Մոնա Լիզան հանգիստ չի տալիս հետազոտողներին
Մոնա Լիզայի առեղծվածային ժպիտը հանգիստ չի տալիս գիտնականներին: Ինչպես հաղորդում է «Mayo Clinic Proceeding» պարբերականը, մի խումբ ամերիկյան հետազոտողներ եզրակացրել են, որ Լեոնարդո Դա Վինչիի հայտնի կտավում պատկերված կինն առողջական լուրջ խնդիրներ է ունեցել։
Նրանք վստահեցնում են, որ Մոնա Լիզան վահանաձև գեղձի անբավարարվածություն է ունեցել, իսկ դրա պատճառը, ամենայն հավանականությամբ, հղիությունն է եղել։
Նշենք, որ Լեոնարդո Դա Վինչիի «Մոնա Լիզան» կամ «Ջոկոնդան» աշխարհի ամենահանրահայտ կտավներից մեկն է։ Համարվում է, որ նկարիչը պատկերել է Ֆլորենցիայի վաճառականներից մեկի կնոջը։ Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ նկարի հերոսուհու մոտ հիվանդություն են ախտորոշում։ Այսպես, 2004-ին բելգիացի ռևմատոլոգների ու էնդոկրինոլոգների խումբը Մոնա Լիզայի մոտ քսանտելազմա էին հայտնաբերել (գոյացություններ կոպերի վրա, որոնք կանանց մոտ առաջանում են նյութափոխանակության խախտման ժամանակ), ինչպես նաև ճարպային հյուսվածքի բորբոքում։