Ամենահետևողական արվեստագողը
Արվեստի գործերը անգնահատելի հարստության աղբյուր են՝ ինչպես փոխաբերական, այնպես էլ ուղղակի իմաստով։ Այս առումով բացառիկ է Սթեֆան Բրեթվայզերի պատմությունը, որին բրիտանական «The Guardian» պարբերականը «արվեստի գործերի աշխարհի ամենահետևողական գողն» է անվանել։ 1995-2001-ը Բրեթվայզերը 239 կտավ և այլ գործեր է առևանգել 172 եվրոպական թանգարաններից։ Գողոնի ընդհանուր արժեքը 1,4 միլիարդ դոլար է։
Համեստ ֆրանսիացի մատուցողն, այսպիսով, յուրօրինակ ռեժիմ է մշակել՝ առևանգելով մեկական արվեստի գործ ամեն 15 օրը մեկ։ Սա՝ հետևողականության մասին։ Իսկ զարմանալին այն է, որ գողության դրդապատճառը դրամական օգուտը չի եղել։ Սթեֆանն իրեն բնութագրում է որպես արվեստի սիրահար, որի միակ նպատակը սեփական արժանի հավաքածու ստեղծելն է եղել։ Դատական նիստի ժամանակ նա հայտարարել է. «Ես սիրում եմ արվեստը, գերապատվությունը տալիս եմ 16-րդ և 17-րդ դարերի եվրոպական արվեստին։ Գողանում էի՝ այդ հրաշալի գործերը միայն իմ տանը պահելու համար»։ Բրեթվայզերը հիանալի հիշում էր յուրաքանչյուր առևանգված գործը, և հաճախ ուղղում մեղադրող կողմին, երբ շաբաթներ տևող դատաքննության ժամանակ հավաքածուի բաղադրիչների նկարագրության ժամանակ անճշտություններ էին թույլ տրվում։
Առաջին անգամ Սթեֆանը Բոնում է կտավ գողացել։ «Դա մի հիասքանչ դիմանկար էր, ես պարզապես գերվել էի պատկերված կնոջ աչքերով,- պատմում է նա,- կարծում էի, Ռեմբրանդի կրկնօրինակում է»։ Դիմանկարը միջնադարյան մի ամրոցում կազմակերպված ցուցահանդեսի նմուշներից էր։ Հարմար պահ գտնելով՝ Սթեֆանը հանձնարարել էր իր ընկերուհուն՝ Ան-Քեթրին Կլեյնկլաուսին հսկել մուտքը, իսկ ինքը կտավը շրջանակից հանելով՝ թաքցրել էր այն բաճկոնի տակ։ Նույն մեթոդով նա տարիներ շարունակ կտավներ էր գողացել Եվրոպայի 170 թանգարաններում ու միջնադարյան ամրոցներում։ Ընտրում էր ոչ մարդաշատ ցուցահանդեսներ, ուր անվտանգության ծառայության աշխատակիցների պակաս էր զգացվում, կտրում կտավները շրջանակների միջից, թաքցնում հագուստի տակ, երբեմն նետում պատուհանից դուրս ու հեռանում։
Գողացվածներից ամենաթանկարժեքը Լուկաս Կրանախ Ավագի «Սիբիլն» էր, 5-5,6 մլն ֆունտ արժողությամբ։ Սթեֆանն իր մեթոդի համաձայն կտրել էր այն ու առևանգել 1995-ին «Սոթբիսի» աճուրդի ժամանակ։ Իր հսկա հավաքածուի և ոչ մի նմուշ Բրեթվայզերը չի փորձել վաճառել։ «Ես գերադասում էի զուտ այն գիտակցումը, թե Եվրոպայի ամենահարուստ մարդն եմ»,- ասում է նա։ Հավաքածուն պահվում էր Սթեֆանի մոր տանը, Ֆրանսիայում։ Ննջասենյակում միշտ կիսախավար էր՝ կտավների գույները արևի քայքայիչ ճառագայթներից զերծ պահելու համար։ Մայրը՝ Մարիել Շվենգելը, հավատացնում էր, որ կասկած անգամ չի ունեցել, թե արվեստի գործերն առևանգված են. նա համոզված էր, որ իր որդին դրանք ձեռք է բերել օրինական ճանապարհով։ Տեղացի հյուսնը ևս վստահ էր, թե շրջանակներ է պատրաստում օրինական հիմքերով ձեռք բերված կտավների համար։ Ավելին, նա չի հասկացել, որ իր ձեռքում Պիտեր Բրեյգելի, Անտուան Վատտոյի, Ֆրանսուա Բուշեի և այլոց գլուխգործոցներն են։
Բրեթվեյզերն ու իր ընկերուհին առաջին անգամ ձերբակալվել են 1997-ին Շվեյցարիայում, երբ մասնավոր ցուցասրահից առևանգել էին Ուիլեմ վան Աէլստի բնանկարը։ Ընդ որում նրանք ցուցասրահի սեփականատիրոջից հատուկ այցելության թույլատրություն էին ստացել։ Ամենաանպատեհ պահին միացել էր ազդանշանային համակարգը, սեփականատերը տեղեկացրել էր ոստիկանությանը, որը և հայտնաբերել էր գողերին։ Քանի որ Սթեֆանը մինչ այս երբեք չէր հայտնվել ոստիկանության ուշադրության կենտրոնում, նրան ընդամենը 8-ամսյա պայմանական ժամկետ էր նշանակվել և արգելք՝ հատել Շվեյցարիայի սահմանը։ Հնարամիտ երիտասարդը, սակայն, շարունակել էր իր այցերը մոր ազգանվան տակ, վերջ ճտալով թանգարանների կողոպուտներին։
2001-ի նոյեմբերին հաջողությունը երես թեքեց Սթեֆանից։ Շվեյցարիայի Լյուցերն քաղաքի Ռիչարդ Վագների թանգարանից նա շեփոր (1584) էր առևանգել, և անվտանգության ծառայության աշխատակիցը հասցրել էր նկատել ու հիշել գողի դեմքը, թեև հետապնդումն արդյունք չէր տվել։ Երկու օր անց, սակայն, անվախ «հերոսը» վերադարձել էր թանգարան ու հարուցել կողոպուտին տեղյակ այցելուներից մեկի կասկածը։ Վերջինս դիմել էր անվտանգության ծառայության աշխատակցին, որն էլ անմիջապես ճանաչել էր գողին ու ոստիկանության ժամանելուն պես հանձնել նրան։
Քանի որ Սթեֆանը Ֆրանսիայի քաղաքացի է, նրա մոր ֆրանսիական տան խուզարկման հարցը լուծելու համար 19 օր էր պահանջվել։ Որպես հետևանք, տանը ոչ մի արժեքավոր իր չէր գտնվել։ Համառորեն կողոպուտները հերքող Սթեֆանը, սակայն, մի քանի ամիս անց մանրամասն նկարագրել էր իր բոլոր արկածները՝ հատ առ հատ թվարկելով առևանգված գործերը։
Մինչ այդ Ան-Քեթրինը, որին հաջողվել էր թաքնվել, հաղորդել էր Սթեֆանի մորը որդու ձերբակալության մասին։ Քանի դեռ շվեյցարական ոստիկանությունը Ֆրանսիայի տարածքում խուզարկման թույլտվություն կձևակերպեր, տիկին Շվենգելը սկսում է ոչնչացնել որդու հավաքածուն։ Կտավների մի մասը նա ուղղակի դեն է նետում, մյուս մասը՝ մանր կտրատում ու աղում կենցաղային աղբի հետ։ Իսկ առևանգված անգին սափորները, ոսկե իրերն ու արձանիկները պարզապես նետում է գետը։ Խուզարկությունը ոչինչ չի հայտնաբերում, և միայն ութ ամիս անց տիկինը խոստովանում է, որ ոչնչացրել է կտավները, իսկ իրերը գետն է նետել։ Ջրասույզների օգնությամբ դրանք ի վերջո գտնվում են։
2005-ի հունվարի 7-ին Ստրասբուրգում Սթեֆանը դատապարտվեց երեք տարվա ազատազրկման, սակայն 26 ամիս անց ազատ արձակվեց։ Տիկին Շվենգելն իրեն սահմանված երեք տարուց ազատազրկման մեջ է գտնվել 18 ամիս, իսկ Սթեֆանի ընկերուհի Ան-Քեթրինը՝ սահմանված 18 ամսից ընդամենը վեցը։ Բրեթվեյզերը ազատ արձակվելուց հետո ինքնակենսագրական գիրք է հրապարակել՝ «Արվեստագողի խոստովանությունը» վերնագրով։
Այսքանով կարելի էր ավարտել պատմությունը։ Սակայն 2011-ին Սթեֆանի տանը հետախուզության ժամանակ արվեստի 30-ից ավել գործեր են գտնում, որոնք առևանգվել էին վերջին մեկ տարվա ընթացքում։ 2013-ին Բրեթվեյզերը դատապարտվում է երեք տարի ազատազրկման։ Այժմ նա ազատության մեջ է, և խորհուրդներով օգնում է թանգարանների անվտանգության ծառայություններին՝ ուժեղացնել անգին նմուշների հսկողությունը։