Ամառվա առաջին օրվա ջերմությունը
Հունիսի 1֊ը ամեն տարի մի ուրիշ տոնականություն է բերում «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահին, փոխում մթնոլորտ ու տրամադրություն, միջավայր։ Ցուցասրահի պատերին իհարկե, ինչպես սովոր են տեսնել այցելուները, նկարներ են դարձյալ, սակայն այդ գույների, պատկերների աշխարհում միանգամայն ուրիշ էմոցիաներ, ուրիշ մտքեր ու երազներ կան։
Ասում են` բոլոր երեխաների նկարները նման են իրար, սակայն դա այդպես չէ, հակառակը` դրանք շատ տարբեր են` ինչպես միմյանցից, նաև մեզանից։ Նրանց ու մեր` մեծահասակներիս աշխարհների միջև մեծ, շատ մեծ տարբերություն կա. մենք դա հասկանում ենք շատ ուշ, երբ նա` երեխան, արդեն հասուն տարիքում բացվում ու սկսում է լրջորեն պատմել մանկության տարիների իր ներքին կյանքի, ապրումների մասին։
Երևի շատերը այդ մասին լսելուց հետո մտքերի մեջ ընկեն, թե ինչպես չեն զգացել, չեն նկատել այդ ամենը։ Թերևս պատճառն այն է, որ մեծահասակները այդքան էլ լուրջ չեն ընդունում, չեն խորանում նրանց զգայական աշխարհի մեջ `դե երեխա է, շատ չի հասկանում, ֊ ասում ու անցնում ենք շատ հաճախ։
Իսկ նրանք այն են, ինչ կան, ասում են այն, ինչ մտածում, զգում են, անկեղծ են և նկարում էլ են նույն անկեղծությամբ։ Նրանք դեռ ընտելացված չեն այն աշխարհին, ուր մեծահասակները գծել են սահմաններ ու դրել օրենքներ, հաստատել նրանց դեռևս անհասկանալի կանոններ։ Երևակայությունը նրանց արթուն է, հարցերը բազում, ասես անընդհատ որոնումների մեջ են։ Երևի դրանից է, որ երեխաների նկարները մեզ միշտ զարմանք են պատճառում, որտեղ ծառը ժպտում է, տունը քայլում, արևն իջնում ու իջնում է շատ ներքև, հայտնվում իրենց կողքին…ու լույսը թվում է ավելի ուժեղ, ավելի տաք… Այդ աշխարհը մեզ թվում է անծանոթ. մենք հեռացել ենք այնտեղից, բայց ջանում ենք մերձենալ, վերհիշել, ամուր բռնելով նրանց ձեռքերը, վերստին ուզում ենք ընտելանալ, վերադառնալ, և շատ արագ այն հարազատանում է, որովհետև բնական է, անմիջական, մաքուր է, պարզ ու նույնքան բարդ։
Մի այսպիսի հետաքրքիր ու սիրուն օր էր այս տարվա Հունիսի 1֊ը «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում` Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Դեռ վաղուց, գրեթե 15 տարի առաջ ցուցասրահի աշխատակից, ավագ մասնագետ Լիանա Խաչատրյանը առաջարկեց Հունիսի 1֊ը նշել երեխաների ստեղծագործությունների ցուցահանդեսային միջոցառումով։ Ամեն տարի այդ օրը վառվռուն գույների ու ժպիտների տոն է այստեղ, որ տարիների ընթացքում վերածվեց ավանդույթի, ամեն անգամ նորովի մատուցվող` կազմակերպությամբ Լիանա Խաչատրյանի, Իրինա Իսաբեկյանի և իհարկե` աջակցությամբ ՀԳՊԱ Կադրերի հաշվառման և ընդհանուր բաժնի ղեկավար Նորա Կարապետյանի։ Այս տոնականությունը, խանդավառությունը, անկեղծ ուրախությունը կայանում է շնորհիվ ցուցասրահի աշխատակիցների սիրով ներդրած ջանքերի, և ամենամեծ բերկրանքն էլ պատճառում է նախևառաջ իրենց` երեխաներին։ Ոնց են ժպտում նրանց աչքերը, երբ ցուցասրահի պատերին տեսնում են սեփական աշխատանքները։
Դե իսկ քաղցրավենիքի հյուրասիրությունը երեխաների համար մեկ ուրիշ վայելք է։ Այն ինչ պետք է երեխաներին, այստեղ կար` ուշադրություն, ժպիտ, նվեր, ջերմություն, սեր ու դարձյալ սեր։