Վան Գոգի «Արևածաղիկները» Ճապոնիա է «ուղևորվելու»
Տոկիոյում գալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ Լոնդոնի Ազգային պատկերասրահը բացառիկ քայլի է դիմել. Ճապոնիա են «ուղևորվելու» Վան Գոգի «Արևածաղիկները» (1888) և 60 այլ կտավ։ Սա բարեգործական ակցիա չէ, փոխառության համար պատհերասրահը միլիոններ է ստանալու։ Վերջնական գումարը դեռևս քննարկման փուլում է։
Գլուխգործոցները ցուցադրվելու են Տոկիոյում (2020-ի մարտի 3-ից մինչև հունիսի 14-ը) և Օսակայում (հուլիսի 20-ից մինչև հոկտեմբերի 18-ը): Լոնդոնի Ազգային պատկերասրահի 200-ամյա պատմության ընթացքում նման փոխառություն երբևէ չի եղել։ Ինչ վերաբերում է Վան Գոգի «Արևածաղիկներին», ապա պատկերասրահում 1924-ին հայտնվելուց ի վեր այն միայն երկու անգամ է լքել նրա պատերը. 2002-ին և 2013-ին կտավը ցուցադրվել է Ամստերդամի Վան Գոգի թանգարանում։ Հաջորդ «ուղևորությունը» նախատեսվում է 2019-ի մարտին. «Արևածաղիկները» Թեյթ պատկերասրահում կայանալիք «Վան Գոգը և Բրիտանիան» ցուցահանդեսի «աստղերից» մեկն է լինելու։
Ճապոնիա ուղևորվող 60 կտավները Լոնդոնի Ազգային Պատկերասրահի գոհարներն են՝ XV-XX դարերի եվրոպական արվեստի լավագույն նմուշները։ Կտավների ցուցակը կհրապարակվի աշնանը։ Տասնյակ հազարավոր զբոսաշրջիկները, որոնք հատուկ Լոնդոն են մեկնում՝ Ազգային Պատկերասրահ այցելելու, իհարկե, դժգոհելու առիթ կունենան։ Կտավները «բացակայելու են» ինը ամիս։ Սակայն, ինչպես նշում է Մեծ Բրիտանիայի թվային տեխնոլոգիաների, մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի հարցերով պետքարտուղար Ջերեմի Ռայթը, կտավների փոխառությունը ջերմորեն ողջունվում է իր գլխավորած կառույցի կողմից։ «Աշխարհի հետ կիսելով մեր գանձերը, մենք լավագույնս ենք ներկայացնում Բրիտանիան աշխարհում»,- օրերս հայտարարել է նա։
Ճապոնիայում կայանալիք ցուցահանդեսների հովանավորը երկրի խոշորագույն մեդիա հոլդինգ «Յոմիուրի Շիմբոն» է։ Արվեստի միլիոնավոր սիրահարներ արդեն իսկ անհամբերությամբ սպասում են այս բացառիկ ցուցահանդեսներին։ Լոնդոնի Ազգային պատկերասրահի խոսնակը նշել է, որ բանակցությունները երկարատև էին և գաղտնի, այդ իսկ պատճառով ինքն ի զորու չէ բարձրաձայնել ձեռք բերված պայմանավորվածության դրամական արժեքը։ Օսակայի թանգարանի տնօրեն Տոշիո Յամանաշին, իր հերթին, անդրադարձել է միայն ցուցահանդեսների գեղագիտական կողմին։ «Սիրտս տրոփում է այս հիասքանչ սպասումից,- ասել է նա։- Սա եզակի հնարավորություն է՝ ընկղմվել հրաշալի կտավների հեքիաթային աշխարհի մեջ»։