Արամ Իսաբեկյան․ «Գնահատեք ձեր խոսքի արժեքը»
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ եւ Թովե Բոյաջյան» ցուցասրահում մեկ շաբաթ տևողությամբ ներկայացված «Առաջադրանք» խորագրով ցուցահանդեսն ունեցավ արդյունավետ ընթացք և ավարտին հետաքրքրական քննարկում՝ ակադեմիայի արվեստաբանության բաժնի ուսանողների մասնակցությամբ, որին ներկա էին ամբիոնի վարիչ Քնարիկ Ավետիսյանը, ռեկտոր Արամ Իսաբեկյանը, դասախոս Արթուր Հովհաննիսյանը։ Վերջին երկուսն, ի դեպ, ղեկավարել էին ներկայացված ծրագրային աշխատանքները:
Ցուցահանդեսի նորությունը այս առիթով տպագրված ալբոմն էր: Արամ Իսաբեկյանը ներկաներին վերստին հիշեցրեց ցուցահանդեսի նպատակը և առանձնահատկությունը՝ որպես առաջադրանք առևտուր և տրանսպորտ թեմաների շրջանակում, ինչը հենց սկզբից ենթադրել է ազատ գործելակերպի դրսևորում, իհարկե՝ ղեկավարների մասնագիտական խորհրդատվությամբ: Նա կարևորեց ստեղծագործողների իրական, ոչ մտացածին վերաբերմունքը առաջադրված նյութին, որոնցում հնարովի ոչինչ չկա, ցուցահանդեսի արդյունքը համարեց գոհացնող և ամբողջական՝ ընթացքով, մասնագիտական աջակցությամբ և եզրափակիչ քննարկումով: Անդրադառնալով ալբոմի հրատարակությանը՝ համարեց այն կարևոր գործոն, քանի որ հովանավորները հիշյալ ցուցահանդեսի արդյունավետությունից ելնելով, առաջարկել են երկրորդ նմանատիպ նախագիծը․ ցուցահանդեսի կազմակերպում, մրցանակներ և ալբոմի հրատարակություն՝ շինարարություն և ճարտարապետություն թեմատիկ առաջարկով: Իսաբեկյանը կարևորեց նաև արվեստաբան-ուսանողների մասնակցությունը քննարկմանը։ Ըստ նրա անհրաժեշտ է ձևավորել փոխադարձ շփումների կուլտուրա հենց ուսումնառության փուլում, միմյանց ճանաչել, միմյանց աշխատանքները գնահատել, վերաբերմունք արտահայտել, հարաբերվելու փորձ կուտակել սովորելու տարիներից, ինչի կարիքը ստեղծագործող անհատը միշտ ունեցել է և ունի:
Գաղտնիք չէ առողջ քննադատության, ճիշտ դիտարկումների ազդեցությունը հատկապես երիտասարդի ստեղծագործական հետագա ընթացքի վրա, որ երբեմն կարող է լինել նույնիսկ ճակատագրական: Միանգամայն իրավացի էր ռեկտորի գնահատականը մեզանում տարածված արվեստաբանական-քննադատական այն երևույթին, կարելի է ասել սովորույթին, երբ հաճախ անհարկի գովեստի տարափը իրականության հետ որևէ աղերս չունի, և առհասարակ չկա քննադատություն, դրա հանդեպ ձևավորված որոշակի անհանդուրժողականության պատճառով: Հետաքրքրական էր նրա այն դիտարկումը, թե դիպլոմային աշխատանքների պաշտպանության ժամանակ դրսից արվեստաբան-ընդդիմախոս հրավիրելու փոխարեն կարելի է օգտագործել ներքին ուժերը․ ակադեմիայի ուսանողների՝ տարիների փոխադարձ շփումների արդյունքում կուտակած փորձը և միմյանց ստեղծագործական ընթացքին քաջածանոթ լինելու հանգամանքը կարող է տալ այդպիսի հնարավորություն:
Քնարիկ Ավետիսյանը արվեստաբան-ուսանողների ուշադրությունը կենտրոնացրեց մասնագիտական առավել ակտիվ դրսևորումների վրա, հորդորեց հետաքրքրություն ցուցաբերել ընթացիկ արվեստի և դրա զարգացումների հանդեպ, իրազեկ լինել ոչ միայն ակադեմիայի, այլև երևանյան մյուս պատկերասրահներում ու թանգարաններում կատարվող իրադարձություններին, ունենալ սեփական կարծիք և վերաբերմունք: Անդրադառնալով ներկա ցուցահանդեսին, նա նկատեց, որ առկա է նկարչական հայացք՝ սովորական, առօրեական կյանքի մանրուքները նկատելու և ազատ, ինքնուրույն մտածողություն դրսևորելու առումներով:
Նման քննարկումները միշտ էլ հետաքրքրական են բազմակարծության և բանավեճերի առկայությամբ, ինչը խրախուսվում է այսպիսի միջոցառումներին: Իհարկե այս պարագայում երիտասարդները ավելի ակտիվ են: Դրական կարծիքներին զուգահեռ հնչեցին քննադատություններ, ինչն ավելի ակտիվացրեց քննարկումը: Կատարված աշխատանքների հիմնական առավելությունը համարվեց անկեղծությունը, թեմատիկ առումով առաջադրանքի գրեթե անթերի կատարումը, քննարկվեցին առանձին գործեր, նշվեցին առավելություններն ու թերությունները: Երրորդ կուրսի ուսանողուհի Նարե Ներսիսյանի մի քանի դիտարկում առիթ տվեց ավելի բաց և անկաշկանդ քննարկման: Հետաքրքիր էր լսել մի կարծիք, որը մերժողական տոնայնությամբ սկսվելով՝ շարունակության մեջ հակասություն դրսևորեց: Ուսանողուհին ներկայացրեց իր տպավորությունները երեք տեսանկյունից։ Ըստ նրա արվեստի ստեղծագործության վերլուծության առումով աշխատանքները հաջողված են, դրսևորված են կատարողական հմտություններ, որոշ ուսանողներ թեմային համահունչ միջավայր են ստեղծել, գունագիտական ունակություններ ցուցաբերել։ Առաջադրանքի տեսանկյունից ցուցահանդեսը հաջողված է, թեև նա այն կարծիքին էր, որ թեմատիկ ցուցահանդեսները սահմանափակում են նկարչի ազատությունը: Իսկ արվեստի տեսանկյունից, ըստ ուսանողուհու, յուրաքանչյուր ստեղծագործության առավելությունը նրա ազդեցության, զգայականության մեջ է: Այս առումով ցուցահանդեսը կմնա միայն մասնակիցների հիշողության մեջ, ինչն իհարկե սուբյեկտիվ մոտեցում է, այն պարզ պատճառով, որ դժվար է չափել կամ գնահատել դա, քանի որ խիստ անհատական է արվեստի գործի հատկապես զգայական ընկալումը:
Ողջունելով քննադատության ոգին, Արամ Իսաբեկյանը միաժամանակ հորդորեց արվեստաբաններին խոսքը չկառուցել «ինձ դուր է գալիս» կամ «ինձ դուր չի գալիս» արտահայտություններով, որովհետև
դա արվեստաբանական կատեգորիա չէ: Գնահատեք ձեր խոսքի արժեքը, հակասության մեջ չընկնելու համար»:
Թեմատիկ սահմանափակման կամ պատվերի մասին խոսելիս նա նշեց, որ միշտ էլ ընդունված է եղել այդ երևույթը: Իսկ մերօրյա պայմաններում, մասնավորապես արևմուտքում որևէ ինստալացիա, որևէ կատարում առանց թանգարանային պատվերի չի իրականանում: Որպես օրինակ բերվեցին Վենետիկի բիենալեները՝ թեմատիկ շրջանակներում:
Արվեստաբան-ուսանողները հիմնականում զերծ մնացին տեխնիկական կատարման մասին կարծիք հայտնելուց՝ համարելով, որ դա պահանջում է մասնագիտական ավելի լուրջ հասունություն: Առաջին կուրսի ուսանողուհի Եվա Մալխասյանի հարցադրումները նույնպես ակտիվ բանավեճի առիթ դարձան: Նա գտնում էր, որ թեման սամանափակումներ չի կարող առաջացնել, թեմատիկ ընդհանրությունը չի կարող խանգարել անհատական մոտեցումներին, որովհետև կան աշխարհընկալման խնդիրներ։ Իսկ պատվեր-առաջադրանքի առումով նա այն կարծիքին էր, որ եթե արվեստագետները միայն դրանով աշխատեին, ապա իմպրեսիոնիզմը չէր ձևավորվի որպես նկարչական առանձին ուղղություն, քանի որ սկզբունքով այն դուրս է պատվերի շրջանակից: Եվան խոսեց նաև պլանային ու հեռանկարային լուծումների որոշակի անհամաչափության, ներկայացված աշխատանքների նմանությունների մասին, ինչը նույնպես միանշանակ չընդունվեց: Արթուր Հովհաննիսյանի կարծիքով թեմատիկ ընդհանրությունն է այդպիսի տպավորություն ստեղծում: Իրականում տարբեր ձեռագրեր են և անհատական մոտեցումը ակնհայտ է հենց նույն թեմայով արված գործերում, լինի դա մետրոպոլիտենը, թե՛ հնամաշ, ժանգոտած, վրան ժամանակակից պաստառով տրոլեյբուսը՝ որպես ներկա սոցիալական վիճակի արտահայտություն, թե՛ երևանյան շուկան իր բնորոշ մթնոլորտով, թե՛ սրճարան-թեյարանը՝ գունային մեղմ լուծումներով:
Կատարվել է բազմակողմանի աշխատանք, մենք ուղղորդել ենք ուսանողներին գնալ շուկաներ, սրճարաններ, տրոլեյբուսի պարկ, անմիջական տպավորությամբ զգալ և վերարտադրել միջավայրը, տրամադրությունը»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Ամփոփելով քննարկումը՝ Քնարիկ Ավետիսյանը կրկին անգամ ուսանողներին հորդորեց խոսքը կառուցել առավել մասնագիտորեն, հստակ հիմնավորումներով, որևէ աշխատանքի առավելություն կամ թերություն ներկայացնել պատճառաբանված: Այս պարագայում քննադատատական որևէ դիտարկում կամ կարծիք դժգոհության կամ անբավարարության տեղիք չի կարող տալ:
Մելանյա Բադալյան