«Վեներայի ծնունդը» սրտի կաթվածի է հասցրել իտալացուն
Ֆլորենցիայի Ուֆիցցի պատկերասրահում այցելուն Սանդրո Բոտիչելլիի «Վեներայի ծնունդը» (մոտավորապես 1478-1482 թթ․) դիտելուց անմիջապես հետո սրտի կաթված է ստացել։
Ինչպես հաղորդում է «The Daily Mail» պարբերականը, Բոտիչելլիի հանրահայտ կտավի զոհը 70-ամյա իտալացի է, որի անունը չի հանրայնացվում։ Նրա սիրտը կանգ է առել, սակայն բժիշկները կարողացել են անհրաժեշտ օգնություն ցույց տալ։ Տղամարդն այժմ վերականգնում է առողջությունը Ֆլորենցիայի հիվանդանոցներից մեկում։
Նշենք, որ նման դեպքերը հայտնի են ոչ պաշտոնական Ստենդալի սինդրոմ անվան տակ։ Այն արտահայտվում է գլխապտույտով, ուշաթափությամբ, հալյուցինացիաներով, անգամ սրտի կաթվածով՝ «մեծն գեղեցկությանը» բախվելիս։ Թեև Ստենդալի սինդրոմը պաշտոնական բժշկության կողմից չի ընդունվում, միայն Ֆլորենցիայում ավելի քան հարյուր նման դեպք է արձանագրվել։