Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման և պետական կրթաթոշակի տրամադրման կարգի (ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ) համար հիմք են հանդիսանում «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքները և ՀՀ կառավարության 2006-ի հուլիսի 27-ի №1183 – Ն որոշման «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը» հավելվածը։
Կարգով սահմանվում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի պետության կողմից լրիվ (ռոտացիա), բուհի կողմից մասնակի փոխհատուցման (վարձավճարի զեղչման) ընթացակարգը ու պայմանները և պետական կրթաթոշակի տրամադրման կարգը:
Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցումը
Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող և առարկայական պարտքեր չունեցող ուսանողներին (մրցութային կարգով), պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին կամ օրենքով նախատեսված հետևյալ սոցիալական խմբերին`
- առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին և նրանց թվին պատկանող անձանց` համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
- 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց` համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
- ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակներին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի։
Առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին և նրանց թվին պատկանող անձանց, զոհված զինծառայողի երեխա-ուսանողներին ուսանողական նպաստներ տրամադրվում են 1-ին կուրսից մինչև ծրագրի ավարտը, իսկ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներին ուսանողական նպաստները համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տրվում են 1-ին կուրսի սկզբում և վերանայվում յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում:
Կառավարությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի տվյալ տարվա պետական բյուջեով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ բուհերի և մասնագիտությունների, բաշխում է պետության կողմից տրվող ուսանողական նպաստների քանակը, որը տեղափոխվում է կուրսից կուրս: Առաջին կուրսում ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրվում է ՀՀ պետական բուհերի ընդունելության կանոններով սահմանված կարգով բուհ ընդունված ուսանողներին: Հաջորդ կուրսերում ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրվում է մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` մրցութային հիմունքներով: Ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքում միևնույն պայմանների դեպքում հավասար միավորներ ունեցող երկու և ավելի ուսանողների պարագայում` երկրորդ կուրսում առավելությունը տրվում է առաջին կուրսի վերջին կիսամյակի քննաշրջանի արդյունքում առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, հաջորդ կուրսերում՝ նախորդ ուսումնական տարվա, իսկ վերջինիս հավասարության դեպքում՝ դրան նախորդող ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին:
Ուսանողների ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքների հաշվարկումը (ռոտացիան) իրականացվում է ՀԳՊԱ ուսումնական գործընթացի հաշվառման բաժնի կողմից մինչև սեպտեմբերի 5-ը։ Ուսումնական գործընթացի հաշվառման բաժնի կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցման իրավունք ունեցող ուսանողների ամփոփված ցուցակները ներկայացվում են փոխատեղման հանձնաժողովին։ Փոխատեղումն իրականացնելու նպատակով ՀԳՊԱ ռեկտորի հրամանով ստեղծվում է հանձնաժողով ռեկտորի կամ պրոռեկտորի նախագահությամբ: Հանձնաժողովում ներգրավվում են գլխավոր հաշվապահը, իրավաբանը, ֆակուլտետների դեկանները, արհեստակցական միության նախագահը, ուսանողական խորհրդի նախագահը, ուսումնական վարչության պետը և ուսանողների հաշվառման բաժնի զեղչերի դիմումների ընդունման պատասխանատուն, ինչպես նաև այլ աշխատակիցներ՝ ռեկտորի որոշմամբ:
Ուսման վարձի լրիվ փոխհատուցման իրավունք ունեցող ուսանողների ցուցակները քննարկվում են փոխատեղման հանձնաժողովի կողմից, կազմվում է նիստի արձանագրություն, որը պարտադիր ստորագրվում է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից և հրապարակվում է հաջորդ օրը։ Ուսանողը իրավունք ունի բողոքարկելու փոխատեղման արդյունքները։ Բողոքարկման արդյունքները ամփոփելուց հետո ուսման վարձի լրիվ փոխհատուցման իրավունք ունեցող ուսանողների ցուցակները ներկայացվում են ռեկտորի հրամանագրման և հրապարակվում են։
Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցումը
Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է յուրաքանչյուր տարի ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` ՀՀ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող հետևյալ խմբերին`
- մինչև 5 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 50 տոկոսի չափով,
- 5-10 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 60 տոկոսի չափով,
- 10-15 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 70 տոկոսի չափով,
- 15-20 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 80 տոկոսի չափով,
- 20-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 100 տոկոսի չափով:
Ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը յուրաքանչյուր տարի սահմանում է ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը: Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում ստանալու համար ուսանողն իր ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնից վերցրած տեղեկանքը յուրաքանչյուր տարի բուհին է ներկայացնում մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 10-ը: Բարձրագույն ուսումնական հաստատություններ սահմանված կարգով 1-ին կուրս ընդունված և ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին՝ ընդունելության մրցութային քննությունների արդյունքում համապատասխան միավորի շեմը հաղթահարելու դեպքում ուսանողական նպաստները տրվում են ըստ սահմանված չափերի և ընթացակարգի:
Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է ՀՀ կառավարության 2014-ի դեկտեմբերի 18-ի №1444-Ն որոշման №1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում, ինչպես նաև Տավուշի մարզի Բերդի համայնքում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվող ու տվյալ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունն ավարտած ուսանողների հետևյալ խմբերին՝
- մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով գերազանց առաջադիմություն ունեցողներին` ուսման վճարի 60 տոկոսի չափով,
- անկախ առաջադիմությունից՝ ուսման վճարի 30 տոկոսի չափով:
ՀԳՊԱ ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցման փաստաթղթերի ընդունումը
Բակալավրի և մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների վարձավճարի զեղչման դիմումներն ընդունվում են ուսումնառության երկրորդ կիսամյակի սկզբին նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում։ Մյուս կուրսերի ուսանողների վարձավճարի զեղչման դիմումներն ընդունվում են տվյալ ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքների սկզբին նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում: Վարձավճարի զեղչման դիմումների և կից փաստաթղթերի ընդունումը կատարվում է ՀԳՊԱ-ի ուսանողների հաշվառման բաժնում:
Ակադեմիան վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին` ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, իր միջոցների հաշվին` հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում հետևյալ կարգավիճակ ունեցող ուսանողներին՝
- սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` առնվազն 30 տոկոս,
- 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչև 23 տարին լրանալը` առնվազն 50 տոկոս,
- 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին` առնվազն 50 տոկոս,
- մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին` առնվազն 50 տոկոս,
- երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին` առնվազն 30 տոկոս,
- 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողներին` առնվազն 30 տոկոս,
- մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին` առնվազն 30 տոկոս,
- Քառօրյա պատերազմի մասնակիցներին՝ առնվազն 50 տոկոս,
- սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` առնվազն 20 տոկոս,
- ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում առնվազն 50 տոկոսի չափով տրամադրվում է ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված երկու կիսամյակ անընդմեջ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, որոնք ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման համար անցկացված փոխատեղման մրցույթի արդյունքում զրկվել են նպաստի իրավունքից մինչև 0,1 միավոր տարբերությամբ,
- սիրիահայ ուսանողներին՝ մինչև 50 տոկոս,
- այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին, որը կարող է սահմանել ՀԳՊԱ-ն:
Սահմանված մի քանի արտոնություններին հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից, որի դեպքում կիրառվում է մասնակի փոխհատուցման առավելագույն չափը: Ըստ կարգավիճակի դիմումին կից ներկայացվող հիմնական փաստաթղթերն են՝
- դիմում ռեկտորի անունով,
- առաջադիմության թերթիկ,
- ծննդյան վկայականի պատճենը,
- առողջության վերաբերյալ բժշկական, փորձագիտական հանձնաժողովի տեղեկանքների պատճենը,
- հաշմանդամությունը հաստատող վկայականի պատճենը,
- պաշտպանության նախարարության կողմից տրված տեղեկանք կամ դրա պատճենը,
- որդեգրման վկայականի պատճենը,
- խնամակալությունը հաստատող փաստաթղթերի պատճենը,
- ամուսնալուծության վկայականի պատճենը,
- միայնակ մոր վկայականի պատճենը,
- ծնող(ներ)ի մահվան վկայականի պատճեն(ներ)ը,
- դատարանի վճռի պատճենը:
Վերոնշյալ բոլոր փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացվեն բնօրինակների հետ, վերջիններս ուսումնասիրելուց հետո տեղում վերադարձնելու պայմանով:
ՀԳՊԱ ուսանողներին պետական կրթաթոշակի տրամադրումը
Պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է: Ուսանողներին պետական կրթաթոշակ է տրվում գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար (արվեստի բնագավառի բուհերում` նաև մասնագիտական մրցույթ-ստուգատեսների հաղթողներին), ինչպես նաև նպատակային ուսուցմամբ ուսանողներին, այդ թվում՝ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին։ Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներն են`
- մասնակցությունը ֆակուլտետի և բուհի ուսանողական, հասարակական աշխատանքներին,
- զեկուցումներ, ռեֆերատներ, հրատարակած աշխատանքներ (գիտական ամսագրերում և զանգվածային լրատվության միջոցներում),
- մասնակցությունը միջբուհական, քաղաքային, հանրապետական և միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին,
- այլ հասարակական և ստեղծագործական նախաձեռնություններ` բուհի հայեցողությամբ:
Պետական կրթաթոշակների թիվը և չափը յուրաքանչյուր տարի հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ տվյալ տարվա պետական բյուջեով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում։ Ուսանողին պետական կրթաթոշակի տրամադրումը վերանայվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին: Նախատեսված պայմանները չապահովելու դեպքում ուսանողը զրկվում է պետական կրթաթոշակից: Պահանջները բավարարելու դեպքում՝ պետական կրթաթոշակից զրկված ուսանողը կարող է ընդգրկվել ուսումնական նպաստառուների համակարգում:
Ազատված պետական կրթաթոշակները մրցութային կարգով հատկացվում են այլ ուսանողների: Ուսումնառությունն ընդհատած (ժամկետային զինծառայության զորակոչվելու, առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդում գտնվելու, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի դեպքերում) ուսանողը վերականգնվելիս պահպանում է նախկինում ունեցած կրթաթոշակ ստանալու իրավունքը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված կրթաթոշակ ստացողների ընդհանուր թվաքանակի շրջանակներում):
Պետական կրթաթոշակների ձևակերպման գործընթացն իրականացնում է բուհը: Բարձրագույն ուսումնական հաստատությունը կարող է սեփական միջոցների հաշվին սահմանել անվանական կրթաթոշակներ։ ՀԳՊԱ-ում սահմանվում է պետական կրթաթոշակի տրամադրման հետևյալ առաջնահերթությունը.
ա) արտոնությամբ սովորող ուսանողներ՝
- 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամ և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող ուսանողներին՝ համաձայն 1993-ի ապրիլի 14-ին ընդունված ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքի,
- առանց ծնողական խնամքի մնացած և նրանց թվին պատկանող ուսանողներին՝ համաձայն 2002-ի սեպտեմբերի 24-ին ընդունված «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի,
- ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակներին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
- նպատակային ուսուցմամբ ուսանողներին, այդ թվում՝ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին, ինչպես նաև միջպետական պայմանագրով բուհ ընդունված օտարերկրյա ուսանողներ:
բ) գերազանց և լավ առաջադիմություն, հասարակական ակտիվություն, պատշաճ վարքագիծ դրսևորած ուսանողներին՝ մրցութային հիմունքներով ՀՀ Պետական բյուջեով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում։
Կոնտակտներ՝
Կերպարվեստի ֆակուլտետ
Դեկան՝ պրոֆ. Էդիկ Վարդանյան
Հեռ. (+37410) 58 07 86
Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետ
Դեկան՝ պրոֆ. Ա. Ավետիսյան
Հեռ. (+37410) 54 36 71
Ֆինանսատնտեսական բաժին
Հաշվապահ՝ Գոհար Բարսեղյան
Հեռ. (+37410) 56 21 34
Ուսումնամեթոդական մշակումների և ուսումնական գործընթացի հաշվառման բաժին
Վարիչ՝ Եկատերինա Կաշինա
Հեռ. (+37410) 54 27 06