Հինգ պատմություն Պոլ Սեզանի մասին…
Որոնք, այնուամենայնիվ, չեն օգնի ձեզ՝ հասկանալ նրան
Պոլ Սեզանը վախ և անվսատհություն էր ներշնչում։ Նրա շրջապատում վստահ չէին, թե ինչ կարելի է սպասել նկարչից։ Բնորդուհիները քարանում էին սեսիայի ժամանակ՝ վախենալով շարժվել։ Ընկերները, նախքան որևէ մեկին նրան ներկայացնելը, զգուշացնում էին նորեկին. «Պոլը երկչոտ է և շուտ բռնկվող, նա դժվար է շփվում նոր ծանոթների հետ, կարող է խուսափել հանդիպումից։ Սակայն նա, նախ, հանճարեղ նկարիչ է, և, երկրորդը, դուք անպայման կսիրեք նրան, չնայած վերոնշյալին»։ Եվ այդ «չնայածը» միշտ գործում էր։
«Ոչ ոք իրավունք չունի ինձ դիպչել»
Մի անգամ աստիճաններով ներքև սլացող տղան ամբողջ ուժով հրել էր Պոլին։ «Հարվածն այնքան ուժգին և անակնկալ էր, որ երկար տարիներ շարունակ ինձ տանջում է վախը՝ այն կարող է կրկնվել։ Այդ ժամանակից ի վեր տանել չեմ կարող, երբ նույնիսկ պատահաբար են ինձ դիպչում»,- պատմում էր Սեզանը։
Երիտասարդ նկարիչ Էմիլ Բեռնարը Սեզանի աշակերտն էր ու ընկերը, նրա տաղանդի երկրպագուն ու վարպետի լավագույն լուսանկարների հեղինակը։ Մի անգամ զբոսանքի ժամանակ Սեզանը սայթաքում է, գրեթե ընկնում, սակայն Էմիլը հասցնում է նրան բռնել։ «Ոչ ոք իրավունք չունի դիպչել ինձ… Ոչ ոք, ոչ ոք…Երբեք, երբեք…»,- բղավելով, Սեզանը հրում է Բեռնարին, շրջադարձ անում ու վազում հետ՝ արվեստանոց։ Իսկ երեկոյան այցելում է աշակերտին և ներողություն խնդրում։
Նկար՝ անծանոթին
Մի անգամ Սեզանը՝ «Լողորդների հանգիստը» էսքիզը ձեռքին, անցնում է Սեն Լազար կայարանով։ Նրան է մոտենում մի անծանոթ ու խնդրում ցույց տալ նկարը։ Տեսնելով այն՝ գունատ ու հիվանդագին տեսքով անծանոթը պարզապես ցնցվում է նկարի գույներից, տեխնիկայից ու նկարչի տաղանդից։ «Եթե իմ ծառերն այդքան դուր են գալիս Ձեզ՝ խնդրեմ, վերցրեք նկարը»,- առաջարկում է Սեզանը։ Անծանոթն ասում է, թե վճարունակ չէ, և Սեզանը նվիրում է նկարը։ Նրանք հրաժեշտ են տալիս միմյանց, երկուսն էլ՝ երջանիկ ու բավարարված։
Այս պատմությունը, ինճպես նաև դրա շարունակությունը, հորը նվիրված իր գրքում պատմում է Օգյուստ Ռենուարի որդին՝ Ժան Ռենուարը։ Կայարանից Սեզանն ուղևորվում է Ռենուարի և Կլոդ Մոնեի համատեղ արվեստանոցը։ «Ես երկրպագու ունեմ»,- շեմից հպարտությամբ հայտարարում է նա։ Սեզանն այն ժամանակ չգիտեր, որ երկրպագուն չքավոր ու հավերժ հալածյալ երաժիշտ Էռնեստ Կաբաներն էր։ Նրանց երկրորդ ծանոթությունը տեղի է ունենում փարիզյան սալոններից մեկում։ Իսկ երեք տարի անց Սեզանն ապահովում է իր հավատարիմ ու արդեն ծանր հիվանդ երկրպագուին թոշակով՝ վաճառելով իր մի քանի կտավները։ Մահամերձ Կաբաների ննջասենյակի պատին Սեզանի «Լողորդների հանգիստն» էր կախված։
«Ռոդենը սեղմել է ձեռքս»
Սեզանը երբեք երկրպագուների հոծ բանակ չի ունեցել։ Նա գովասանքներին ու հիացմունքին չէր վստահում. կարող էր ծաղրել, ծիծաղել, այնուհետև արտասվել, անկեղծորեն շնորհակալություն հայտնել իր արվեստի բարձր գնահատականի համար, և նույն պահին մեղադրել շողոքորթության մեջ։
Երբ քննադատ Գյուստավ Ժոֆրուան 1894-ին Սեզանի մասին մեծածավալ դրական հոդված հրապարակեց, Կլոդ Մոնեն որոշեց ծանոթացնել նրան նկարչի հետ։ Իմանալով Սեզանի բնավորությունը, Մոնեն նախապատրաստական մեծ գործունեություն էր ծավալել։ «Որքա՜ն եմ ես ցավում, որ այս մարդն իր կյանքում շատ քիչ աջակցություն է տեսել։ Նա իսկական նկարիչ է, որը, սակայն, բոլորովին վստահ չէ իր ուժերի մեջ։ Նրան քաջալերել է պետք. Ձեր հոդվածը Սեզանի համար անգնահատելի օգնություն էր»,- գրել էր նա քննադատին։ Միևնույն ժամանակ Մոնեն նաև Սեզանին էր գրել, նախապատրաստել գալիք ծանոթությանը։ Հանդիպմանը հրավիրված էին նաև պետական և քաղաքական գործիչ Ժորժ Կլեմանսոն, գրող և դրամատուրգ Օկտավ Միրբոն և ականավոր քանդակագործ Օգյուստ Ռոդենը։
Թե՛ հյուրերը, թե՛ տանտերը մինչև վերջին պահը համոզված էին, որ Սեզանը չի գալու։ Սակայն նա գալիս է, և, ի զարմանս բոլորի, ուրախ է ու անկեղծ։ «Մսյե Ռոդենը բոլորովին էլ ամբարտավան չէ։ Նա սեղմեց իմ ձեռքը։ Մարդն այդքան պարգևներ ունի, այդքան հռչակավոր է, սակայն սեղմեց ձեռքս»,- արցունքն աչքերին անվերջ կրկնում էր Սեզանը հյուրերի ներկայությամբ։ Ընթրիքից հետո, երբ բոլորը ճանապարհում էին Սեզանին, նա հանկարծ ծնկի է իջնում փողոցում ու նորից շնորհակալություն հայտնում Ռոդենին ձեռքսեղմումի համար։
Բալենու վրայի խնձորները
Եթե Սեզանը չէր հավանում նկարը, նա այն պատուհանից դուրս էր նետում։ Նրա այգեպան Օգյուստ Բլանը հիշում էր, որ այգու ձիթենիներից Սեզանի անավարտ նատյուրմորտներն էին կախված։ Երբեմն Սեզանը հիշում էր, որ դրանց մեջ քիչ թե շատ պիտանիները կային։ Մի քանի ամիս ծառից կախված էսքիզներն այնժամ հետ էին բերվում արվեստանոց, և նկարիչը շարունակում էր աշխատանքը։
«Տղաս, «Խնձորները» բալենու վրայից հանել է պետք։ Կարծում եմ, ես դեռ կարող եմ այն խելքի բերել»,- դիմել էր նա որդուն, երբ վերջինս արվեստի գործերի վաճառքով զբաղվող ամենանշանակալի մասնագետներից մեկի՝ Ամբրուազ Վոլարի հետ Փարիզից Էքս էր եկել՝ հոր նոր կտավները ցուցադրելու։ Վոլարին, սակայն, բալենու վրայի խնձորները չշփոթեցրեցին. նա անմիջապես զգաց, որ գտել է իր նկարչին։
Մոխրագույն երկինքը
Սեզանը բացարձակապես անթույլատրելի էր համարում, եթե բնորդն, օրինակ, շարժվում էր կամ անուշադիր էր։ Նա նման դեպքերում բարկանում էր, գոռում, շպրտում վրձինն ու ընդհատում աշխատանքը։ Պրովանսի առաջին գեղեցկուհի Մարի Գասկեի դիմանկարը Սեզանն անավարտ էր թողել միայն այն պատճառով, որ սեանսի ժամանակ կինը ննջել էր։ Իսկ իր մտերիմ ընկերոջ՝ Էմիլ Զոլայի կնոջ դիմանկարը նա պարզապես հրաժարվել էր ավարտել, քանի որ Ալեքսանդրինա Զոլան համարձակվել էր արձագանքել հյուրերից մեկի կատակին։
«Արագ վազիր Վոլարի հետևից, երկինքը բաց մոխրագույն է դառնում»,- ասում էր Սեզանը որդուն։ «Իսկ դու շատ չե՞ս չարչարում Վոլարին»,- հարցնում էր որդին։ «Դա ի՞նչ նշանակություն ունի։ Կարևորը՝ երկինքը մոխրագույն է»։ Եվ Վոլարը գալիս էր, ու անշարժ մի քանի ժամ նստում, մինչ Սեզանն աշխատում էր նրա դիմանկարի վրա։