
Ֆրանսիայի դեսպանի այցը Գեղարվեստի ակադեմիա
Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովը, որ անցկացվեց հոկտեմբերի 7-ից 12-ը, անկասկած մեզանում ունեցավ իր ազդեցությունը, քաղաքակրթական հետքը: Բազմամշակութային այն միջավայրը, որ ստեղծվեց այստեղ ավելի քան 80 երկրի պատվիրակությունների ներկայությամբ՝ իր առանձնահատկություններով արտահայտված Ազատության հրապարակի Ֆրանկոֆոնիայի ավանում, միտված էր այն նպատակներին և սկզբունքներին, որոնք ընկած են ՖՄԿ գաղափարական հիմքում: Այն է՝ ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանություն, մշակույթի և քաղաքակրթությունների երկխոսություն, մշակութային բազմազանության խթանում, ֆրանկոֆոն երկրների համագործակցության զարգացում: Եվ մանավանդ՝ ՖՄԿ «Հավասարություն, փոխլրացում, համերաշխություն» կարգախոսը հարիր և անհրաժեշտ էր ժողովրդական կառավարման, ներքին վերափոխումների, մարդու իրավունքների ու իրական ազատությունների հայկական հեղափոխական ներկայիս ժամանակաշրջանին:
Երևանը տոնական էր, հյուրընկալ ու բաց մեր հյուրերի առաջ:
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան մշտապես իր մասնակցությունն է ունեցել Ֆրանկոֆոնիայի օրերին, այս տարի առավել ակտիվորեն: Գարնանը գրաֆիկայի բաժնի ուսանողները մասնակցեցին «Թումո» տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպված «Խոհարարական արվեստը պատկերապատումների մեջ» թեմայով վարպետության դասին, հետո էլ ակադեմիայի դահլիճում հետաքրքրական բանախոսություն կազմակերպվեց «Իմպրեսիոնիզմը և Սեզանը» թեմայով՝ «Սեզանի հաղթանակը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությամբ: Մեկ շաբաթ առաջ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացված գեղանկարչության ամբիոնի դասախոսների աշխատանքների ցուցահանդեսը նույնպես նվիրված էր Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովին: Ակադեմիայի արտաքին կապերի բաժնի վարիչ Մարինե Պատվականյանի նախաձեռնությամբ երեկ այստեղ տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պրն Ջոնաթան Լաքոթի հետ: Նա գոհունակություն հայտնեց, որ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան երկրի մշակութային մյուս կառույցների հետ ունեցավ իր ներդրումը Ֆրանկոֆոնիայի ծրագրերի մեջ, որի դրսևորումներից մեկը՝ ներկայիս ցուցահանդեսը, արտահայտում է հայ ժամանակակից արվեստի բազմազանությունը: Խոսելով երևանյան գագաթաժողովի հաջող ընթացքի մասին, դեսպանը կարևորեց հայերի ջերմ ընդունելությունը՝ դրսևորած Ֆրանկոֆոնիայի ավանում:
Մշակութային բազմերանգության, առանձնահատկությունների մեջ իհարկե ընդհանուրը և առանցքայինը ֆրանսերեն լեզուն էր: Մեջբերելով Ֆրանսիայի նախագահի խոսքը, թե ֆրանսերենը ստեղծագործելու լեզու է, Լաքոթը նկատեց, որ այս ցուցահանդեսը ցույց է տալիս Ֆրանկոֆոնիայի արժեքների փոխանցումը մշակույթի միջոցով:
Դեսպանը նաև շրջայց կատարեց ակադեմիայում, եղավ արվեստանոցներում, հյուրընկալվեց ռեկտոր Արամ Իսաբեկյանի աշխատասենյակի արվեստային մթնոլորտում՝ հետագա համագործակցության հեռանկարով:
Մելանյա Բադալյան