ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ` ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ LIVER-Ի
Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների` տարբեր կազմակերպությունների հետ աշխատելու փորձը հարստացավ ևս մեկով։ Liver կազմակերպության հետ համագործակցության ծրագրի շրջանակներում կատարված առաջին աշխատանքը «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում երեկ բացված «Աշխարհը և մենք» ցուցահանդեսն է` կերպարվեստի բաժնի (գեղանկար, գրաֆիկա, քանդակ) 4-րդ կուրսի ուսանողների։
Liver-ն իրականացնում է արվեստի հետ կապված տարբեր գործառույթներ, ինչպես` համագործակցություն արվեստի ոլորտում, արտկոնցեպտի մշակում, ցուցահանդեսների (տոնավաճառներ, աճուրդներ) կազմակերպում, արտդիլինգ, արվեստն ինտերիերում, մասնակցություն արվեստի միջազգային հարթակներում, արվեստի բրենդավորում, պորտֆոլիոյի ստեղծում, մենեջմենթ և այլ։
Ակադեմիայի ռեկտոր Վարդան Ազատյանը նման աշխատանքները գնահատում է ուսանողի` հենց սովորելու ընթացքում կապի մեջ լինելը, առնչվելը արվեստի խնդիրների հետ։ Նա խոսեց աշխատանքի ընթացքի որոշ բարդությունների մասին, որ հաղթահարվել են իհարկե, և որին ներգրավված է եղել նաև ռեկտորը։
«Ցուցահանդեսը կարևոր է նաև այն պատճառով, որ կազմակերպման մեջ ներգրավվեցին մեր արվեստաբան֊ կուրատորները [Անահիտ Ասատրյան, էլեն Ղազարյան]։ Կարևոր է, որ մեր ցուցասրահում ցուցահանդեսները սկսեն արվել կուրատորական աշխատանքով։ Սա առաջին քայլերից է այդ ուղղությամբ։
Բարդ համագործակցության ծրագիր էր, որ արվեց ոչ միայն ակադեմիայից դուրս, այլև ակադեմիայի ներսում»։ Միջուսանողական շփումների, մերձեցումների, ակադեմիայի տարբեր կուրսերի, բաժինների ուսանողների` միմյանց հետ հարաբերվելու, կապեր ստեղծելու, հանդիպումների մասին խոսեց նա, որոնց ընթացքում ծնվում են նոր գաղափարներ, ծրագրեր։
Կատարված աշխատանքի, առաջին նման փորձի տպավորությունների մասին արտահայտվեցին ցուցահանդեսին մասնակցած արվեստաբան Էլեն Ղազարյանը և դասախոս Նարե Սահակյանը։ Եվ դարձյալ ընդգծվեց այն հանգամանքը, որ նման աշխատանքների կարևորությունը ուսանողների` միմյանց հետ աշխատելու փորձն է հատկապես։ Ցուցահանդեսային աշխատանքների հիմնական ուղղվածությունը, ինչպես գրում են Անահիտ Ասատրյանը և Էլեն Ղազարյանը, «Ինչպես են երիտասարդ հայ արվեստագետներն արձագանքում, ինչ անկյուններից են մոտենում ազգայինի և համաշխարհայինի հարաբերության շուրջ խոսակցություններին»։
Liver կազմակերպության տնօրեն Լուսինե Քարամյանը, կարևորելով ակադեմիայի հետ համագործակցության ծրագրի առաջին փորձի այս հաջողությունը, համարեց հետագայում այն շարունակելու վկայություն։ Նա նշեց, որ ցուցահանդեսի բոլոր աշխատանքները` կազմակերպման, համադրման, գրաֆիկ-դիզայնի, թե մեկ այլ, կատարվել է բացառապես ուսանողների ջանքերով, որևէ այլ մասնագետի միջամտություն չի եղել։