խոհերն ու երկխոսությունները։
Ինստիտուտին հատկացվել էր Աբովյան պուրակում գտնվող երկհարկանի գողտրիկ շենքը, որը ճարտարապետների նախկին ակումբն էր եղել, և ուր այժմ տեղակայված է Վանիկ Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի թանգարանը: Սակայն այն շատ փոքր էր և պատրաստ չէր ուսումնական տարին սկսելու համար: Այդուհանդերձ, Սարգսյանը համաձայնվում է` գտնելով, որ համառել ընդունելու առաջարկը` նշանակում է հարցը փակել, իսկ հետագայում միշտ էլ կարելի է տեղափոխվել, ինչը և իրականանում է տարիներ անց: Մինչև այս շենքի նորոգման աշխատանքների ավարտը ժամանակավորապես հյուրընկալվում են Գեղարվեստի ուսումնարանում, ուր և անցկացվում են ընդունելության քննություններն ու առաջին ամիսների դասերը։
Արվեստի բուհ ընդունվելու առաջին և հիմնական պայմանն, իհարկե, դիմորդի ստեղծագործական ընդունակություններն են, որոնք ստուգելու համար մշակված են հատուկ մեթոդներ ու եղանակներ։ Ընդունելության քննությունները սովորաբար տևում էին երկու շաբաթ․ առաջնությունը տրվում էր մասնագիտական առարկաներին։ Սակայն զուտ ստեղծագործական օժտվածությունը բավարար չէ գեղարվեստական բուհում սովորելու համար, հարկավոր է նաև ամենօրյա հետևողական աշխատանք։ Այն ուսանողները, որոնք առաջին կուրսի ավարտական քննությունների ժամանակ մասնագիտական առարկաներից անբավարար գնահատական էին ստանում, ճանաչվում էին «պրոֆեսիոնալ ոչ պիտանի» և դուրս մնում ինստիտուտից։
Առաջին տարում ընդունելություն կատարվել է միանգամից առաջին և երկրորդ կուրսերում։ Ուսանողները տարբեր տարիքի էին, նրանցից շատերը պատերազմի մասնակիցներ էին, ոմանք էլ կիսատ էին թողել ուսումը՝ Երևանում գեղարվեստական ինստիտուտ չլինելու պատճառով։ Քննություններ հանձնեցին և երկրորդ կուրս ընդունվեցին նաև Գեղարվեստի ուսումնարանի ստեղծագործական խմբի շրջանավարտներ։ Բացի այդ, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժնից նոր բուհ տեղափոխվեցին մի խումբ ուսանողներ, որոնց թվում՝ քանդակագործներ Ղուկաս Չուբարյանը և Նիկողայոս Նիկողոսյանը, գեղանկարիչ Վաղինակ Ասլանյանը: Իսկ առաջին դիմորդներից էին հետագայում խորհրդահայ արվեստի դեմքը կերտած արվեստագետներ Գրիգոր Խանջյանը, Սարգիս Մուրադյանը, Արա Հարությունյանը, Անատոլի Պապյանը, Սերգեյ Բաղդասարյանը, Սերգեյ Արուտչյանը, Մկրտիչ Սեդրակյանը, Սուրեն Սաֆարյանը, որոնք, ինչպես հետագայում հիշել է Խանջյանը, հպարտ ու ոգևորված էին ինստիտուտի առաջին ուսանողները դառնալու համար և շնորհակալությամբ լցված` «դիրեկտորի» հոգատար վերաբերմունքի հանդեպ։ Պատմում են, որ Արա Սարգսյանը, ստանալով նախքան պատերազմը ուսումնարանն ավարտած շատ երիտասարդների դիմումներ, որոնք դեռ չէին զորացրվել, բայց իմանալով, որ Երևանում բացվել է Գեղարվեստի ինստիտուտ, ցանկանում էին մասնակցել քննություններին, բոլորին պատասխանում է. «Դուք ընդունված եք. դասերը սկսվելու են հոկտեմբերի 1-ից»: Նա Գեղարդ ուսումնարանում դասավանդելու տարիներից ճանաչում էր այդ երիտասարդներին, գիտեր յուրաքանչյուրի ընդունակություններն ու գիտելիքները և վստահ էր իր որոշման մեջ:
Արա Սարգսյանը նույն վերաբերմունքն է դրսևորել նաև դասախոսների ընտրության հարցում: 1945-ից ինստիտուտում դասավանդող Վահան Հարությունյանը պատմում էր, թե ինչպես դարձավ արտասահմանյան արվեստի պատմության դասախոս: Տեղյակ լինելով, որ Լենինգրադում ուսանած երիտասարդ արվեստաբանը կերպարվեստի գրքեր և արևմտաեվրոպական արվեստի հիշարժան գործերի հարյուրավոր վերատպություններ ունի, բացի այդ՝ աշխատում է Հայաստանի պետական պատկերասրահում և ուրեմն՝ նրան հասանելի են նաև թանգարանի գրադարանի գրքերը, մի օր զրույցի վերջում անառարկելի տոնով հայտարարում է. «Պատրաստվիր, որ դասախոսես արտասահմանյան արվեստի պատմություն»։ Վահան Հարությունյանը նույն առարկան դասավանդել է մինչև 1990-ը, հայտնի էր քննություն անցկացնելու իր յուրօրինակ մեթոդով, որին ուսանողները «վերիշ-նի-վերիշ» անունն էին տվել և որից ահ ու սարսափ ունեին: Նա հարցերի վերջում, արագ-արագ ու պատահական ընտրությամբ քննվողի առաջ էր դնում տարիների ընթացքում պատկառելի քանակի հասած վերատպությունների իր հավաքածուի օրինակները, և ուսանողը պետք է անվրեպ ճանաչեր հեղինակին ու ստեղծագործությունը:
Արա Սարգսյանը նաև անգնահատելի ուսուցիչ էր: 1947-ին Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիան ավարտելուց և Մոսկվայում կատարելագործվելուց հետո Երևան տեղափոխված քանդակագործ Թերեզա Միրզոյանը երեք տարի ասիստենտ է եղել Սարգսյանի կուրսում, որից հետո անցել դասախոսական աշխատանքի։ Այդ տարիները հիշելով՝ նա երախտագիտությամբ գրում է.
Արա Միհրանիչի կողքին ես հասու էի լինում դասախոսական արվեստի ոչ դյուրին գործին։ Նրա հետ աշխատելը հեշտ չէր, սակայն՝ բերկրալի էր։ Նրա հսկայական էրուդիցիան, մեծ փորձն ու լայն գիտելիքները, սուր աչքը, խստապահանջությունը, հումորն ու բարյացակամությունը դեպի ուսանողները՝ անսպառ էին»։
Արա Սարգսյանի հուշատախտակն այսօր զարդարում է Գեղարվեստի ակադեմիայի ֆասադը (հեղինակ՝ Տարիել Հակոբյան): Այն հանդիսավոր արարողությամբ տեղադրվել է բուհի 65-ամյակի տոնակատարության առիթով:
Ի սկզբանե ինստիտուտն ուներ երկու ֆակուլտետ՝ յուղանկարչության (գեղանկարչության) և քանդակագործության։ Յուղանկարչության ֆակուլտետում առանձնացված էին գունանկարչության ու կոմպոզիցիայի, թատերական ձևավորման և գրաֆիկայի, իսկ քանդակագործության ֆակուլտետում՝ քանդակի ու կոմպոզիցիայի բաժինները: Ուսուցումը տևում էր վեց տարի, վերջին տարին ամբողջությամբ նվիրվում էր դիպլոմային աշխատանքի կատարմանը։ Մասնագիտական գլխավոր առարկաներն էին գունանկարչություն, գծանկարչություն, տպագրական գրաֆիկա, քանդակագործություն, կոմպոզիցիա, խեցեգործություն, անատոմիա, որոնք զբաղեցնում էին ընդհանուր դասաժամերի 60 տոկոսը։ Առաջին երկու տարիներին գունանկարչության, գրաֆիկայի և թատերական ձևավորման բաժինների ուսանողները մասնագիտական դասընթացները միասին էին անցկացնում, իսկ երրորդ կուրսից սկսվում էր նեղ մասնագիտացումը։ Ուսումնական ծրագրի մեջ ընդգրկված էին նաև հայ, ռուս և համաշխարհային արվեստների պատմությունը, հայերեն, ռուսերեն և օտար լեզուները, հասարակական-քաղաքագիտական առարկաներ, ռազմագիտություն։
1945-ին դասախոսների ընդհանուր թիվը տասնվեց էր՝ չորս պրոֆեսորի պաշտոնակատար, մեկ դոցենտ, մեկ դոցենտի պաշտոնակատար, յոթ ավագ դասախոս և երեք դասախոս:
Երկու ֆակուլտետներում գործում էին և ե՛ն գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, գծանկարչության, կերպարվեստի տեսության և պատմության ամբիոնները, որոնց հիմնադիր-դասախոսները, միավորելով պրոֆեսիոնալ կրթությունը, տեսական մանկավարժական գիտելիքները և ստեղծագործական ներուժը՝ կազմեցին առաջին ուսումնական ծրագրերը: Դրանք մշակված էին ըստ ԽՍՀՄ գեղարվեստական բարձրագույն կրթության ընդհանրական պարտադիր ծրագրերի, որոնք հիմնված էին ռուսական և եվրոպական մշակույթի ժառանգության ու դասավանդման ակադեմիական մեթոդների վրա։ Այդուհանդերձ, հայկական գեղարվեստական դպրոցի հիմնադիրները կայացած և անվանի արվեստագետներ էին՝ գեղարվեստական տարբեր կրթություն ստացած և ռուսական, ֆրանսիական, գերմանական, ավստրիական, իտալական արվեստների տարբեր դրսևորումներով ու տեխնիկական հնարքներով անցած: Նրանցից յուրաքանչյուրը գույնի, գծի, ծավալի մշակման ձևավորված պատկերացումն ուներ և իր սեփական վարպետությունն ու գիտելիքն էր հավելում ուսուցման դասական եղանակին: Այդպիսով ձևավորվեցին բուն հայկական արվեստի դասավանդման ավանդույթները թե՛ գեղանկարչության, թե՛ գրաֆիկայի, թե՛ գծանկարչության մեջ: Տարիների ընթացքում հղկվելով ու հոլովվելով՝ այդ ծրագրերի և դասավանդման տիպական մեթոդների սերուցքը դիմացավ ժամանակի փոփոխությունների ալիքին և պահպանվում է մինչև օրս։ Բացի այդ, դասախոսներն իրենք ծնունդով և դաստիարակությամբ արևմտա և արևելա-հայկական տարբեր շրջաններից ու քաղաքներից կամ արտերկրյա գաղթօջախներից էին, խոսվածքի, պահվածքի, նիստուկացի ու մտածողության բազմազան մշակույթներով, որոնց համատեղ գոյությունը՝ բախումներով ու փոխլրացումներով, կոլորիտով ու ֆոլկլորով, մի արտասովոր վառ ու շարժուն մթնոլորտ էր ստեղծում ինստիտուտի առօրյայում և նրա պատերից դուրս:
Գեղանկարչության ամբիոնի առաջին վարիչն է եղել հայ արդյունաբերական պեյզաժի հիմնադիր, արվեստի և հասարակության միջև կապերի սերտացման ջատագով և այդ նպատակով՝ Հայաստանում առաջին «Նկարիչների շրջիկ արվեստանոցի» նախաձեռնող Գաբրիել Գյուրջյանը, ով ավարտել էր Պենզայի Գեղարվեստական բարձրագույն արվեստանոցները և հաճախել ռուս առաջադեմ նկարիչների խմբակցություններին: Հիմնական դասախոսների կազմում էին այդ ժամանակ պետական ատեստավորման հանձնաժողովի նախագահ, հայ արվեստի նահապետ Մարտիրոս Սարյանը, առաջին պրոռեկտոր, ռեալիստական ոճի արվեստագետ Բաբկեն Քոլոզյանը, ինչպես նաև ավելի երիտասարդ նկարիչներ՝ Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիան նոր ավարտած, բայց արդեն ստեղծագործական մտքի խորություն և բարձր վարպետություն ունեցող, երիտասարդ Էդուարդ Իսաբեկյանը, որ նշանակվել էր որպես Մարտիրոս Սարյանի ասիստենտ, սարյանական «ֆովիզմի» հետևորդներ Արա Բեքարյանը և Մհեր Աբեղյանը, իսկ ավելի ուշ՝ ինստիտուտի առաջին շրջանավարտներից Շանթ Հերթևցյանը: Հաջորդ տասնամյակում ամբիոնի վարիչի պաշտոնում Գյուրջյանին փոխարինել են Արա Բեքարյանը (1953-58), ապա՝ Բաբկեն Քոլոզյանը (1958-71):
Քանդակագործության ամբիոնը ստեղծվել է Արա Սարգսյանի և Լենինգրադում, Թիֆլիսում, Մոսկվայում գեղարվեստական կրթություն ստացած, մոնումենտալ արձանարվեստի և ճարտարապետական զարդաքանդակի վարպետ, սոցռեալիզմի լավագույն ավանդույթների կրող Սուրեն Ստեփանյանի ջանքերով։ Առաջին երկու տարիներին միայն նրանք էին դասավանդում «քանդակագործություն և կոմպոզիցիա» առարկաները։ Տարեցտարի, կուրսերի և ուսանողների ավելացման հետ, հրավիրվեցին և՛ արդեն վաստակ ունեցող, և՛ երիտասարդ արվեստագետներ, ինչպես՝ Գրիգոր Ահարոնյանը, Կարապետ Մեծատուրյանը, Էդդա Աբրահամյանը, Թերեզա Միրզոյանը։ 1960-ական թվականներին դասախոսական աշխատանքի անցան առաջին տասնամյակի շրջանավարտներ Երեմ Վարդանյանը, Սերգեյ Բաղդասարյանը, Հովհաննես Բեջանյանը, Սուրեն Նազարյանը, ապա՝ Արա Հարությունյանը և Արշամ Շահինյանը։ Նրանց ստեղծագործությունները տարբեր ծավալներ ու պնդություն են հաղորդել խորհրդահայ քանդակին, և դրանցից շատերն այսօր էլ զարդարում են Երևանի ու Հայաստանի այլ քաղաքների ու գյուղերերի հասարակական վայրերը։ Արա Սարգսյանի մահվանից հետո ամբիոնի վարիչի պաշտոնը կարճատև ստանձնել են Սուրեն Ստեփանյանը (1969-71) և Գրիգոր Ահարոնյանը (1971-75), ապա` գրեթե քսան տարի (1975-93) ղեկավարել է հայ քանդակի երկաթյա լեդին և, ինչպես ուսանողներն էին ասում՝ «ժամանակի Անդրկովկասի երկու ամենագեղեցիկ կանանցից մեկը»՝ տիկին Թերեզա Միրզոյանը (մյուսն, ըստ նրանց, Մետաքսյա Սիմոնյանն էր):
Հետպատերազմյան շրջանի Հայաստանում նոր թափով ծավալվել էր գրահրատարակչական գործը, և թերթերի, ամսագրերի, գրքերի խմբագրություններում գրաֆիկ-նկարիչների խիստ կարիք կար։ Ուստի, ավելի քան արդարացված էր 1945-ին այլ բաժինների հետ նաև գրաֆիկայի բաժնի ստեղծումը, որի հիմնադիրն ու տասնամյա վարիչն է եղել գրաֆիկայի մեծագույն վարպետ Հակոբ Կոջոյանը։
Նա ավարտել էր Մյունխենի Գեղարվեստի ակադեմիան և հայ արվեստում անմահացավ հատկապես գրական գործերի նկարազարդումներով, առասպելական ու կենցաղային տեսարաններով, որոնց դինամիկ բայց հավասարակշռված հորինվածքները՝ ոճավորված ու խիստ դեկորատիվ լուծումներով և տարրերի մանրակրկիտ մշակվածությամբ՝ մեծ ազդեցություն ունեցան հայկական գրաֆիկայի յուրահատուկ դպրոցի ձևավորման վրա:
Կոջոյանին, ի սկզբանե, աջակցում էին ճանաչված նկարիչներ Ահարոն Խուդավերդյանը, Արարատ Ղարիբյանը և Ռուբեն Բեդրոսովը: Ըստ կրթական ծրագրի՝ առաջին և երկրորդ կուրսերի ուսանողներն ընդհանուր գիտելիքներ էին ստանում հաստոցային գրաֆիկայի կատարման եղանակների ու գրքի նկարազարդման վերաբերյալ, իսկ արդեն երրորդ կուրսից՝ իրենց ընտրությամբ մասնագիտանում էին գրաֆիկայի հիմնական տեսակներից մեկի մեջ։ Գեղարվեստական տպագրության նրբությունների տիրապետման և գործնական կարողությունների խորացման համար կարևորագույն գործոն էր գրաֆիկայի լաբորատորիայի գոյությունը: Վերջինի համար 1946-47 թվականներին ձեռք բերվեց գերմանական հայտնի «Գուտենբերգ» ֆիրմայի տպագրական երկու մեքենա, որոնցից այն ժամանակ ամբողջ հանրապետությունում ուներ միայն «Հայպետհրատ» կենտրոնական տպարանը։ Լաբորատորիան համալրվեց նաև անհրաժեշտ նյութերով ու պարագաներով՝ տպագրական քար, լիթոգրաֆիական թուղթ, ցինկոգրաֆիական սալիկներ, և այլն։ Մի խոսքով, ստեղծվեցին բոլոր պայմանները՝ շնորհալի նկարիչներից գեղարվեստական տպագրության հմուտ վարպետներ պատրաստելու համար։ Գրաֆիկայի բաժնի շրջանավարտներից շատերը, ինչպես Ալբերտ Ասլյանը, Խաչատուր Գյուլամիրյանը, Անուշավան Գասպարյանը, Արամ Զաքարյանը, Լիդա Խանամիրյանը, Վահրամ Խաչիկյանը, դարձան խորհրդահայ շրջանի գրքերի նկարազարդման ու պլակատի լավագույն նկարիչները։ 1956-ին Մոսկվայից պարտադրված որոշմամբ ամբիոնը փակվում է, բայց հետո, բարեբախտաբար, վերաբացվում 1963-ին՝ արդեն գծանկարի ամբիոնի կազմում։
Գծանկարչություն առարկան ի սկզբանե դասավանդվում է բոլոր ֆակուլտետներում ու բաժիններում, քանի որ այն կերպարվեստի ցանկացած տեսակի համար առանցքային է։ Առարկայի դասավանդման հիմքում, իհարկե, ակադեմիական մեթոդն է, որ ներառում է անտիկ արվեստի հանրահռչակ նմուշների և դրանց դետալների գիպսե պատճենների նկարչությունը և եվրոպական արվեստի դասականների գծանկարների կրկնօրինակումը, այնուհետև` անմիջապես բնորդից արվող գծանկարը: Ծրագրում պարտադիր կերպով ընդգրկված է հեռանկարչության օրենքների և մարդու անատոմիական կառուցվածքի ուսումնասիրությունը։ Մինչև 1988-ը անատոմիայի դասերն ընթանում էին Երևանի բժշկական ինստիտուտում, քանի որ Գեղարվեստում համապատասխան լսարան ու պայմաններ չկային։ Հետագայում, դիդակտիկ քարտեզներով, պլակատներով ու անհրաժեշտ այլ պարագաներով հագեցած հատուկ լսարան բացվեց։ Երկար տարիներ հեռանկարչություն է դասավանդել Ռուբեն Ալավերդյանը, իսկ անատոմիա՝ Երևանի բժշկական ինստիտուտի անատոմիայի ամբիոնի վարիչ Մկրտիչ Այվազյանը և Միհրան Ալթունյանը։
1946-ից մինչև 1978-ը, մի քանի տարվա ընդհատումով, գծանկարի ամբիոնի վարիչն է եղել Մոսկվայի Վխուտեինում կրթություն ստացած և Միության տարբեր քաղաքներում դասավանդած, կոմպոզիցիոն պատկերի և գծանկարի խոշորագույն վարպետ Վռամշապուհ Շաքարյանը:
Նրան աշակերտած նկարիչները բացատրում են «աշխարհում երբևիցէ ապրած լավագույն ռիսովալշչիկի» ուսուցման յուրահատուկ եղանակը՝ ըստ նկարվող մոդելի կառուցվածքի ուղղության շտրիխների դասավորությունը, որով կառուցվում են ծավալները և ինչի շնորհիվ գիծը ձեռք է բերում պլաստիկական արտահայտչականություն: Այնուհետև, գրեթե նույնչափ երկարատև նրան փոխարինել է Գրիգոր Աղասյանը (1979-1992): Ամբիոնի դասախոսներ են եղել հայ արվեստի անվանի գործիչներ և վաստակավոր մանկավարժներ՝ Հմայակ Ավետիսյանը, Հովհաննես Պողոսյանը, ապա՝ ինստիտուտի շրջանավարտներից Մանուկ Հովսեփյանը (1966-84-ի լեգենդար պրոռեկտոր Մանուկ Կարպիչը), Սարգիս Մուրադյանը, Սուրեն Սաֆարյանը, Պետրոս Մալայանը, Հենրիկ Մամյանը, Միհրան Սոսոյանը, Գևորգ Մնացականյանը, Վաղինակ Ասլանյանը, Արկադի Պետրոսյանը, Վաղարշակ Արամյանը: Այս արվեստագետներից շատերը գծանկարի ռուսական դասական դպրոցի ավանդույթներին զուգահեռ ուսանողներին փոխանցել են գծանկարի այլ, «հայկականացած» տեխնիկա ու մեթոդ, ինչպես, օրինակ, «տուշովկայի» մերժումը, գծի և ուրվագծի փոխարինումը լուսաստվերային ծավալաստեղծ շտրիխներով, և այլն:
Գեղարվեստի ակադեմիայի հինգերորդ՝ արվեստի պատմության և տեսության ամբիոնը, որ նույնպես սպասարկող ամբիոն էր, բացի դասավանդման կազմակերպումից, պետք է զբաղվեր նաև գիտահետազոտական աշխատանքով և արվեստի քննադատության հրապարակումներով: Այս ոլորտում հսկայական գործ կար անելու. չկային հայ և համաշխարհային արվեստի պատմության գրքեր, ուսումնա-մեթոդական ձեռնարկներ, կերպարվեստի տարբեր ճյուղերի ուսուցման խնդիրները լուսաբանող դասագրքեր: Արվեստի բուհերի համար ԽՍՀՄ մշակույթի նախարարության ուսումնական հաստատությունների գլխավոր վարչության կողմից մշակված տեսական և պատմական ուսումնական ընդհանուր ծրագրերը պետք էր տեղայնացնել՝ հավելելով հայ արվեստին, մշակույթին, հայոց պատմությանն ու գրականությանը վերաբերող առարկաներ և դասաժամեր, ինչն այնքան էլ հեշտ չէր, քանի որ այդ դասաժամերը պետք է արտոնվեին գլխավոր վարչության կողմից և տեղավորվեին ընդհանուր ժամաքանակի սահմաններում։ Բացի այդ՝ հարկավոր էր նոր իրողություններում զարգացնել նաև հայ արվեստաբանական միտքը՝ հրատարակել առանձին նկարիչներին նվիրված մենագրություններ, արվեստային կյանքը վերլուծող և ներկայացնող հոդվածներ, աշխատություններ, և այլ նյութեր: Հիմնադրման առաջին տասնամյակում ամբիոնի վարիչն է եղել Եղիշե Մարտիկյանը, ապա` գրականագետ Սուրեն Հարությունյանը, իսկ 1972-77-ին՝ Վահան Հարությունյանը: Ամբիոնի առաջին շրջանի դասախոսներից էր մեծ էրուդիցիայի տեր, բազմակողմանի գործունեություն ծավալած արվեստաբան Ռուբեն Դրամբյանը, որի շնորհիվ նաև մեծապես հարստացավ Ազգային պատկերասրահի հավաքածուն:
Եղիշե Մարտիկյանը դասավանդել է մինչև 1980-ը նրա հետաքրքիր կերպարը դեռևս թարմ է իր վերջին ուսանողների հիշողության մեջ: Պատմում են, որ նա, վանեցու քաղաքային կոլորիտով ու արևմտահային հատուկ հղկված նիստուկացով, մշտապես փնթփնթացել է՝ անպատեհ տեղերում գտնելով Վահան Հարությունյանի ծխախոտի հետքերը։ Վերջինս, կարելի է ասել, անընդհատ էր ծխում՝ դասերի, դասամիջոցների, թե քննությունների ժամանակ: Մարտիկյանը նաև չափազանց բծախնդիր էր արտաքին տեսքի խնամվածության հարցում և հաճախ էր պատահում, որ դասախոսներին նկատողություն անի չսափրված ներկայանալու համար, կամ էլ ուսանողներին գումար տա՝ որ անմիջապես գնան դիմացի սափրիչի մոտ: Մարտիկյանի անձի հետ շատ կոմիկ դիպվածներ են կապված: Ամենատարածվածը հայկական «Քոչարի» պարի շուրջ էր: Ըստ նրա` պարի մի հատվածում հարկավոր էր պպզել, ոչ թե ոտքը բարձրացնելով և գոտկատեղն «անշնորհք» առաջ հրելով շարժվել: Իմանալով այդ մասին՝ ուսանողները հաճախ էին հոգու հետ խաղում՝ հանկարծ հարցնելով. «Ընկեր Մարտիկյան, ճի՞շտ է, որ քոչարին սխալ են պարում»: Մարտիկյանն անմիջապես ոգևորվում էր, կավիճը դնում մի կողմ, դիրքավորվում ու բարձրաձայն ռիթմելով`սկսում էր երգիծական շարժուձևով ցույց տալ, թե որն է սխալ, որն է ճիշտ: Բայց նրա «աքիլեսյան գարշապարը» Մինաս Ավետիսյանի` ծնողների դիմանկարն էր, որի նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքը կապված էր Մարտիկյանի՝ ընդհանրապես ժամանակակից արվեստը չընդունելու դիրքորոշման հետ: Ուսանողներից մեկը, դարձյալ դասն ընդհատելու միտումով, հենց այնպես, «անմեղ» ձայնով դիմում էր պրոֆեսորին, թե ասում են՝ Մինաս Ավետիսյանը շատ էր սիրում ծնողներին: Մարտիկյանը դասը մոռանում էր և սկսում երկար-բարակ ապացուցել, թե մարդ ինչքան պիտի ծնողներին չսիրի, որ նման դիմանկար անի:
Եղիշե Մարտիկյանին ենք պարտական «Հայկական կերպարվեստի պատմություն» քառահատոր աշխատությունը, որտեղ հայերեն առաջին անգամ հավաքական շարադրանքով փորձ է արվել ներկայացնել հայ նոր շրջանի արվեստի ընդհանուր պատկերը՝ 17-րդ դարից մինչև 1920 թվականը: Նա հեղինակել է նաև «Այծեմնիկ Ուրարտու», «Փանոս Թերլեմեզյան» մենագրությունները: Վահան Հարությունյանի աշխատասիրությամբ լույս տեսած «Վարդգես Սուրենյանց», «Արձանագործ Տիգրան Դավթյան», «Գառզու» մենագրությունները այդ տաղանդավոր արվեստագետներին նվիրված առաջին ուսումնասիրություններն են հայ արվեստաբանության մեջ: Այս հրատարակությունները նաև դասագրքային արժեք ունեին և այժմ էլ մնում են գործածական: Առաջին ձեռնարկ-դասագրքերի շարքում արժանի են հիշատակման Մկրտիչ Այվազյանի «Պլաստիկ անատոմիա», Գրիգոր Ահարոնյանի «Մետաղե քանդակների մշակումը և պատինան»։
Հայ արվեստաբանության և քննադատական մտքի զարգացմանը նպաստել են նաև ինստիտուտի արվեստագետ դասախոսները՝ ի դեմս Մարտիրոս Սարյանի, Արա Սարգսյանի, Գաբրիել Գյուրջյանի, Բաբկեն Քոլոզյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Վռամշապուհ Շաքարյանի, Արա Բեքարյանի: Պարբերական մամուլում նրանց տպագրված հոդվածներն արծարծել են Հայաստանի մշակութային կյանքին վերաբերող բազմազան խնդիրներ, քննարկել տեսական և տեխնիկական հարցեր, անդրադարձել հայ և համաշխարհային անվանի նկարիչների արվեստին։ Նրանց տեսակետները, հարցադրումները, վերլուծությունները շատ դեպքերում առաջնային նշանակություն էին ունենում հանրային կարծիքի ձևավորման համար և արվեստի գնահատման չափանիշ էին դառնում։
Խորհրդային իշխանության օրոք ԽՍՀՄ մշակույթի նախարարության ուսումնական հաստատությունների գլխավոր վարչության կողմից հաստատված բուհական ուսումնական ծրագրով նախատեսված էր մի շարք հասարակագիտական առարկաների պարտադիր դասավանդումը, որը պետք է իրականացներ մարքսիզմ-լենինիզմի ամբիոնը: Բնականաբար, այդպիսի ամբիոն էր բացվել նաև Գեղարվեստի ինստիտուտում, որի առաջին վարիչն էր հեղափոխական գործիչ, պատմաբան Լևոն Վարդունին: Հետագայում այդ պաշտոնը ստանձնել են տնտեսագետ Լևոն Սարգսյանը, պատմաբաններ Խաչիկ Հակոբյանը և Հայկազ Ազիզբեկյանը։ Ամբիոնի առարկաներն էին՝ ՍՄԿԿ պատմություն, մարքս-լենինյան փիլիսոփայություն, քաղաքատնտեսություն, գիտական կոմունիզմի հիմունքներ, մարքս-լենինյան էսթետիկայի հիմունքներ, գիտական աթեիզմի հիմունքներ, ռազմական առարկաներ, որոնք բաշխված էին ըստ տարիների: Ավելի ուշ մտցվեց նաև հայ ժողովրդի պատմությունը։ Այս ամբիոնում են աշխատել Մարտին Չարյանը, Հայկազ Պողոսյանը, Բակունց Անանիկյանը, Լիլիա Ստեփանյանը և Սովետական Միության հերոս, գնդապետ Գեդեոն Միքայելյանը։
Ամբիոնի դասախոսների մեջ թերևս ամենավառ կերպարը փիլիսոփա, միջազգային ճանաչում վայելող կանտագետ, գերմաներենին փայլուն տիրապետող Արամայիս Կարապետյանն էր, որ հայտնի էր արևմտաեվրոպական դասական նկարիչների իր մասնավոր հավաքածուով: Դեռևս 30-ականների վերջից, երբ նա Կամո քաղաքում դպրոցի տնօրեն էր աշխատում, անեկդոտիկ հիշողություն է պահպանվել, որ նա զանգից հետո ուսուցչանոցում հապաղող ուսուցիչներին ատրճանակի կրակոցով էր դեպի դասասենյակներ ցրում: Շատ սուր, երբեմն հեգնական հումոր ուներ, տանել չէր կարողանում խոհելու և տրամաբանելու հակում չունեցող և գնահատական «խնդրող» ուսանողներին՝ գտնելով, որ արվեստագետը նախևառաջ պետք է փիլիսոփա լինի: Այդպիսիներին ժպիտով զգուշացնում էր. «Տղա՛, ինչպես հասկանում եմ՝ ես քեզ Գառնիում մատաղ պիտի անեմ ուրիշների հաջողության համար»: Փոխարենը չափից դուրս բարյացակամ էր ուսանողուհիների հանդեպ: Կարապետյանն էլ իր «թույլ կողմն» ուներ, որից տեղյակ էին ուսանողները և շատ հաճախ, միտումնավոր անիմաստ կամ դրդող հարցերով նրան զայրացնում էին, ստիպում էին շեղվել դասընթացից և մտավոր թռիչքներ կատարել դեպի «տրանսցենդենտալ կրիտիկա» և «տրանսցենդենտալ անալիտիկա», որոնք սովորաբար ավարտվում էին Գյոթեի, Շիլլերի, Հայնեի պոեմների գերմաներեն արտասանությամբ։
Գեղարվեստի ինստիտուտի ուսումնական ծրագրում ընդգրկված էր նաև հայ գրականության, հայերենի, ռուսերենի և օտար լեզուների ուսուցումը, սակայն ուսանողների համեմատաբար փոքր քանակի պատճառով հանրակրթական առարկաների առանձին ամբիոն չի բացվել, դասախոսելու հրավիրվել են այլ բուհերի մասնագետները, ինչպես Մ. Մխիթարյանը, Սոֆիա Քալանթարյանը, Ռաֆայել Տարոնացին։
Ինստիտուտի հիմնադրման առաջին տարիներին Արվեստի պատմության և տեսության ամբիոնին կից ստեղծվել է Արվեստների հատուկ կաբինետը, որի հիմնադիրն ու անփոխարինելի վարիչը Ֆլորա Դզնունին էր: Կաբինետի նպատակն էր հավաքել կերպարվեստի պատմության, անցյալ և ժամանակակից նկարիչների, արվեստաբանների, արվեստի գործիչների մասին արխիվային և ցուցադրական նյութեր, հրապարակումներ, զանազան տեղեկություններ, վերատպություններ, որոնց համար կազմված էին առանձին անվանական կամ թեմատիկ թղթապանակներ: Կաբինետը տեղակայված էր ամբիոնի աշխատասենյակում: Փոքրիկ ու շատ գեղեցիկ, զուսպ սեթևեթանքով և դիպուկ խոսվածքով այդ կինը՝ Ֆլորա Դանիլովնան կամ տիկին Ֆլորիկը, ինչպես նրան դիմում էին ուսանողները, ավելի քան կես դար իր աշխատանքային օրն առանց բացառության սկսում էր ընթացիկ մամուլի և պարբերականների քննությամբ, ապա խնամքով կտրում էր հարկավոր հոդվածներն ու տեղեկատվությունները և տեղավորում համապատասխան թղթապանակներում։ Նա և ընթերցասրահի աշխատակից Աննա Մելիքը կապեր հաստատեցին Մոսկվայի, Լենինգրադի, Թբիլիսիի արվեստի բուհերի հետ և կաբինետի ֆոնդը հարստացրին Հայաստանի համար հազվագյուտ նյութերով ու վավերագրերով։ Ֆլորա Դզնունին արվեստի պատմության և տեսության ամբիոնի աշխատասենյակի հոգին էր, «լուսամփոփը», բարի փերին: 70-80-ականներին, այդ ժամանակ ինստիտուտի ռեկտոր Վահագն Մկրտչյանը սովորություն ուներ ամեն օր մեծ ընդմիջմանն այցելության գալ արվեստի ամբիոն՝ հատուկ տիկին Ֆլորայի պատրաստած սուրճը վայելելու և տարբեր հետաքրքիր թեմաներով զրուցելու նրա, ամբիոնի վարիչի ու ներկա գտնվող դասախոսների հետ: 80-ամյա հոբելյանը նշելուց հետո, 1998-ին թողնելով իր «կյանքի պոստը»՝ Ֆլորա Դզնունին երկար չապրեց. հավանաբար չկարողացավ հանդուրժել թոշակառու ծեր կնոջ՝ իր համար ահավոր խորթ կարգավիճակը: Ֆլորա Դզնունու արխիվն իրավամբ եզակի հավաքածու է, որի արժեքն այսօր ոչ միայն չի նվազել, այլև բազմապատկվել է: Ներկայում հավաքածուի համալրմամբ զբաղվում են գրադարանի աշխատակիցները:
Արվեստի կաբինետին զուգահեռ, այն ժամանակվա սուղ պայմաններում հիմնադրվել է նաև կերպարվեստի մասնագիտական գրադարանը, որի առաջին վարիչն է եղել Ելենա Կոչուբինան (այնուհետև՝ Անահիտ Վարդանյանը, Լուիզա Գոքորյանը, Սեդա Մուրադյանը, Սիլվա Մարգարյանը, Սուսաննա Իսաբեկյանը): Գրադարանի ֆոնդը հատկապես հարստացավ 50-ականների վերջին, երբ նորանշանակ վարիչ Անահիտ Վարդանյանի ջանքերով հաջողվեց ձեռք բերել այդ ժամանակ լուծարված Երևանի բարձրագույն կուսակցական դպրոցի հարուստ գրականությունը: Այն այսօր կարող է պարծենալ բազմալեզու և արժեքավոր հավաքածուով, որում հաշվվում է ալբոմների, կատալոգների, համաշխարհային արվեստի հանրագիտարանների ու բառարանների, նաև՝ գեղարվեստական, պատմական, փիլիսոփայական ու տեսական գրականության մոտ 17800 միավոր գիրք: Կա հնատիպ գրքերի բաժին, որոնց թվում՝ բացառիկ հրատարակություններ, ինչպես Գեորգ Լյուտկեի՝ Լեոնարդո դա Վինչիին նվիրված ստվարածավալ աշխատությունը, Ֆ. Գոտենրոտի ռուսերեն «Արտաքին մշակույթի պատմությունը» երկհատորյակի առաջին հրատարակությունը, Բրոկհաուզի հանրագիտական բառարանը: Տարիների ընթացքում գրադարանը բազմաքանակ նվիրատվություններ է ստացել, որոնցից հատկապես նշանակալի են Էդուարդ և Արամ Իսաբեկյանների, Կամո Գյանջյանի, Լիլյա Ստեփանյանի, նեյրովիրաբույժ Ժիրայր Դարբինյանի, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի, նաև՝ Հայաստանում Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանատների հավաքածուները։
Նկարիչների վարպետացման համար ընդհանրապես մեծ կարևորություն ունեն ուսումնական պրակտիկաները: Ինստիտուտի հիմնադրման տարվանից դրանք պարտադիր էին բոլոր բաժինների ուսանողների համար և անցկացվում էին ամառվա երկու ամիսներին, Հայաստանի տարբեր շրջաններում, հատկապես՝ Ծաղկաձորում, Լոռիում, Դիլիջանում: Այդ ընթացքում ուսանողները բացօթյա ճեպանկարներ ու էսքիզներ էին անում, ծանոթանում տեղի բնությանը, պատմական հուշարձաններին, շփվում բնակիչների հետ։ Ապա, նոր ուսումնական տարվա սկզբին, կատարված աշխատանքները ցուցադրվում էին և քննարկվում: Բացի այդ՝ Նկարչի տանը պարբերաբար կազմակերպվում էին վերջին կուրսերի շնորհալի ուսանողների ստեղծագործությունների ցուցահանդեսներ։ Այս ավանդույթը շարունակվում է մինչև օրս՝ աստիճանաբար ընդգրկելով տարբեր բաժինների ուսանողների առավել մեծ շրջանակ, առաջադրանքների ընդլայնված ծրագիր և այցելվող վայրերի ավելի լայն ընտրություն: Ուսանողներն ուղևորվել են Բյուրական, Սևանի կղզի, Արայի լեռ, Ապարան, Բուժական, Գառնու ձոր, որտեղ բացի կոմպոզիցիայի էսքիզներից, կատարել են պլեներային դիմանկարներ, գյուղական միջավայրի, կենցաղային ժանրի աշխատանքներ: Պրակտիկայի ընթացքում սովորություն էր դարձել հին ու հնաոճ իրեր հավաքել՝ նատյուրմորտների համար: Իսկ տարվա ընթացքում պարտադիր ուսուցման ծրագրի մեջ էր Հրազդանի ձորում և Կենդանաբանական այգում ճեպանկարներ անելը:
Ուսումնական վերջին տարին սկսվում էր ուսանողների դիպլոմային աշխատանքի թեմայի, նախագծի և էսքիզների քննարկմամբ ու հաստատմամբ, որից հետո, ղեկավար դասախոսների հսկողությամբ և խորհուրդներով, հորինվածքներն ավարտին էին հասցվում և ներկայացվում պաշտպանության։ Առաջին տարիներին որակավորման հանձնաժողովի նախագահն է եղել Մարտիրոս Սարյանը, հետագայում, բացի ինստիտուտի գլխավոր մասնագետներից, հրավիրվել են Հայաստանի նշանավոր արվեստագետներ, Մոսկվայի, Լենինգրադի, Ռիգայի գեղարվեստի բուհերի ռեկտորներ և պրոֆեսորներ:
1950-51-ից սկսած՝ մեկ այլ բարի ավանդույթ է դառնում դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը Հայաստանի նկարիչների միության դահլիճում անցկացնելը, որ շարունակվում է մինչև օրս։ Պաշտպանության ընթացքը բաց էր բոլորի համար և վերածվում էր երիտասարդ արվեստագետների հետ շփվելու, նրանց ստեղծագործություններին ծանոթանալու հրաշալի առիթի, իսկական արվեստային իրադարձության:
Հատկապես 1955-60-ականներին, երբ Երևանում մշակութային օջախներն առանձնապես շատ չէին, ցուցահանդես-պաշտպանությունները բուռն արձագանք էին գտնում մայրաքաղաքի մշակութային կյանքում: Թերթերում ու ամսագրերում շրջանավարտների և պաշտպանության մասին հակիրճ լրատվությունից բացի տեղադրվում էին աշխատանքային պահի լուսանկարներ և վերլուծական բնույթի հոդվածներ: Այդ տարիների «Խորհրդային Հայաստան», «Արվեստ», «Գրական թերթ», «Ավանգարդ», «Երեկոյան Երևան», «Литературная Армения», «Коммунист», «Комсомолец» պարբերականներում կարդում ենք տարբեր հեղինակների քննադատականներ, որտեղ գնահատելով հաջողված ստեղծագործությունները՝ նրանք նաև նշում են թերություններն ու բացթողումները։ Իհարկե, չմոռանանք, որ այդ հոդվածներում արտացոլված են ժամանակի շունչն ու արվեստի գնահատման «պաշտոնական», գաղափարապես ընդունելի տեսակետները, այդուհանդերձ, տաղանդավոր ուսանողների գործերը, նրանց ձեռք բերած գիտելիքն ու վարպետությունը, ստեղծագործական անհատականությունը միշտ էլ նկատվել են։