Շահակիցները ներկայացրեցին Համակարգչային գրաֆիկա ՄԿԾ-ում առկա խնդիրները
Համակարգչային գրաֆիկա մասնագիտության կրթական ծրագրի ուսանողների, շրջանավարտների և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում ևս վեր հանվեցին ծրագրում առկա խնդիրներն ու քննարկվեցին այսօրվա մարտահրավերները: Թեմաները հիմնականում ծավալվեցին կրթական ծրագրի ուսումնառության վերջնարդյունքների և դասընթացների փոխկապվածության, դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդների համապատասխանության, առկա և անհրաժեշտ ռեսուրսների շուրջ:
Շրջանավարտները անդրադարձան ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին և այն խնդիրներին, որոնք խոչընդոտում են ուսանողների մուտքը ոլորտ: Հատկապես շեշտադրեցին հետազոտության բաղադրիչի պակասը կրթական գործունեության մեջ, ինչպես նաև մի շարք դասաընթացների անհամապատասխանությունը այսօրվա միտումներին: Ուսանողները ներկայացրեցին իրենց մտահոգությունները առկա ռեսուրսների, դասընթացների ոչ շաղկապվածության, գնահատման մեթոդների վերաբերյալ՝ շեշտադրելով, որ անհրաժեշտ են ուսումնառության վերջնարդյունքների սահմանման, դասավանդման և ուսումնառության բարեփոխումներ, ինչպես նաև գնահատման մեթոդների հստակեցում: Ուսանողները կարևորեցին մագիստրոսական կրթական ծրագրի բարեփոխումները, որոնք թույլ կտան բակալավրի ուսանողներին առավել շահագրգռվածությամբ շարունակել ուսումը բուհում:
Կրթական ծրագրի պրոֆեսորադասախաոսական կազմը արձանագրեց փոփոխությունների անհրաժեշտությունը դասաընթացներում, որոնք պետք է միտված լինեն կրթական ծրագրով սահմանված ուսումնառության վերջնարդյունքներին և նկարագրված լինեն՝ հստակեցնելով դասավանդման և գնահատման մեթոդները, անհրաժեշտ գրականությունը: Դասախոսները ևս անդրադարձան ռեսուրսների համալրման խնդրին, ինչպես նաև մագիստրոսական և բակալավրական կրթական ծրագրերի հստակ սահմանմանը:
ՄԿԾ-ի վերանայման աշխատանքային խմբի կողմից արձանագրված նշումները կօգտագործվեն աշխատանքային խմբի կողմից բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերում հիմնարար փոփոխություններ կատարելու և վերանայելու համար:
Համակարգչային գրաֆիկա բակալավրի և մագիստրոսի վերանայված ՄԿԾ-երի նկարագրերը կներկայացվեն բոլոր շահակիցներին նախնական տարբերակների մշակումից հետո: