«Ճապոնական գարուն»
Սումի-է գեղանկարչության և ծաղկահարդարման (իկեբանա) արվեստի վարպետության դաս ՀԳՊԱ-ում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հայ-ճապոնական «Հիկարի» կրթամշակութային կենտրոնի համագործակցությամբ արդեն երրորդ տարին է անց է կացնում ճապոնական մշակույթի օրեր՝ իր հարկի ներքո ստեղծելով ճապոնական մշակույթին բնորոշ էկզոտիկ մթնոլորտ՝ ուսանողների և հյուրերի համար: Ավանդույթի վերածվող այս միջոցառումը գարնան առաջին ամսին է կազմակերպվում, և տարվա այս եղանակի ընտրությունը պատահական չէ: Հենց այս օրերին՝ մարտի վերջերից Ճապոնիայում սկսվում է այս երկրի խորհրդանիշ սակուրայի (դեկորատիվ բալենի) ծաղկման ժամանակը, ողջ երկիրը վերածելով ճերմակավարդագույն շղարշե նրբագույն, բուրավետ ծաղկանոցի: Եվ ահա այս միջոցառումը հեռավորության վրա մեզ կամրջում է ճապոնական բնության այս հրաշքի և մշակույթի հետ մի ժողովրդի, որ անմիջականորեն գալիս է, ուղղակիորեն սնվում է բնությունից, շարժվում նրա օրենքներով, դասերով:
Ահա արդեն երեք տարի ակադեմիայի գրաֆիկայի բաժնի ուսանողները ճապոնացի վարպետներից սովորում են նրանց արվեստի տարբեր գաղտնիքներ, հնարքներ, միջոցներ: Սումի-է նկարչության և թեյախմության վարպետ, իկոնոբո դպրոցի բարձրագույն պրոֆեսոր Միդորի Յամադայի և նրա նախկին աշակերտ Գալինա Դավիդենկոյի այսօրվա վարպետության դասը նվիրված էր հնագույն ծագում ունեցող ճապոնական գեղանկարչության՝ սումի-է ուղղությանը, որն առանձնահատուկ է պահանջվող նյութի, տեխնիկայի ու հմտության առումով: Ներկը ստացվում է ծառի հատուկ տեսակից, որ մոխրացվում և խառնվում է տարբեր յուղերի հետ: Պատրաստված նյութը մշակման է ենթարկվում այնպես, որ ստացվի մեկ ներկի հինգ երանգ՝ սևից մինչև մոխրագույնի տարբեր շերտեր: Կարևորը դրա կիրառման տեխնիկային տիրապետելն է՝ ձեռքի հստակ և վստահ շարժումներ, վրձնին տիրապետելու հմտություն: Աշխատանքը կատարվում է մեկ շարժումով, նախապես էսքիզներ չեն արվում: Շարժումի վարպետությունն է ապահովում պատկերի մեկանգամյա, վերջնական արդյունքը, որին հետագա միջամտություն չի արվում: Այսինքն՝ փորձը, հմտությունն է ապահովում այս նկարչության բարձր որակը:
Երկժամյա աշխատանքի ընթացքում ուսանողները փորձեցին հետևել վարպետների խորհուրդներին, ովքեր ուշադիր վերաբերմունք էին ցուցաբերում յուրաքանչյուր ուսանողի հանդեպ. առաջադրանքը թռչնապատկերի մի քանի տեսակներ էին: Այս անգամ ուսանողների հետ վարպետության դասին մասնակցում էին նաև «Հիկարի» կենտրոնի մի քանի աշակերտներ:
Ավարտին, մի փոքր ընդմիջումով ներկայացվեց ճապոնական ծաղկահարդարման ավանդական արվեստը: Միդորի Յամադան իրեն բնորոշ համբերատար, խոնարհ կեցվածքով ու վարպետ կատարմամբ լսարանին ներկայացրեց իկեբանայի մի քանի նրբագեղ կոմպոզիցիաներ՝ տարբեր տեսակի ու նշանակության, ցուցադրելով զուսպ ճաշակի, ձևի ու գույնի ներդաշնակության հրաշալի օրինակներ: Հընթացս Գալինա Դավիդենկոն ներկայացնում էր իկեբանայի՝ ծաղկահարդարման այս հնագույն արվեստի ծագման մասին հետաքրքրական տեղեկություններ, դրա՝ ըստ նշանակության առանձնահատկությունները, պատրաստման տեխնիկան, եղանակները՝ ծաղկի ընտրությունից մինչև կոմպոզիցիայի մեջ այն տեղադրելու դիրքը, չափսը, ուղղությունը, ըստ բնության՝ արևի, լույսի, քամու շարժի, և դրանց իմաստավորման խորհուրդը: Այստեղ ամեն դետալ, ամեն շարժում իմաստավորված է, տրված է հատուկ նշանակություն՝ ինչպես ծիսական մի արարողություն: Այս գործողությունների ընթացքում իկեբանայի վարպետը մտային լուռ կապի մեջ է բնության հետ, և այն ոչ միայն հոգևոր է ու գեղագիտական, դա մարդուն բնության հետ զգայական կապի մեջ պահելու միջոց է:
Մելանյա Բադալյան