ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` «ԳՐԱՆՇԱՆ 23-24»-ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ
«Գրանշան»-ի միջազգային արտահերթ համաժողովը
Այս տարվա հունիսի 17-ին անգլիական Ռիդինգ քաղաքում կայացած «Գրանշան 23-24» համակարգչային տառատեսակների միջազգային մրցույթի մասնակից «Գրանշան»-ի հիմնադիր, ՀԳՊԱ դասախոս Էդիկ Ղաբուզյանը ներկայացրել էր GHEA Fortune և GHEA Apricot տառատեսակները և արժանացել Ոսկե մեդալի։
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի այս ուսումնական տարվա առաջին ցուցադրությունը նվիրված էր այդ հիշարժան իրադարձությանը, որն ամփոփում էր մրցույթին ներկայացված աշխատանքները` ավելի քան 100 տառատեսակի։
Միաժամանակ ցուցահանդեսին զուգահեռ ցուցասրահում կայացավ «Գրանշան» ֊ի միջազգային արտահերթ համաժողովը, որի ընթացքում տեղի ունեցավ մրցանակատվչության արարողություն։ Համաժողովի բացման խոսքը և վարման ընթացքը «Գրանշան»-ի հիմնադրման ակունքներում կանգնած, մրցութային ժյուրիի առաջին անդամներից, բանաստեղծ Գագիկ Խաչատրյանինն էր։
Ելույթ ունեցեղները` Դիզայնի և դեկորատիվ կիրառառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը, Համակարգչային գրաֆիկայի ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանը Էդիկ Ղաբուզյանի տարիների մանկավարժական գործունեության, տառաստեղծ մասնագետներ պատրաստելու նրա ներդրումի, վաստակի, նվիրումի մասին խոսեցին։ Մանկավարժ, ուսուցիչ, որի աշակերտները նույնիսկ ձմեռային արձակուրդներին կամավոր գալիս էին ակադեմիա, վարպետը նրանց էր փոխանցում տարիների իր գիտելիքն ու փորձը, հայկական տառի գաղտնիքները։ Արդյունքը ուշացնել չտվեց, նրա ուսանողները բազմաթիվ անգամներ են մասնակցել միջազգային մրցույթների, նրանցից շատերը արժանացել են պատվավոր մրցանակների։
Ավետիք Ավետիսյանը, անդրադառնալով քաղաքային ազդագրերի, պաստառների դիզայնին, դրանցում օգտագործված տառատեսակների անճաշակությանը, բավական խիստ արտահայտվեց։ Հայաստանում կան լուրջ մասնագետներ, ովքեր աշխատում են նվիրումով` ի նպաստ հայկական տառարվեստի զարգացմանը, ստեղծելով տասնյակ նոր տառատեսակներ։ «Էդիկ Ղաբուզյանը ստեղծել է տառատեսակների մի այնպիսի շարք, որի յուրաքանչյուր մասնիկ մշակված է և իսկապես արժանի է քաղաքում տարածվելու և օգտագործվելու»,֊ ասաց նա։
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը գեղեցիկ մի պատմություն ներկայացրեց հնում ապրած իմաստուն գրագրի մասին. լեգենդը պատմում է, որ նրա ստեղծած տառերը գիշերները դուրս էին գալիս ու պարում լուսնի լույսի պարը։ Մի օր սակայն թշնամին հարձակվում է բնակավայրի վրա, ուր ապրում էր գրագիրը, և նա թողնում, հեռանում է` իր հետ տանելով տառերի գաղտնիքը` խոստանանալով, որ կվերադառնա ու կսովորեցնի այն։ «Էդիկը, կարծես, այդ հին իմաստունի վերադարձն է մեր օրերում։ Հայաստանում միակ մարդը, ով համակարգված և պարբերաբար ստեղծում է հայկական տառատեսակներ։ Նրա տաղանդը միայն հայկական այբուբենով չի սահմանափակվում, աշխատում է նաև հունական, կիրիլիցա և լատինական տառատեսակներով։
Նա մեր օրերի իմաստուն գրագիրն է, որը ոչ միայն պահպանում է հայկական գրավոր խոսքի ավանդույթները, այլև հաղորդում է նոր կյանք` 21֊րդ դարի համատեքստում»։
Դրվատանքի շատ խոսքեր ասվեցին վարպետի մասին, բայց ամենակարևորը, թե ինչպես է նա մտածում և հոգում ընթերցողի մասին, հաշվի առնում յուրաքանչյուր հանգամանք։ Գիրը, ամեն տառատեսակ նա ստեղծում է նվիրումով, յուրաքանչյուր դետալ ու մասնիկ մտածված ու մշակված, որովհետև սիրում է ընթերցողին, սիրում է մարդուն։
Շատ ջերմ , անմիջական ու բարեկամական մտերմությամբ խոսեց Ղաբուզյանի մասին «Գրանշան»-ի նախագահ Բորիս Կոհանը` արժանացնելով նրան պատվավոր Ոսկե մեդալի։
Վարպետի շնորհակալական խոսքը ուղղված էր իր կոլեգաներին, մրցույթի, համաժողովի կազմակերպիչներին, ժյուրիի անդամներին, մրցույթի մասնակիցներին, բոլոր աջակիցներին, ցուցասրահի աշխատակիցներին, ներկաներին։
«Գրանշան» ֊ի անցած ուղին` հիմնադրման` 2008 ֊ից սկսած, այդ տարիներին տարված աշխատանքները, միջազգային մրցույթները, համաժողովները հանգամանալի ներկայացրեց «Գրանշանի»-ի հիմնադիր անդամ Անժելա Պողոսովան։
Տեսանյութով հայ վարպետին շնորհավորական ուղերձներ հղեցին անվանի տառաստեղծ, խմբագիր, գրքի դիզայներ Ջոն Բերրին և գրաֆիկ դիզայներ, «Վրացական տառատեսակ» ասոցիացիայի հիմնադիր նախագահ Նինո Ջիշկարիանին։
Համաժողովը եզրափակվեց Վերոնիկա Բուրիանի ելույթի ուրախ, կենսախինդ խոսքով` մրցույթի, մրցանաբաշխության աշխատանքներին վերաբերող և ավարտվեց մրցանակակիրներին պարգևների շնորհմամբ։
«Հայկական տեքստային տառատեսակներ» անվանակարգում մրցանակները շնորհվեցին Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանող Մերի Ղարիբյանին (1-ին կարգի մրցանակ), շրջանավարտ Արման Հարությունյանին (2-րդ կարգի մրցանակ), Լևոն Չքոլյանին (3-րդ կարգի մրցանակ)։
Ուսանողներ Հակոբ Մալքչյանն ու Աննա Հովհաննիսյանն արժանացել են Բրեինդ ՍՊԸ հանձնաժողովի հատուկ կարծիքի:
«Հայկական ազատ ոճի տառատեսակներ» անվանակարգում մրցանակները տրվեցին ՀԳՊԱ շրջանավարտներ Արման Հարությունյանը (1-ին կարգի մրցանակ), Սյուզաննա Հակոբյանը (2-րդ կարգի մրցանակ)։
Հանձնաժողովի հատուկ կարծիքի արժանացել է ՀԳՊԱ դեցենտ Տիգրան Սոսոյանը: