Համագործակցության մի էջ հունգարական Էսթերհազի Կարոլի համալսարանի հետ
Իսթվան Էրոսը հունգարական Էգեր քաղաքի Էսթերհազի Կարոլի համալսարանի Վիզուալ արվեստի ինստիտուտի պրոֆեսոր է: Նրա այցը Հայաստան իրականացվել է Էգերի համալսարանի և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի միջև անցած տարի կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում:
Այս տարվա ապրիլին հունգարական այս համալսարանում մեկ շաբաթյա դասախոսական ծրագրով հանդես եկավ ՀԳՊԱ-ի դասախոս Արթուր Հովհաննիսյանը: Մեր զրույցում ակադեմիայի արտասահմանյան կապերի բաժնի աշխատակցուհի Նաիրա Ստեփանյանը տեղեկացրեց, որ մտադրություն կա ընդլայնելու համագործակցության ծավալները՝ ուսանողներին ևս ընդգրկելու առումով, չնայած անցած տարի արվել է այսպիսի առաջարկ, սակայն ֆինանսների սղության պատճառով ընդգրկվել են միայն դասախոսները: Ուսանողականն ավելի ծախսատար է, քանի որ ժամանակահատվածը՝ մոտ կիսամյա ուսումնառության, ավելի երկար է, իսկ դասախոսներին հատկացված ժամանակը ընդամենը մեկ շաբաթ է: Ֆինանսական աջակցությունը իրականացվում է Էրազմուս+ ծրագրի կողմից, որը դրամաշնորհներ է տրամադրում փոխանակման ծրագրի՝ թե՛ դասախոսներին, թե՛ուսանողներին: Նա հավելեց, որ հետագա տարիների համար կան նախադրյալներ ուսանողների փոխանակման ծրագիրն իրականացնելու:
Պրոֆեսոր Իսթվան Էրոսը քանդակագործության դասախոս է, որի արվեստը ավելի ինստալյացիոն ուղղվածություն ունի՝ ոչ ավանդական մոտեցմամբ։ Առանձնահատկությունն այն է, որ այն իրականացվում է բաց տարածքում և տվյալ տեղանքին բնորոշ՝ այսպես ասած, ձեռքի տակ եղած նյութերով: Այս թեմայով էր նրա դասախոսությունը ՀԳՊԱ-ի դահլիճում, հոկտեմբերի 2-ին: Նա ներկայացրեց Էգեր քաղաքի համալսարանը, ֆակուլտետը, որտեղ դասավանդում է, գրաֆիկ դիզայնի, գեղանկարի, տպագրության, լիտոգրաֆիայի, ֆիլմարտադրության (նաև «Օսկար» մրցանակի նոմինացված ֆիլմ են ունեցել) բաժինները: Ներկայացնելով ուսուցման փուլերը, ասաց, որ բակալավրի եռամյա ուսուցման առաջին տարվա համար կիրառվում է ավանդական մոտեցում՝ քանդակ, գծանկար, մոդելավորում, երկրորդում՝ օգտագործվում են տարատեսակ նյութեր, հաջորդում իրականացվում են գաղափարներ: Քանդակներն արվում են ինչպես ավանդական, դասական մոտեցմամբ, այնպես էլ ոչ ավանդական ձևերով՝ համադրելով տարբեր նյութեր՝ բույսերի, ծաղիկների սերմեր, հող, թուղթ, կաշի: «Չորս եղանակներ» ծրագիրն իրականացվում է տարվա յուրաքանչյուր եղանակին համապատասխան նյութերով: Գործող քարանձավային համակարգը օգտագործվում է որպես ուսանողների պրակտիկ աշխատանքներ կատարելու տարածք՝ թե՛ դրա ներսում, թե՛ դրսում:
Լուսապատկերների միջոցով ներկայացվեցին Հունգարիայում և երկրի սահմաններից դուրս ուսանողական ցուցահանդեսներն ու միջազգային սիմպոզիումները: Հանգամանալի անդրադարձ կատարվեց արվեստի այն տեսակին, որ կոչվում է բնական կամ բնության արվեստ՝ սեփական ստեղծագործությունների օրինակի վրա, որոնք հիմնականում արվել են Կորեայում, Ինդոնեզիայում, Ճապոնիայում, Հնդկաստանում, նաև Մեքսիկայում, Իրանում, Հարավային Աֆրիկայում: Աշխատանքները կատարելիս հաշվի է առնվում տվյալ երկրի, տարածքի առանձնահատկությունները, նյութը վերցրվում է հենց տեղից, և բնականաբար երկրից երկիր նյութի որակը փախվում է: Օգտագործվում է բացառապես բնական հումք՝ փայտ, քար, աթար, բորբոս և նման այլ բաներ, իրագործվում բաց տարածքներում: Քարից սարքված երաժշտական գործիքն օրինակ, աշխատում է քամու միջոցով, մեկ այլ տեղ աշխատանքի համար օգտագործվել է 30 000 փայտե չոփ, մի շարք գործերում կիրառվել է բորբոսի հավելման հնարքը՝ տարատեսակ ձևավորումներով: Կան նաև տարածական, ծավալային ինստալյացիաներ: Նա պատմեց, որ ամեն տարի հնարավորություն է ընձեռվում աշխատելու Կորեայում. դա միակ երկիրն է, որ երկու տարին մեկ անց է կացնում բնության արվեստի բիենալեներ, ինչն օժանդակություն է այս ոլորտի արվեստագետներին:
Իսթվան Էրոսն արդեն տասը տարի է զբաղվում է արվեստի այս տեսակով, և այս ընթացքի իր փորձարկումներն ամփոփել է «Բնական արվեստ» խորագրով գիրք-ալբոմի մեջ: Դասախոսության ավարտին հնչեցին հարցեր. հետաքրքրական էր, թե բնական հումքի, մասնավորապես փայտի օգտագործումը չի՞ արժանանում արդյոք բնապահպանների քննադատությանը: Նա ասաց, որ օգտագործվող փայտը վերամշակված է, այսինքն չոր փայտ է: Ինչ վերաբերում է աշխատանքների հետագա ճակատագրին՝ հետաքրքրական մեկնաբանություն արվեց: Նախապես հատուկ է մտադրված եղել դրանց ժամանակավոր բնույթը, ինչը հասկանալի է՝ պայմանավորված օգտագործվող նյութի վաղանցիկությամբ։ Դրանք ապագային միտված գործեր չեն և կրում են անցողիկ բնույթ՝ արտացոլելով մարդկային կյանքի տարբեր ասպեկտներ, իրար հաջորդող տարվա եղանակների տարբերությունները։ Եվ, առհասարակ, փոփոխականության, անցողիկության գաղափարի մի յուրատեսակ արձագանքներ են դրանք:
Ավարտին՝ ՀԳՊԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյանը գնահատեց ակադեմիայի հետ համագործակցող բուհի գործունեությանը, ուսումնառության էտապներին, մեթոդներին արվեստի նոր տեսակին ծանոթացնելու հունգարացի հյուրի դասախոսության ուսանելիությունն ու օգտակարությունը. «Նրանք եվրոպական խորացված ընթացքների մեջ են, որի ճանապարհին ենք նաև մենք: Մեզ ևս տրված է այդ անկախությունը, չկա որևէ արգելք նման էքսպերիմենտներ անելու, որոնք կարձանագրվեն և կմնան մեր պատմության մեջ: Իսկ հետագայում եթե ակադեմիան համանման ծրագրի առաջարկով հանդես գա և իրականացնի, կհրավիրենք մասնակցելու նաև մեր բարեկամին»:
Մելանյա Բադալյան