ԴԻԼԻՋԱՆՅԱՆ ԱՄԱՌԸ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ
Գեղակադեմիայի գեղանկարչության բաժնի ուսանողների ամառային պրակտիկաները` ամեն տարի Դիլիջանում անցկացվող, ուսումնական կյանքի մեկ այլ շարունակություն են։ Դիլիջանի ամառը, փարթամ, հարուստ բնությունը նկարչի համար հատկապես լավագույն տրամադրություններ կարող է ապահովել և դրանց փոփոխություններն անշուշտ, ինչն էլ արվեստագետին ստեղծագործության մղող արտաքին առաջին ազդակներն են։ Պրակտիկայի ընթացքում ստեղծված աշխատանքների գնահատումը, արժևորումը հաջորդող ցուցահանդեսներն են` «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ավանդաբար կազմակերպվող։
Արդեն տասը և ավելի տարիներ ուսանողական պրակտիկաները ղեկավարում է Մեխակ Էլբակյանը, որի իսկապես գնահատելի աշխատանքի մասին խոսեցին ռեկտոր Վարդան Ազատյանը և գեղանկարչություն ամբիոնի վարիչ Արամ Իսաբեկյանը. նա կարևորը համարեց աշխատանքի հատկապես սիրով, նվիրվածությամբ կատարելը։
Ուսանողների պրակտիկայի օրերին Դիլիջան է այցելել Վարդան Ազատյանը, հանդիպել, զրուցել նրանց հետ, ոգևորել և ոգևորվել նրանցով. «Որոշ գործեր, – ինչպես ասաց նա, – կայացած արվեստագետների գործեր են»։ Կարևոր համարեց ցուցահանդեսային կազմակերպման ընթացքում արվեստաբանների հետ համագործակցությունը։ «Հատուկ շնորհակալություն Մեխակ Էլբակյանին, որ իրենց հետ է եղել ամեն օր, հետևել է, ընկերակցել է, խորհուրդներ տվել։ Իհարկե, գեղանկարչության ամբիոնի վարիչ Արամ Իսաբեկյանի աջակցության, մասնագիտական խորհուրդների շնորհիվ ունենք ցուցահանդեսի այս արդյունքը»։
Արամ Իսաբեկյանը հիշեցրեց Դիլիջանի մասնաճյուղի ` 1999 թվականին, 25 տարի առաջ հիմնադրման նպատակների մասին, երբ մտահղացվեց ուսման պրոցեսներից բացի ուսանողական պրակտիկաներ անցկացնել հայկական բնաշխարհի լավագույն վայրերից մեկում։ «Ես մեծ պայծառություն եմ տեսնում այսօրվա ցուցահանդեսի աշխատանքներում, ամեն անգամ զգացողությունները տարբեր են լինում։ Դիլիջանի բնապատկերները, տեսարանները հետաքրքիր, լավ անկյուններից են դիտված։ Ուրախ եմ, որ այսքան շնորհալի ուսանող են սովորում մեր ակադեմիայում»։
Ամառային պրակտիկաների առավելությունների մասին խոսեց կերպարվեստի ֆակուլտետի դեկան Վահե Գասպարյանը։ «Բնությունը ձեր երկրորդ ուսուցիչը պետք է լինի», – դիմեց նա ուսանողներին` խորհուրդ տալով ուշադիր հետևել աշնանային մթնոլորտի գունային փոփոխություններին, դուրս գալ պլեների, որ հաջորդ կուրսային աշխատանքներում անդրադարձվեն գույների, ձևերի այդ փոփոխությունները, եղանակների անցման շրջաններում դրանց հարաբերությունների բազմազանությունը։
Մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող, արվեստաբան Սաթինե Գզողյանը շնորհակալությամբ խոսեց ցուցահանդեսի կազմակերպմանը իրեն տրված մասնակցության հնարավորության մասին։
Մեխակ Էլբակյանի խոսքը ընդհանուր գնահատականն էր ամառային պրակտիկայի ընթացքի, ստեղծագործական մթնոլորտի և արդյունքի. «Ուսանողների մեջ տաղանդավորները շատ են։ Ինչ խնդիր, որ դրվում էր, հիմնականում կատարվում էր` օդ, տարածություն, լույս, օրվա տարբեր ժամերի փոփոխություններ, ինչպիսին է նույն տեսարանը առավոտյան, կեսօրին, երեկոյան, ինչպես դա արել են իմպրեսիոնիստները»։
Նա նաև տեղեկացրեց, որ ամառային պրակտիկաների համար ստեղծագործական ընթացքից բացի պակաս կարևոր չէ անվտանգության ապահովումը. իր ղեկավարման բոլոր այս տարիներին որևիցե դեպք չի եղել։
Մելանյա Բադալյան