Թուրինում ներկայացնում են XX դարի իտալական արվեստը
«100% Իտալիա. 100 տարվա գլուգործոցները» նախագիծը բացառիկ է իր ժամանակային ընդգրկմամբ՝ 1915-ից, երբ Իտալիան Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից էր, իսկ ֆուտուրիստները կոչ էին անում այրել գրադարաններն ու թանգարանները, մինչև մեր օրերը։ 630 նմուշ պարունակող ցուցահանդեսն անցնում է Թուրինի և մերձակա Բիելլա և Վերչելլի քաղաքների յոթ հարթակներում։
Այն նպատակ է հետապնդում վերագնահատել արվեստագետների կողմից անտեսվող XX դարի իտալական արվեստը և ներկայացնել նրա անգնահատելի ներդրումը համաշխարհային արվեստի պատմության մեջ։ «Չի եղել մի տարի կամ տասնամյակ, որ իտալական արվեստում նոր տաղանդ չհայտնվի։ Եվրոպական և ոչ մի ազգ հարյուր տարվա ընթացքում այսքան գլուխգործոց, մանիֆեստ, ուղղություն չի ստեղծել»,- ասում են նախագծի հեղինակները։ Ֆուտուրիզմը, մետաֆիզիկան, 1960-ականների «աղքատ արվեստը», 1980-ականների տրանսավանգարդը վաղուց իրենց տեղն են գրավել XX դարի արվեստի պատմության մեջ, իսկ Ումբերտո Բոչչոնին, Ջորջո դե Կիրիկոն, Ջորջո Մորանդին, Ալբերտո Բուրրին, Լուչո Ֆոնտանան, Պիերո Մանձոնին, Մաուրիցիո Կատտելանան քաջ հայտնի են արվեստի գիտակներին։
Ցուցահանդեսի գործերը մեծամասամբ մասնավոր հավաքածուներից են․ դրանք լայն հասարակության ուշադրությանն են ներկայացվում առաջին անգամ։ Էքսպոզիցիան կառուցված է ըստ ժամանակագրության և ուղղությունների և ընդգրկում է ինֆորմելի, նեոդադաիզմի, պոպ-արտի, օպ-արտի, կոնցեպտուալիզմի իտալական տարբերակները։