«Հայաստանի արվեստը» Թաֆթս համալսարանում
Հոկտեմբերի 4-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Սոմերիվիլ և Մեդֆորդ քաղաքներում գտնվող մասնավոր գիտահետազոտական Թաֆթս համալսարանի դասախոս Քրիստինա Մարանչին նույն բարձրագույն ուսումնական հաստատության շրջանավարտների հանդիպման ժամանակ ներկայացնելու է իր նոր՝ «Հայաստանի արվեստը. ներածություն» գիրքը:
Ինչպես հայտնում է «Wicked Local Somerville» հրատարակությունը, Մարանչիի գրքում Հայաստանի արվեստի ուսումնասիրությունն է` սկսած հին ժամանակներից մինչև նորագույն շրջանի վաղ ժամանակահատվածը: Այն ներառում է ամեն բնագավառ` սկսած ճարտարապետությունից և քարե քանդակագործությունից, մետաղից, փայտից և կտորից պատրաստված իրերից մինչև ձեռագրեր ու կավագործություն, որի շնորհիվ հայկական արվեստը դիտարկվում է լայն պատմական, հնէաբանական և մշակութային համատեքստում:
Գիրքը բացառիկ է, քանի որ ընթերցողին է ներկայացնում 3000 տարվա հայկական արվեստը, հնագիտությունը, ճարտարապետությունը և դրա կառուցվածքը: Հեղինակը հայկական արվեստի պրոֆեսոր է, այժմ նա Թաֆթս համալսարանի արվեստի և արվեստի պատմության ամբիոնների վարիչն է, ինչպես նաև Ամերիկայի հայկական թանգարանի և Հայագիտության հետազոտությունների ազգային ասոցիացիայի խորհրդականը: