ՀԳՊԱ-ն փաստում է, որ հաջող դասավանդմանը մեծապես նպաստում են ոլորտում տեղի ունեցող հետազոտությունները, որոնք խթանում են նաև բուհի դասավանդման բարելավումն ու կրթական ծրագրերի արդյունավետ իրականացումը։
ՀԳՊԱ-ն խրախուսում է հետազոտության զարգացումը, քանի որ վերջինս`
- նպաստում է բուհի հեղինակության մեծացմանը` ուղղակիորեն ազդելով բուհի գործունեության բարելավմանն ու եզակի ավանդ ունենալով արվեստաբանության, կերպարվեստի, դիզայնի և կիրառական արվեստի ոլորտներում հետազոտության առաջընթացին,
- նորարարական մոտեցումներով և գաղափարներով սերնդին հնարավորություն է ընձեռում կարևոր ներդրում ունենալ ազգային մտքի, մշակույթի, տնտեսության, տեխնոլոգիայի և արդյունաբերության զարգացման մեջ` մատուցելով հասարակությանը արժեքավոր ծառայություն,
- ստեղծում է միջավայր ու հավասար պայմաններ, որոնք գրավիչ են երիտասարդ հետազոտողների համար, նպաստում են որակյալ մասնագետների ու ղեկավարների ներգրավմանը հետազոտական գործունեության մեջ,
- ապահովում է հավելյալ նյութական և ֆինանսական միջոցների ձեռքբերում` զարգացնելով հետազոտական պոտենցիալը, որոնք անհրաժեշտ են ռազմավարական նպատակների կայուն զարգացման համար,
- ապահովում է համագործակցության նոր հնարավորություններ` ստեղծելով հետազոտողների ու պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում անհրաժեշտ պայմաններ փորձի փոխանակման և կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման համար։
ՀԳՊԱ-ն արվեստաբանության, կերպարվեստի, կիրառական արվեստի ու դիզայնի ոլորտներում հետազոտությունը սահմանում է որպես ստեղծագործական ուսումնասիրություն, որը հանգեցնում է նոր գաղափարների և հասկացությունների առաջացմանը: Այն կարելի է նկարագրել որպես իրավիճակի կամ խնդրի համակարգային հետաքննություն, որի նպատակն է բացահայտել նոր փաստեր իրավիճակը բացատրելու կամ խնդիրը լուծելու համար: Հետազոտական գործունեությունը ենթադրում է քննադատական մտածելակերպ, դիրքորոշման հստակ արտահայտում, խստապահանջություն և ինքնատիպություն: Ավելին, արդյունավետ հետազոտության անբաժան մաս են կազմում առաջացած նոր գաղափարները, հասկացությունները, ինչպես նաև սեփական դիրքորոշումների տարածումը համապատասխան ազգային և միջազգային մակարդակներում:
ՀԳՊԱ-ում հետազոտությունն ընդգրկում է նաև գիտելիքի փոխանակում, դասավանդման հետ կապի ամրապնդում և համագործակցություն պետական և մասնավոր սեկտորի գործընկերների հետ՝ տրամադրելով մասնագիտական գիտելիքներ, հմտություններ և փորձառություն: Վերջինս կնպաստի արվեստի ոլորտում նորարարությունների ստեղծմանը, ինչպես նաև մտավոր սեփականության ձևավորմանը:
Այսպիսով, ՀԳՊԱ-ն հավաստում է, որ հետազոտական գործունեությունը ներառում է պրակտիկ գործընթացների ամբողջություն, աշխատանք տարատեսակ նյութերի հետ, քննադատական մտածողություն և ստեղծագործ մտքի զարգացում:
ՀԳՊԱ-ն անվերապահորեն խրախուսում է հետազոտությունն իրականացնելիս բարեվարքության և էթիկայի բոլոր կանոնների պահպանումը, որոնք սահմանված են բուհի բարեվարքության կանոնակարգերով և իրավական այլ փաստաթղթերով:
ՀԳՊԱ-ն խստագույնս հետևում է հետազոտությունների իրականացման և ներկայացման թույլատրելի պահանջներին` հետազոտական աշխատանքներում բացառելով գրագողության ցանկացած դրսևորում։ Գրագողությունը սահմանվում է որպես՝
- գիտական աշխատություններից՝ գիրք, հոդված և այլն, մի քանի բառի փոփոխությամբ կամ որոշ և/կամ ամբողջական հատվածների բառացի մեջբերում առանց պատշաճ հղման,
- որևէ հայտնի հեղինակի ստեղծագործական աշխատանքի (օրինակ՝ նկար, գրաֆիկական աշխատանք և այլն) ամբողջական կամ մի քանի հատվածի կրկնօրինակում:
Գրագողության ցանկացած դեպք կամ դրսևորում պատժելի է և կանոնակարգվում է ՀԳՊԱ-ի ակադեմիական ազնվության քաղաքականությամբ:
ՀԳՊԱ-ն հետազոտության ռազմավարությամբ հավաստում է նաև հավասար պայմանների ու պատշաճ հետազոտական միջավայրի ստեղծումն ու պահպանումը` խրախուսելով ներառական մոտեցումների կիրառումը դասավադման ընթացքում և հետազոտություն իրականացնելիս։
Հետազոտության համատեքստը
Արվեստաբանության, կերպարվեստի, կիրառական արվեստի և դիզայնի ոլորտներում ՀԳՊԱ-ն մշակել է հետազոտության զարգացման իր մոտեցումները և պատկերացումները։ Կարևորելով ստեղծագործական մոտեցումները և գիտական նորույթը՝ բուհը առանձնացնում է հետազոտության առաջնահերթությունները և հիմնական սկզբունքները:
ՀԳՊԱ-ն սահմանել է հետազոտությունը` որպես ռազմավարական գերակա ուղղություններից, հիմնականում կենտրոնանալով նորույթի, նորարարական գաղափարների և ստեղծագործական մտքերի ստեղծման ու տարածման վրա: Հետևապես, ՀԳՊԱ-ում հետազոտությունը միտված է անվերապահորեն արձագանքելու արվեստաբանության, կերպարվեստի, դիզայնի և կիրառական արվեստի ժամանակակից պահանջներին, ինչպես նաև արագ զարգացող արդյունաբերությանը, որոնք նպաստելու են մշակութային արժեքների և տեխնոլոգիայի զարգացմանը ազգային և միջազգային մակարդակներում: Այսպիսով, ՀԳՊԱ-ն առանձնացնում է՝
- Գործնական-կիրառական հետազոտություն՝ շեշտադրելով ստեղծագործական ուղղությունները՝ կերպարվեստ, դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստ: Այստեղ հետազոտության նպատակն է նյութերի և գործիքների ճանաչողության խորացումը, մասնագիտական վարպետության հղկումը, գեղարվեստական և դիզայներական միջոցների յուրացումն ու զարգացումը, ստեղծագործական երևակայության խթանումը և այս ամենի ուսումնասիրությունը գեղարվեստական և դիզայներական գործընթացների համատեքստում:
- Գիտական-տեսական հետազոտություն, որը հիմնականում վերաբերում է արվեստի և արվեստաբանության պատմության ուսումնասիրությանը: Նպատակն է ուսումնասիրել արվեստի ստեղծագործությունները և արվեստաբանական ու հումանիտար մտքի զարգացումը պատմական գործընթացում, որը ենթադրում է գեղարվեստական փաստերի, դրանց ստեղծման բովանդակային, ոճական և ձևային օրինաչափությունների, ինչպես նաև արվեստաբանական դպրոցների, դրանց փոխառնչությունների և արվեստային գործընթացում դրանց ներդրման հետազոտությանը՝ ըստ դարաշրջանների, քաղաքակրթական-մշակութային միավորների, անհատ արվեստագետների ու արվեստաբանների: Կարևորվում է հայ արվեստի և արվեստաբանության ուսումնասիրությունը՝ դիտարկելով այն տարածաշրջանային և համաշխարհային արվեստի ու մշակույթի համատեքստում:
Հետազոտության ռազմավարությունը առանձնացնում է հետևյալ խնդիրները՝
- ամրապնդել ՀԳՊԱ-ի դերը՝ նպաստելով արվեստի պատմության և տեսության, կերպարվեստի, դիզայնի և կիրառական արվեստի ոլորտների հետազոտության զարգացմանը՝ իրականացնելով արդյունավետ հետազոտություն, որի արդյունքները շոշափելի և տեսանելի կլինեն առնվազն ազգային մակարդակում,
- խթանել դասախոսական կազմի հետազոտական գործունեությունը՝ աջակցելով նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանը,
- ներգրավել ավելի մեծ թվով երիտասարդ հետազոտողներ՝ նպաստելով նրանց մասնագիտական ու գիտական աճին,
- նպաստել հետազոտական միջավայրի ստեղծմանն ու զարգացմանը՝ ապահովելով նպաստավոր ու հավասար պայմաններ ու ռեսուրսներ հետազոտողների ակտիվ գործունեության համար,
- ապահովել գիտական զանգվածի ձևավորումը՝ հնարավորություններ ստեղծելով միջոլորտային հետազոտությունների իրականացման համար,
- նպաստել հետազոտության համար ֆինանսական միջոցների մեծացմանը և արտաքին աղբյուրներից ֆինանսների հայթայթմանը,
- խթանել հետազոտության միջազգայնացումը և ռազմավարական նշանակության համագործակցության ամրապնդումը հետազոտության մշակույթի տարածման նպատակով:
Հետազոտության առաջնահերթությունները
ՀԳՊԱ-ն մշակել է հետազոտության առաջնահերթությունները՝ յուրաքանչյուր ոլորտի համար առանձնացնելով թեմատիկ ուղղությունները։
Արվեստաբանություն
Առաջնահերթություն է համարվում միջոլորտային հետազոտությունների խրախուսումը՝ պատմության, բանասիրության, ճարտարապետության, հնագիտության, դիզայնի, կերպարվեստի, գեղագիտության և փիլիսոփայության գիտակարգերի հետ առնչության շրջանակներում՝ հետևյալ թեմատիկ ուղղություններով.
- Վաղքրիստոնեական և միջնադարյան շրջանների հայ արվեստի ուսումնասիրությունը՝ արևելաքրիստոնեական մշակույթի, կովկասագիտության և բյուզանդագիտության համատեքստում՝ ընդհանրությունների և առանձնահատկությունների վերհանմամբ, որ թույլ կտա առավել հիմնավոր կերպով մեկնաբանել և արժևորել հայ արվեստը (մասնավորապես խրախուսվում է «Երուսաղեմյան սրբազան ավանդույթի ազդեցությունը հայ միջնադարյան արվեստի, աստվածաբանության և մշակույթի վրա» թեման)։
- Հայ արվեստաբանության պատմության ուսումնասիրություն , որ գրեթե չհետազոտված ոլորտ է և թույլ կտա հարստացնել և ամբողջացնել գիտելիքները հայ արվեստագիտական մտքի, դպրոցի, խորհրդային և միջազգային գիտական բանավեճերի բովում հայ մասնագետների տեսակետների ու դիրքորոշումների մասին:
- Հայ ժամանակակից արվեստի ուսումնասիրություն (80-ականներ, հետանկախության շրջան), որ կրկին քիչ հետազոտվող բնագավառ է և մեծ պոտենցիալ է պարունակում՝ հատկապես մասնագիտական մրցունակության ապահովման և միջազգայնացման տեսանկյունից:
- Կանանց դերն ու գործունեությունը արվեստի և մշակույթի զարգացման մեջ. Պատմություն և ներկա ժամանակ:
- Սինթետիկ արվեստների զարգացման միտումները հայ իրականության մեջ:
Կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա)
- Ավանդույթը արդիականության մեջ և արդիականը ավանդույթում. գեղանկարչական ազգային ավանդույթի և արվեստի ժամանակակից տենդենցների հարաբերությունը՝ ինչպես հորինվածքային և կատարողական տեխնիկայի, այնպես էլ գաղափարային բովանդակության համատեքստում:
- Քաղաքային թեմատիկա. «Քաղաք և քաղաքային մշակույթ» ծրագիր։
- Գեղանկարի և քանդակի համադրման տեխնիկաներ և տեխնոլոգիաներ։
- Գրաֆիկական լուծումներ թվային արվեստում. ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը և պոտենցիալ հնարավորությունները գրաֆիկայում:
- Նորարարական կոնցեպտներ և գեղարվեստական լուծումներ՝ գրքի նկարազարդման ոլորտում:
- Նորարարական-փորձարարական և դասական տեխնոլոգիաների համադրում տպագրական գրաֆիկայում:
- Հորինվածքի տեսություն. դասականից դեպի ժամանակակից միտումներ:
Դիզայն և կիրառական արվեստ
- Համացանցային կայքերի դիզայն. Գեղարվեստական մտածողություն և թվային հնարավորություններ։
- Հաղորդակցության ժամանակակից միջոցների գեղարվեստական կոնցեպտուալացում։
- Ժամանցային -տեղեկատվական հավելված ծրագրերի գեղարվեստական ձևավորման խնդիրները։
- Հայկական նորաձևության միտումները միջազգային համատեքստում . ազգային ավանդույթի և արդիականության փոխհարաբերությունը։
- Խեցեգործությունը ներքին և արտաքին հասարակական միջավայրում։
- Խեցեգործության կիրառումը արտթերապիայում։
Հետազոտական միջավայրը
Հետազոտության արդյունավետ իրականացման առաջնային պայմաններից է հետազոտական առողջ միջավայրի ստեղծումն ու պահպանումը: ՀԳՊԱ-ն հատուկ ուշադրություն է դարձնում բուհում հետազոտություններ կատարելիս պատշաճ միջավայրի, ռեսուրսների և հավասար պայմանների ապահովմանը՝ երաշխավորելով զանազանությունը: Համապատասխան ռեսուրսների (ֆինանսական և նյութական) և անհրաժեշտ մասնագիտական կարողություններով օժտված անձնակազմի ներգրավումը գործընթացում հետազոտության մշակույթի ձևավորման և տարածման լավագույն գրավականներից է, ինչը և որդեգրել է ՀԳՊԱ-ն իր գործունեությունը ծավալելիս:
Ռեսուրսներ
Իր գործունեության վերջին տարիներին ՀԳՊԱ-ն ակնառու առաջընթաց է գրանցել հետազոտության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ: Համաձայն որդեգրած առաքելության և ռազմավարության՝ ՀԳՊԱ-ն շարունակելու է ապահովել անհրաժեշտ նյութական, ֆինանսական և մարդկային ռեսուրսների զարգացումը՝ նպաստելով հետազտությունների որակին և արդյունավետ իրականացմանը:
Նյութական ռեսուրսներ
- Աշխատանքային տարածք, գործիքներ և լաբորատորիաներ։
- Գրադարանից և այլ պահոցներից օգտվելու հնարավորություն։
- Գիտական, ստեղծագործական, թանգարանային և գրադարանային այլ հիմնարկներից օգտվելու հնարավորություն։
- Հանձնարարական նամակներ և երաշխավորագրեր։
- Տեղական և միջազգային գիտական գրախոսվող ամսագրերում հրապարակվելու հնարավորություն և աջակցություն։
- Տեղական և միջազգային գիտաժողովներին, կոնֆերանսներին մասնակցելու օժանդակություն։
Անձնակազմ
ՀԳՊԱ-ն պարտավորություն է վերցնել համալրելու անձնակազմը անհրաժեշտ որակներ ունեցող մասնագետներով, պրոֆեսորադասախոսական կազմով և ղեկավարներով, որոնք իրենց մեծ դերն ու ներդրումը կունենան երիտասարդ հետազոտողների մասնագիտական աճի, հետազոտական գործունեության զարգացման մեջ՝ ապահովելով հետազոտողների և դասախոսոների հետագա սերնդի ձևավորումը: Այս նպատակով բուհը կենտրոնացրել է մարդկային ռեսուրսներ, որոնք համակարգում, իրականացնում և վերահսկում են հետազոտության ողջ գործընթացը՝ ապահովելով զարգացում ու շարունակականություն:
ՀԳՊԱ-ն շարունակաբար նպաստելու է պրոֆեսորադասխոսական կազմի և ղեկավարների մասնագիտական աճին՝ կարողությունների զարգացման միջոցառումներ կազմակերպելու, նրանց հետազոտական հետաքրքրությունները հետազոտական թեմատիկ ուղղությունների հետ կապերի ստեղծման և գիտական առաջընթացին աջակցելու միջոցով:
ՀԳՊԱ-ն ապահովելու է անձնակազմի անհատական և գործունեության առաջընթացի մշտադիտարկման գործընթացը՝ հետագա աջակցության և բարելավման նպատակներով:
Հետազոտության գործընթացում ներգրավված մարմիններ
- Հետազոտական կենտրոն, գիտական քարտուղար, կրթական ծրագիրը իրականացնող համապատասխան ամբիոն (գործընթացի համակարգում)։
- Պրոֆեսորադասախոսական կազմ, ղեկավարներ (հետազոտողի կրթական ծրագրի իրականացում)։
- Որակի ապահովման կենտրոն (գործընթացի վերահսկում/ բարելավում)։
Ֆինանսական ռեսուրսներ
ՀԳՊԱ-ն երաշխավորում է ֆինանսական ռեսուրսների բաշխումը հետազոտության և հետազոտողի կրթական ծրագրի իրականացման և շարունակականության ապահովման համար՝ բուհի բյուջեով սահմանելով ֆինանսավորման չափը:
ՀԳՊԱ-ն պարտավորվում է նաև ստեղծել նպաստավոր պայմաններ ֆինանսական հոսքերի մեծացման և արտաքին աղբուրների հայթայթման ուղղությամբ: Այդ նպատակով ՀԳՊԱ-ն խրախուսում է բուհի, անձնակազմի և հետազոտողների ակտիվ ներգրավածությունը ազգային և միջազգային դրամաշնորհներում՝ հետազոտական նոր գաղափարների զարգացման և ֆինանսական միջոցների ձեռքբերման ու ռեսուրսների բարելավման նպատակով:
Հետազոտության մշակույթ
Դասավանդումն ու ուսումնառությունը, ինչպես նաև հետազոտությունը ՀԳՊԱ-ի գործունեության առանցքային ուղղություններից են, որոնց արդյունավետությունից է կախված բուհի հաջողությունը և հեղինակությունը:
ՀԳՊԱ-ն շարունակելու է զարգացնել ու բարելավել այն վարչական օղակների և ինստիտուցիոնալ կարողությունների գործունեությունը, որոնք ուղղակիորեն նպաստում են բուհի հետազոտության ռազմավարական նպատակների իրականացմանը:
ՀԳՊԱ-ն պատասխանատվություն է կրում ներդնել և գործարկել հետազոտության համակարգման արդյունավետ իրականացման գործընթացներ, ինչպես նաև մշտադիտարկման և բարելավման մեխանիզմներ, որոնք նպաստելու են բուհի դերի ամրապնդմանը արվեստաբության, կերպարվեստի, դիզայնի և կիրառական արվեստի հետազոտության ոլորտներում:
ՀԳՊԱ-ն ապահովելու է հետազոտության և հետազոտական կրթական ծրագրի կապը բուհի ռազմավարական նպատակներին՝ երաշխավորելով նաև հետազոտության կապը դասավանդման հետ:
ՀԳՊԱ-ն շարունակելու է որոնել և նոր համագործակցության հարթակներ ստեղծել ոլորտի առաջատար ուսումնական հաստատությունների, մասնավոր սեկտորի հետ՝ համատեղ հետազոտությունների միջոցով ապահովելով ոլորտի զարգացումը երկրում և երկրից դուրս, ինչպես նաև խթանելով արվեստի, տեխնոլոգիայի և արդյունաբերության զարգացումը:
ՀԳՊԱ-ն անվերապահորեն հետևելու է, որ հետազոտությունը շարունակի իր ուրույն տեղն ու դերը ունենալ բուհի տեսլականում, առաքելության մեջ և սահմանված արժեքներում:
Հետազոտության ռազմավարության մշտադիտարկումն ու բարելավումը
ՀԳՊԱ-ի բոլոր գործընթացների, այդ թվում նաև հետազոտության արդյունավետության բարձրացման կարևոր երաշխիքներից է բուհի որդեգրած որակի կառավարման համակարգը, որի գործարկման միջոցով էլ գնահատվում է հետազոտության կառավարման և համակարգման, հետազոտողի կրթական ծրագրի կատարողականը:
ՀԳՊԱ-ն կարևորում է որակի կառավարման համակարգի շարունակական գործարկումը բուհի հետազոտության ոլորտի համար՝ առանձնացնելով որակի ապահովման մեխանիզմներ ու գործիքներ՝ ուղղված հետազոտության նպատակների իրականացման և կատարողակի ցուցիչների մշտադիտարկմանը: Մշակված մեխանիզմների և գործիքների արդյունավետ կիրառումը կնպաստի ոլորտի կարգավորող փաստաթղթերի, գործընթացի և կրթական ծրագրի հետագա բարելավումներին:
ՀԳՊԱ-ն հատուկ ուշադրություն է նաև դարձնում հետազոտության ռազմավարության և հատկապես առաջնահերթությունների, խնդիրների ձևակերպման, կրթական ծրագրի մշակման և ուսումնառության վերջնարդյունքների սահմանման գործընթացներում արտաքին և ներքին շահակիցների արձագանքը՝ խրախուսելով նրանց անմիջական ներագրավումը: Վերջիններից ստացված առաջարկությունների ու մեկնաբանությունների վերլուծությունը նպաստելու է նշված գործընթացների բարելավմանը և հետազոտության զարգացմանը: