Գեղանկարչություն՝ ըստ Ստանիսլավսկու
Վոլֆգանգ Բելթրաքին վերջին տասնամյակների ամենահանդուգն կեղծարարներից է։ 2011-ին գերմանական դատարանը նրան մեղավոր է ճանաչել 14 գեղարվեստի գործեր կեղծելու և 45 միլիոն դոլարով վաճառելու մեջ։ Այս պատմությունը ցնցել էր հաշաշխարհային գեղարվեստական հասարակայնությանը։ Բելթրաքքին կեղծել է Անդրե Դերեի, Ֆերնան Լեժեի, Մաքս Պեխշտեյնի, Մաքս Էռնստի և այլոց՝ ընդհանուր առմամբ մոտ 300 կտավ։ 2014-ին Բելթրաքիի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել։ 2015-ին նա բանտից ազատ է արձակվել, և նորից ձեռնամուխ եղել նկարչությանը՝ այս անգամ սեփական անվան տակ։
Նրա նոր աշխատանքները, Մաուրո Ֆյոռեզեի լուսանկարների հետ միասին ցուցադրվել են Վենետիկի «Մարչիանա» ազգային գրադարանում՝ «Կայրոս. վճռական պահ» խորագրով ցուցահանդեսի սահմաններում։ Այժմ ցուցահանդեսը գործում է Համբուրգի «Barlach Halle K.» պատկերասրահում, իսկ 2019-ի աշնանը կտեղափոխվի Վիեննա՝ մասնակցելու Ավստրիայի Բանկի հովանավորությամբ անցկացվող Արվեստների ֆորումին։ Բելթրաքիի կտավները գնահատվում են 250-300 հազար եվրո, մինչդեռ նրա կեղծիքների մի մասը ժամանակին միլիոնավոր եվրոներով է վաճառվել։
Վոլֆգանգը վիրավորվում է, երբ լրագրողները նշում են, թե նա կեղծիքների ֆաբրիկա էր հիմնել։ «Դա այդպես չէ,- ասում է նա։- Ես յուրաքանչյուր կտավից միայն մի օրինակ էի կեղծում և երբեք չէի պատճենում։ Իմ աշխատանքները բացառիկ էին, որոշակի ենթատքեստով ու տեխնիկայով, նաև ստեղծարար ոգով հագեցած»։ Այժմ Բելթրաքին հիասթափված է համընդհանուր խաբեությունից, և միայն սեփական կտավների հեղինակմամբ է զբաղվում։ Նա գտնում է, որ դա կեղծիք ստեղծելուց անհամեմատ հեշտ է։ «Երբ ես, ասենք, 1914-ի կտավ էի կեղծում, ստիպված էի խստորեն պահպանել ժամանակային սահմանները՝ այսինքն, մոռանալ այն ամենը, ինչ արվել է գեղանկարչության մեջ 1914-ից հետո,- ասում է Բելթրաքին:- Դա շատ բարդ էր։ Ես ուսումնասիրում էի կեղծվող նկարչին այնքան մանրամասնորեն, որ գիտեի նույնիսկ, թե ինչ ուտեստներ է նա նախընտրել, նույնիսկ զգում էի դրանց համն ու հոտը։ Դա Ստանիսլավսկու համակարգին համաձայն ընկղմում էր՝ իմ մեթոդը ես հենց այդպես եմ անվանում»։
Վոլֆգանգ Բելթրաքին համոզված է, որ բացառիկ կեղծիքներ ստեղծելու համար անհրաժեշտ է ոչ միայն լավ նկարիչ լինել, այլև արվեստագետ և գիտնական։ Նրա հայրը եկեղեցական նկարիչ է եղել, և Վոլֆգանգը 12 տարեկանից օգնել է վերջինիս՝ կտավներ և ֆրեսկոներ վերականգնել։ 17 տարեկանում նա արդեն հմուտ նկարիչ էր։
«Իմ կեղծիքը բացահայտվեց միմիայն մի պատճառով. Հենրիխ Կամպենդոնկի «Ձիերով կարմիր նկարը» պատճենելիս սպիտակ ներկ օգտագործեցի, որի պիտակի վրա նշված չէր, որ այն տիտան է պարունակում։ Իրականում ես կեղծիքներ ստեղծող հանճար եմ, ես արդեն մտել եմ արվեստի պատմության մեջ,- ասում է Վոլֆգանգ Բելթրաքին։- Եվ հետո, ես իմ կեղծած կտավները երբեք անհատներին չեմ վաճառել. միայն դիլերներին և մեծ աճուրդներին։ Երբ ինձ ազատազրկեցին, ես դիմեցի բոլոր նրանց, ովքեր գնել էին իմ գործերը։ Ես պարզապես ասացի, որ կարող են վերադարձնել կտավները, դրանք կեղծիք են։ Եվ ի՞նչ եք կարծում. մինչև օրս ոչ մի կտավ չի վերադարձվել»։