Ռիո դե Ժանեյրոյի Ժամանակակից արվեստի թանգարանը լուծել է ֆինանսական խնդիրները,
Սակայն բյուրոկրատական խոչընդոտների պատճառով Ջեքսոն Պոլլոքի կտավի համար սպասվածից կրկնակի պակաս գումար է ստացվել
«Phillips» աճուրդի տան մասնակցությամբ Ջեքսոն Պոլլոքի «Համար 16» (1950) կտավը վաճառվել է մոտ 13 մլն դոլարով։ Նոր սեփականատիրոջ անունը և գործարքի ստույգ թիվը չեն բարձրաձայնվում։ Կտավը 1952-ին Ռիո դե Ժանեյրոյի Ժամանակակից արվեստի թանգարանին նվիրել էր Նելսոն Ռոքֆելլերը, և մինչ օրս այն Բրազիլիայում հանրայնորեն ներկայացված Պոլլոքի միակ աշխատանքն էր։ Ֆինանսական ծանր կացության պատճառով կտավի վաճառքի մասին որոշումը թանգարանն ընդունել էր մոտ մեկ տարի առաջ։ Տնօրեն Կառլոս Ալբերտո Շատոբրիանը նշում է, որ թանգարանը երեք միլիոն դոլարի պարտք ունի և 1,2 մլն տարեկան շահույթ։ Այնինչ, նրա գործունեությունն ապահովելու համար տարեկան երկու միլիոն դոլար է անհրաժեշտ։
«Համար 16»-ը նախատեսված էր վաճառել 25 մլն դոլարով։ Այս գումարը պատրաստ էր վճարել ոմն բրազիլացի հավաքորդ։ Այսպիսով թանգարանը կապահովեր իր անխափան աշխատանքը մի քանի տասնամյակ շարունակ, և պայմանագրի համաձայն իրավունք կունենար տարվա ընթացքում մի քանի ամիս շարունակել ցուցադրել կտավն իր սրահներից մեկում։ Սակայն բյուրոկրատական խոչընդոտների պատճառով գործարքի ժամկետն անցնելուն պես գնորդը հրաժարվել էր իր առաջարկությունից։
Կտավի վաճառքի մասին թանգարանի կայացրած որոշումը մեծ դժգոհություն է առաջացրել հասարակության մեջ։ Արվեստի ավելի քան 170 գործիչներ ստորագրել են մանիֆեստ, որում ասվում է, թե թանգարանը պարտավոր էր ֆինանսական խմդիրները լուծելու այլ ճանապարհներ փնտրել։ Որպես օրինակ նրանք նշում են Սան Պաուլուի Գեղարվեստական թանգարանը, որին հաջողվել էր բարենպաստ կառավարման ծրագրի իրականացման միջոցով շտկել վիճակը. վերջինիս պարտքը գրեթե 30 միլիոն դոլար էր կազմում։
Շատոբրիանն իր հերթին հակադարձում է, թե վաճառքի արդյունքում ձեռք բերված գումարը ծայրահեղ անհրաժեշտ էր, քանի որ էլէեկտրաէներգիայի, անվտանգության և ջերմաստիճանային ռեժիմի ապահովումն արդեն վտանգի տակ էին, իսկ դա սպառնում էր թանգարանի ողջ հավաքածուի գոյությանը։ «Պատկերացրեք, թե ինչ կկատարվեր, եթե էլեկտրաէներգիայի վարձը չմուծելու համար անջատվեր հոսանքը։- ասում է նա։- Ավելի լավ է վաճառել մեկ կտավ, քան կորցնել 16 000 այլ աշխատանքներ»։
Ի դեպ, դրանցից մեկը՝ Կոնստանտին Բրանկուզիի հեղինակությամբ արձանը, պատրաստվում էին վաճառել 1980-ականներին, երբ թանգարանի բացումից քիչ անց հրդեհը ոչնչացրել էր հավաքածուի գրեթե բոլոր կտավներն ու արձանների մեկ երրորդը։ Այն ժամանակ Ժամանակակից արվեստի թանգարանը ստիպված էր նույնիսկ ժամանակավորապես փակվել։ Սակայն օգնության եկած մեկենասների շնորհիվ այն հաջողվել էր վերաբացվել՝ խուսափելով արձանի վաճառքից։