Թանգարանները մրցակցում են դա Վինչիի կտավների համար
Եվրոպական թանգարանները մրցակցում են միմյաց հետ Լեոնարդո դա Վինչիի գործերի համար. 2019-ին լրանում է նկարչի մահվան 500-ամյակը, և այդ կապակցությամբ ցուցահանդեսներ են բացվելու Փարիզում, Լոնդոնում, Ֆլորենցիայում, Կրակովում և շատ այլ քաղաքներում։ Լեոնարդո դա Վինչին մահացել է 67 տարեկանում, 1519-ի մայիսի 2-ին, Ամբուազ թագավորական ամրոցի մերձակայքում գտնվող իր սեփական տանը։ Նա Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ I-ի պալատական նկարիչն էր, այդ իսկ պատճառով հուղարկավորվել է վերջինիս ամրոցում։
Նիդերլանդական Հարլեմ քաղաքի Թեյլորի թանգարանը բացել է առաջին ցուցահանդեսը դեռ 2018-ի հոկտեմբերի 5-ին՝ այսպիսով շրջանցելով մրցակիցներին, և դյուրին պայմաններով վարձակալել Լեոնարդոյի ավելի քան 30 ստեղծագործություն։ Իր սեփական հավաքածուում չունենալով նկարչի որևէ գործ՝ Թեյլորի թանգարանը փոխառություններ է ստացել Մեծ Բրիտանիայի թագավորական հավաքածուից, ինչպես նաև Վիեննայից, Փարիզից և Բուդապեշտից։
Հաջորդը Ֆլորենցիայի Ուֆֆիցի պատկերասրահն է, որի ցուցահանդեսը հիմնված է Բիլ Գեյթսից վարձակալած «Լեսթերյան օրենսգրքի» վրա։ Լեոնարդոյի այս ձեռագիր մատյանը երկու հարյուր տարուց ավելի պատկանել է բրիտանական կոմս Լեսթերների ընտանիքին, ինչի հետևանքով էլ ստացել է իր անվանումը։ Բիլ Գեյթսն այն գնել է 1994-ին՝ վճարելով 34 մլն դոլար։
«Ջուրն ինչպես բնության մանրադիտակ» խորագրով այս ցուցահանդեսը ոչ միայն ներկայացնում է Լեոնարդոյի մատյանի ձեռագիր էջերը, այլև դրանց թվայնացված տարբերակները։ Ինտերակտիվ սենսորային վեց էկրանները այցելուներին հնարավորություն են տալիս մանրազնին քննել մատյանի էջերը, իսկ հարկ եղած դեպքում՝ ծանոթանալ դրանց վերծանմանը։ Ցուցահանդեսի կայքն, ի դեպ, շարունակելու է աշխատել նաև նրա ավարտից հետո, որը նախատեսված է 2019-ի հունվարի 20-ին։
Ինչ վերաբերում է փարիզյան Լուվրին՝ կազմակերպիչներն այստեղ պատրաստվում են ներկայացնել Լեոնարդոյի կտավների մեծամասնությունը։ «Մոնա Լիզայից» բացի Լուվրին են պատկանում դա Վինչիի ևս չորս կտավ (ընդհանուր առմամբ Լեոնարդոյի ժառանգությունից առ այսօր պահպանվել է 15-ը)։ Բացի այս, Լուվրը մտադիր է ցուցադրել վերջերս 450 միլիոն դոլարով գնված և Աբու Դաբիի Լուվրի ֆոնդում պահպանվող դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը։
Մեծ Բրիտանիայի թագավորական հավաքածուին է պատկանում Լեոնարդոյի ավելի քան 500 նկար։ Դրանցից առավել նշանակալիցները կցուցադրվեն Բուքինգեմյան պալատի Թագուհու պատկերասրահում և Էդինբուրգում։ «Աշխարհի փրկիչը» ևս ժամանակին պատկանել է բրիտանական թագավորական տանը, սակայն Կառլոս II-ի մահապատժից հետո թագավորի պարտքատերերը առգրավել են կտավն ու վաճառել 30 ֆունտ ստեռլինգով։
Նկարչի հայրենի Վինչիում ցուցահանդեսը կգործի 2019-ի ապրիլից մինչև հունիս, և կազմակերպված կլինի 21-ամյա Լեոնարդոյի՝ Մոնտալբանո լեռները պատկերող նկարի շուրջ։ Վերջինս Եվրոպայի առաջին բնանկարն է համարվում։ Միլանը, որտեղ նկարիչն աշխատել է 1482-1499-ին, համապարփակ ցուցահանդես էր կազմակերպել 2015-ին, որին գերազանցելը բարդ խնդիր է։ Այնուամենայնիվ, քաղաքային «Բիբլիոտեկա Ամբրոզիանան», որին են պատկանում Լեոնարդոյի «Երաժշտի դիմանկարը» (1490) և «Ատլանտյան օրենսգիրքը» (1478-1519), դրանց ներկայացմամբ էլ կմասնակցի հոբելյանական տարին նշելուն։
Անմասն չի մնա նաև Ամբուազ ամրոցը, որը հաճախորդների մեծ հոսք է ակնկալում. նրա հարևանությամբ գտնվող դա Վինչիի տուն-թանգարանը 2019-ի հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի երկուսը հատուկ ցուցահանդես է կազմակերպելու, որի կենտրոնական նմուշը «Խորհրդավոր ընթրիք» (1533) գոբելենն է լինելու։ Այն Ֆրանցիսկ I-ի սեփականությունն է եղել, իսկ այժմ գտնվում է Վատիկանում։
Կրակովի Չարտորիսկիների թանգարանը, որին է պատկանում Լեոնարդոյի «Կզաքիսով տիկինը», այժմ վերակառուցվում է, և հանրահայտ կտավը ժամանակավորապես գտնվում է տեղի Ազգային թանգարանում։ Սակայն ստեղծագործության սեփականատերերը հուսով են, որ վերակառուցումը կավարտվի 2019-ի դեկտեմբերին, և թանգարանը հավուր պատշաճի կնշի հոբելյանական տարին։