Նկարիչների միությունում տեղի ունեցավ ՀԳՊԱ-ի շրջանավարտների ցուցահանդեսը
Նկարիչների միության 2-րդ հարկի ցուցասրահը հրաշալի առիթ էր ընձեռել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի այս տարվա շրջանավարտներին՝ կազմակերպելով նրանց դիպլոմային աշխատանքների ցուցադրությունը: Զուտ տեղի առումով բոլոր աշխատանքները հնարավոր չէր եղել ընդգրկել. ներկայացվածները հիմնականում գեղանկարչական, գրաֆիկական և կերամիկական գործեր էին, որոնք գեղարվեստական մտածողության և արտահայտչականութան բազմազանությամբ, կատարողական մակարդակով հաճելի տպավորություն թողեցին այցելուների մոտ:
ՀԳՊԱ-ն ուսանողական մրցանակների տարիների ավանդույթ ունի՝ գեղանկարչության, գրաֆիկայի և քանդակագործության ասպարեզներում: Այս տարի դրանց շրջանակներն ընդլայնվեցին՝ ընդգրկելով բոլոր բաժինները: Մրցանակները տրվեցին ցուցահանդեսի բացմանը, որին ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Շնորհավորելով շրջանավարտներին՝ Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ուրախությամբ նշեց, որ ուսանողների ստեղծագործական որակները տարեցտարի նկատելիորեն բարձրանում են, և որ ինքը լինելով հանձնաժողովի անդամ՝ հպարտություն է ապրել նկատելով դա: Ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, որ միշտ անկեղծ ուրախություն է ունենում յուրաքանչյուր ուսանողի լավ ստեղծագործության, հաջողության համար և ոգևորում նրանց, ցուցադրությունը գնահատեց որպես ուսանողների և դասախոսների տարիների համատեղ աշխատանքի գոհացնող արդյունք, որը ոչ միայն բուհի, այլև մեր ժողովրդի ուրախությունն է, քանի որ այս երիտասարդ արվեստագետները իրենց տաղանդը ծառայեցնելու են մեր ժողովրդին ու նրա մշակույթին:
Նկարիչների միությունը իր հերթին անակնկալ ուներ շրջանավարտներին: Միանգամից յոթ հոգի՝ Լիլիթ Մարտիրոսյան, Արևիկ Արոյան, Վիկտորյա Շահբազյան, Մարիետա Արզումանյան, Մերի Եփրեմյան, Ռիմա Նանյան, Լինա Գագիկյան, Սուրեն Սաֆարյանի կողմից ստացան միության անդամատոմսեր: Նա շնորհակալությամբ դիմեց նախարարին, որ միշտ ժամանակ է գտնում մասնակցելու Միությունում կազմակերպվող ցուցահանդեսներին. «Սա նշան է, որ Նկարիչների միությունը պետության կողմից ուշադրության է արժանանում»: Արամ Իսաբեկյանը խեցեգործական գեղեցիկ աշխատանք նվիրելով Արայիկ Հարությունյանին և շնորհավորելով նրան՝ հայտնեց ակադեմիայի աջակցությունը, միաժամանակ պետության կողմից գեղարվեստական կրթության նկատմամբ ուշադրության ակնկալիքով:
Մինչ այդ ռեկտորը շրջանավարտներին էր հանձնել մրցանակները: Գեղանկարչության ասպարեզում 1-ին մրցանակին արժանացավ մագիստրատուրայի շրջանավարտ Ըն Վեն Յանգը: Նրա կոմպոզիցիոն ծավալուն աշխատանքը հայ աշխատավորի գեղարվեստական կերպավորում էր: Յանգին շնորհվեց «Էդուարդ Իսաբեկյանի» անվան մրցանակ` «Հանքափորները» լավագույն դիպլոմային աշխատանքի համար:
Արամ Իսաբեկյանը դրվատանքով խոսեց 1988-ի երկրաշարժի թեմայով բակալավրի շրջանավարտ Արևիկ Արոյանի մեծածավալ կտավի մասին: Նրան շնորհվեց «Էդուարդ Իսաբեկյանի» անվան առաջին մրցանակ` «Դեկտեմբեր 88» կտավի համար: Գեղանկարչության բաժնի բակալավրի շրջանավարտ Րաֆֆի Ղազարյանին շնորհվեց «Էդուարդ Իսաբեկյանի» անվան երկրորդ մրցանակ («Գիշերային քաղաք») և Թագուհի Հայրապետյանին՝ «Էդուարդ Իսաբեկյանի» անվան երրորդ մրցանակ («Ատելյե») դիպլոմային աշխատանքների համար:
Գրաֆիկայի բաժնի մագիստրոսի շրջանավարտ Վիկտորիա Շահբազյանին շնորհվեց «Հակոբ Կոջոյանի» անվան մրցանակ «Բիոնիկա» շարքի համար: Բակալավրի շրջանավարտ Լիանա Ադիկյանը արժանացավ «Հակոբ Կոջոյանի» անվան առաջին մրցանակի «Երկբևեռ աֆեկտիվ խանգարում» շարքի համար, Տաթևիկ Թադևոսյանը «Հակոբ Կոջոյանի» անվան երկրորդ մրցանակի` «Մայրություն» աշխատանքի և Աննա Գափոյանը «Հակոբ Կոջոյանի» անվան երրորդ մրցանակի` «Գյումրու դռներ» աշխատանքի համար:
Կիրառական արվեստ բաժնից դիպլոմային լավագույն աշխատանքի համար մրցանակ շնորհվեց մագիստրոսի շրջանավարտ Էլմիրա Չոփիկյանին («Ձիրավի ճակատամարտ» քանդակներով շախմատ), առաջին և երկրորդ մրցանակներ՝ Դիանա Հովհաննիսյանին և Ռուզաննա Գասպարյանին։ Համակարգչային գրաֆիկա բաժնից առաջին մրցանակին արժանացավ Ոսկեհատ Թադևոսյանը, երկրորդին՝ Սուրեն Գրիգորյանը, երրորդին՝ Ֆենյա Ավետիսյանը: Դիզայնի բաժնից լավագույն դիպլոմային աշխատանքի մրցանակը տրվեց Սաբինա Կարապետյանին, առաջին մրցանակը` Միսաք Մկրտչյանին, երկրորդը՝ Անուշ Հովսեփյանին և երրորդը՝ Գոռ Գրիգորյանին: Հագուստի մոդելավորում բաժնից լավագույն դիպլոմային աշխատանքի համար մրցանակ ստացավ Նարեկ Ջահանգիրյանը, առաջին մրցանակ՝ Անի Մարտիրոսյանը, երկրորդ՝ Անի Ոսկանյանը և երրորդ՝ Ռեգինե Բադալյանը:
Մելանյա Բադալյան